«ՆՈՒՅՆԻՍԿ ՏԱՐԱԾԵԼ ԷԻՆ, ԹԵ, ԻԲՐ, ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Սարգիս Գրիգորյանն է: Նա անդրադարձել է էկրանային ծրագրերին, մարդկային հարաբերություններին, իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներին: Սարգիսը խոստովանել է, որ կյանքն իրեն կոփել է եւ սովորեցրել մարդկանց սովորական վերաբերվել` սրտին մոտ թողնելով միայն ընտանիքի անդամներին: Դերասանը խոսել է կնոջ լավագույն հատկությունների` խելոք եւ կանացի լինելու մասին` հավելելով, որ տանել չի կարողանում բռի եւ անդաստիարակ կանանց: Սարգիսը նշել է, որ բոլոր ժամանակների իր լավագույն ընկերը կինն է` Մանոն:

-Սարգի՛ս, օրվա ո՞ր ժամին եք Ձեզ զգում, ինչպես ձուկը ջրում:
-Երբ արթնանում եմ, աչքերս բացում. ժամը կապ չունի:
-Երբ տրամադրություն չեք ունենում, ո՞վ կամ ի՞նչը կարող է Ձեզ սփոփել:
-Շունս կարող է լավ տրամադրություն հաղորդել: Ես երեք շուն ունեմ, ի դեպ:
-Շատ հարազատ մարդիկ երբեւէ հիասթափեցրե՞լ են Ձեզ, թե՞ ամեն մեկին մոտ չեք թողնում:
-Ոչ, որովհետեւ ես կանխավ զգում եմ` ով կարող է ինձ հիասթափեցնել, եւ պատրաստ եմ դրան: Եվ հետո` շատ հարազատ մարդիկ շատ չունեմ…Կյանքը կոփել է, ամեն ինչի պատրաստ եմ:
-Կյանքի այս էտապում ինչի՞ց եք վախենում, ինչի՞ մասին եք սարսափով մտածում:
-Ոչ մի բանից: Միայն ուզում եմ, որ առողջ լինեմ: Հիվանդություններից եմ վախենում միայն:
-Վերջին երկու տարում Ձեր մարմնավորած լավագույն կերպարը ո՞րն եք համարում:
-«Ա.Կ.Ա.» ֆիլմում Կարենի կերպարը:
-Այս տարվա մեծագույն նպատակը` կապված էկրանի հետ:
-Ամենամեծ ծրագիրն այն է, որ կարողանամ «Ա.Կ.Ա.» ֆիլմը տանել Միացյալ Նահանգներ (ֆիլմի մտահղացումը նաեւ Սարգիս Գրիգորյանինն է-հեղ.):
-Ունե՞ք այնպիսի մի տաղանդ, որի մասին քչերը գիտեն:
-Չէի ասի: Ինչ ունեմ, դրա մասին գիտեն:
-Ձեզ միշտ հետաքրքրել են կանայք, որոնք…
-Խելոք են ու կանացի, ոչ թե բռի ու անդաստիարակ:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ…»
-Ուրեմն պատասխանատվության զգացում ունեցիր: Նա պետք է զգա քո ուժը եւ այն, թե ինչպես են մարդիկ հարգում քեզ:
-Ինքներդ Ձեր մասին ի՞նչ բամբասանք եք լսել, որը ծիծաղ է հարուցել, զվարճալի մի բան, որը չարժե նույնիսկ հերքել:
-Տարածել էին, թե, իբր, նույնասեռական եմ: Նույնիսկ այսպիսի բաներ են խոսում… Մարդկանց պարապությունը «հրաշքներ» է գործում:
-Ըստ Ձեզ` ո՞րն է Ձեր բնավորության ամենադրական գիծը:
-Պատասխանատվության զգացումով օժտված լինելը, խոսքիս տերը լինելը:
-Իսկ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:
-Նույնը: Երբ չափից դուրս պատասխանատու մարդ ես, այդ հանգամանքը երբեմն խանգարում է, քանի որ հայերը այդ գիծը մարդու մեջ չեն սիրում:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը ինձ սովորեցրել է…»
-Վերաբերվել մարդկանց սովորական եւ ոչ ոքի սրտիս մոտ չթողնել, բացի ընտանիքիս անդամներից:
-Ո՞րն է Ձեր սիրելի մուլտֆիլմը:
-«Առյուծ արքան»:
-Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ վանում:
-«Օճառվողները»: Նրանց ես անվանում եմ կապիկներ:
-Ո՞վ է Ձեր անփոխարինելի ընկերը:
-Կինս` Մանոն:
-Ձեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ եք:
-Ինձ ավելի շատ համարում եմ աստվածավախ մարդ: Չեմ կարող ասել, թե հավատացյալ եմ, քանի որ, օրինակ, պատարագների չեմ մասնակցում, բայց շատ եմ ուզում կարգը պահել, լինել նաեւ հավատացյալ: Դրա համար, իհարկե, կամքի ուժ է պետք:
-Արդեն ասացիք, որ շներ եք պահում, էլ ի՞նչ կենդանի կպահեիք:
-Ուզում եմ ձի պահել:
-Նշեք մի երազանք, որն արդեն կատարվել է, եւ մի երազանք, որ դեռ չի կատարվել:
-Իմ բոլոր երազանքները կատարվում են, քանի որ դրանք, այսպես ասած, խելքին մոտ են: Ես այնպիսի երազանքներ չունեմ, որոնք գիտեմ` չեն կատարվելու:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՐԳԵՐՈՎ»

«Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեիք՝ ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար եմ, միանշանակ կպատասխանեի, որ ակտիվ: Նախկինում իմ երազած հանգիստը ծով մեկնելն էր, արեւը, ավազը: Սիրում էի նաեւ համատեղել հանգիստը հյուրախաղերի հետ, եւ ասեմ, որ լավ էր ստացվում: Նախընտրում էի միջոցառումներ կազմակերպել` չեզրափակվել ուտելով, նստելով ու լողալով: Իսկ հիմա նախընտրում եմ հանգստանալ մի անտառում, որտեղ կլինի փոքրիկ տնակ, կհոսի գետ, եւ շատ շոգ չի լինի: Կուզեի լսել գետի քչքչոցն ու մտքերիս հետ միայնակ մնալ: Քանի որ արդեն 2,5 տարի է՝ զբաղվում եմ դստերս խնամքով, կարելի է ասել, գերհոգնած եմ, եւ, իսկապես, պասիվ հանգստի կարիք ունեմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել՝ այս տարի որտեղ են հանգստանալու: Հասմիկի խոսքով՝ «որոշողը» փոքրիկ Տաթեւն է, քանի որ նրա հետ պետք է հարմարեցնել բոլոր պլանները: Ամեն դեպքում, հանգստյան օրերին երգչուհին ընտանիքով մեկնում է քաղաքից դուրս՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Աղվերան:
Հարցին, թե արդյոք շոու-բիզնես վերադառնալու ցանկություն արդեն կա, Հասմիկը պատասխանեց. «Չեմ տեսնում վերադառնալու համար շատ մեծ ստիմուլներ, թեպետ բեմ բարձրանալու ցանկություն միշտ էլ կա: Ստեղծագործող անհատը պարբերաբար զգում է ինքնարտահայտվելու կարիք: Մեր շոու-բիզնեսում կառանձնացնեի 2-3 հոգու, որոնք լավ են աշխատում: Հիմնականում տեսնում ենք նույն մարդկանց՝ անհետաքրքիր, նույնատիպ երգերով»:
Հասմիկը հավելեց, որ հաճելիորեն զարմանում է, երբ ստանում է նամակներ, որոնց միջոցով երկրպագուները եւ պարզապես իրեն կարոտած մարդիկ խնդրում են վերադառնալ ասպարեզ. «Դա իսկապես ոգեւորում է ինձ եւ ուժ է տալիս: Հիմա դուստրս դեռ չի հաճախում մանկապարտեզ ամբողջական ռեժիմով, ուստի չեմ կարող հստակ պլաններ կազմել, ժամկետներ նշել, բայց այն, որ վաղ թե ուշ վերադառնալու եմ, միանշանակ է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը`ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Սարգիս Հովիվյանը ԽՍՀՄ լավագույն եւ անկասկած հայկական ֆուտբոլի անցած դարի անկրկնելի հարձակվողներից մեկն է եղել, խաղացել է Երեւանի «Սպարտակ», «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ, Քութաիսիի «Լոկոմոտիվ» ակումբներում, երկար տարիներ զբաղվել է մարզչական աշխատանքով:

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ
Ավտովթարի պատճառով կյանքից հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը: Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան: Աղասին իր կարիերայի ընթացքում դարձել է նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, ինչպես նաեւ նվաճել է Հայաստանի առաջին ոսկե մեդալը Համաշխարհային ուսանողական խաղերում:

 

 

 

ԿՄԵԿՆԱՐԿԻ
Արդեն այսօր` Երեւանի ժամանակով 18:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի Ակադեմիայում կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ(Շվեդիա) հանդիպումը: Երեկ կայացավ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ թիմի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանի մամլո ասուլիսը: Վարդան Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Նորեկները շատ հեշտ հարմարվեցին թիմին: Կան ֆուտբոլիստներ, որոնք այդքան էլ լավ մարզավիճակ չունեն կապված հոգնածության հետ, բայց կփորձենք բոլորին բերել նույն մակարդակի այս խաղից առաջ: Ուզումնամարզական հավաքը այս ժամանակահատվածի համար բավարար էր, սակայն չեմ կարող ասել` բավարար է արդյոք մյուս փուլ անցնելու համար»:
Թիմի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը նույնպես խոսեց նորեկների, ինչպես նաեւ ԱԻԿ-ի մասին. «Նորեկները բոլորն էլ լավն են, բոլորն էլ պրոֆեսիոնալ են: Մենք ամեն ինչ արել ենք եւ անում ենք, որ նրանք հեշտ հարմարվեն թիմին: Ինչ մնում է ԱԻԿ-ին, ապա նրանք շատ ուժեղ եւ փորձառու թիմ են, եւ մենք պետք է մեր լավ կողմերը ցույց տանք եւ կատարենք մարզչի առաջադրանքները»:

 

 

 

ԲՐԱԶԻԼԻԱՆ՝ ՉԵՄՊԻՈՆ
Կայացավ Ամերիկայի Գավաթի եզրափակչի Բրազիլիա-Պերու հանդիպումը: Խաղն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով` 3:1: «Պենտակամպեոններից» գոլերի հեղինակ դարձան Էվերթոնը, Ժեժուսն եւ Ռիշարլիսոնը, իսկ պերուացիներից` Գերերոն:
Այսպիսով, Բրազիլիայի ընտրանին երկար դադարից հետո հռչակվեց Ամերիկայի Գավաթի հաղթող:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս