ԳՈՐԾԵՐԸ ՔՆԵՑՆՈՒՄ ԵՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ նախաքննական մարմինները մի շարք աղմկահարույց քրեական գործեր քնեցրել են քննչական բաժիններում եւ կոնկրետ գործողություններ չեն կատարում: Ըստ իրավապահ համակարգում տարածված տեղեկությունների` կա՛մ իրավապահները գործը գաղտնի են քննում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով անցնող մեղադրյալները պատրաստ են վերականգնել պետության վնասը եւ անաղմուկ «հեռանալ», կա՛մ կոնկրետ քրեական գործերով հայտնի պաշտոնատար անձինք երկրում չեն, եւ նրանց փնտրում են: Ահա հենց այսպիսի իրավիճակներն էլ քննիչներին կանգնեցրել են խնդրի առջեւ, եւ չգիտեն` կասեցնեն, թե կարճեն հարուցված գործերը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս հանդիպում է ունեցել նախաքննական մարմինների ղեկավարների հետ եւ նրանց հորդորել հանձնարարականներ տալ քննչական վարչությանը, որպեսզի ի մի բերեն իրենց վարույթներում գտնվող քրեական գործերը ու կոնկրետ որոշումներ կայացնեն: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո մեծ շուքով հայտարարվեցին մի շարք հանցանքների մասին, սակայն հիմա դրանց բացահայտումները ուղղակի դարձել են պատուհաս քննիչների գլխին:
«Ժողովուրդ» օրաթերթը դատախազի հանդիպման մասին տեղեկությունը պարզելու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Նախաքննական մարմինների ղեկավարների հետ ՀՀ գլխավոր դատախազի որեւէ տեսակի փակ կամ գաղտնի հանդիպում չի եղել, եւ այդ մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն տարբեր ձեւաչափերով ՀՀ գլխավոր դատախազի եւ նախաքննական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ հսկող դատախազի եւ քննիչի կողմից կոնկրետ քրեական գործերի համատեղ քննարկման ժամանակ մշտապես բարձրացվում է ինչպես քննչական եւ դատավարական գործողությունների ամբողջությունն ապահովելու, այնպես էլ քննությունները ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտության հարցը: Ըստ անհրաժեշտության` այդ նպատակներով կիրառվում են նաեւ դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»: Այսպիսով, հաստատվեց մեր տեղեկությունը՝ քննվող գործերը ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությամբ թելադրված հանդիպման մասին: Մնում է` սպասենք արդյունքների:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ խորհրդարանում կրկին տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստ: Ըստ մեր տեղեկությունների` նիստերը տեղի են ունենում խորհրդարանում նախատեսված հատուկ սենյակում, որը ստեղծվել է քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար, «ժուչոկներից» հեռու մի վայր: Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի «ուտեչկաներ» չլինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց դռնփակ նիստից որոշ մանրամասներ իմանալ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ: Մեր տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրավիրյալների ցանկում վերջինների թվում է: Ի դեպ, քննարկվել է, որ հրավիրյալների ցանկը չի շրջանցելու նաեւ Արցախը. կհրավիրվեն պատկան մարմինների ներկայացուցիչներ` ավելի հասկանալի եւ պարզ տեղեկատվություն ունենալու համար:

 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը: «Արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել: Այսինքն` փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից»,- նշեց նա: Սա նշանակում է, որ դեռ հստակ չէ, որ գնդապետն է սպանել Հովհաննիսյանին:

 

 

 

Չնայած Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն, ըստ էության, 2018 թվականի ապրիլից հետո այլեւս իրավասություն չուներ գործելու, սակայն մինչ նոր` Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի ստեղծվելը այն ոչ միայն գործում է, այլ նաեւ վարույթներ հարուցում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց 2018 թվականի (տարեկան) հայտարարագիրը չներկայացնելու առերեւույթ հատկանիշներով 2019 թվականի հունիս ամսին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 177 գործի վարույթ եւ կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 83 որոշում: Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում վարույթների թիվը եղել է 238-ը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից 49-ը վերաբերում է հարկային եւ մաքսային ծառայողներին, 39-ը` քննիչներին, իսկ 28-ն էլ` պատգամավորներին:

 

 

 

 

ԱՆԻՄԱՍՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Երեկ խորհրդարանում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի չափանիշների հարցը, պատգամավորները առավել գլոբալ հարցեր բարձրացրեցին: Մասնավորապես, Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե որքան է այսօր ՄԻԵԴ-ում գտնվող գործերի գումարային հնարավոր փոխհատուցման ծավալը: Ի պատասխան` ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն, ՄԻԵԴ կայացրած վճիռների հիման վրա, հատուցել է մոտ 1 մլն 360 հազար եվրո պահանջված 21,5 մլն-ից: Այսինքն՝ դեռ չնչին փոխհատուցում է արվել ՀՀ աղքատիկ բյուջեից, եւ դեռ պարտավոր ենք մոտ 20 մլն եվրո էլ վճարել ՄԻԵԴ-ում հաղթած քաղաքացիներին: Իրապես ահռելի թիվ է:
Մեկ այլ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ բարձրաձայնեց պատասխանատվության հարցը: «ՄԻԵԴ-ում պարտություն կրած գործերի համար ՀՀ չինովնիկները պատասխանատվություն կրելո՞ւ են` բարձր օղակից մինչեւ ամենացածրը»,- հետաքրքրվեց պատգամավորը, որին փոխնախարարը արձագանքեց, որ նման անհրաժեշտություն կա, ինչպես նաեւ վստահեցրեց ՄԻԵԴ վճիռների տարափի կանխման համար որոշակի աշխատանքներ են արվում:
Նկատենք, որ մինչ խորհրդարանականները դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում էին Եվրադատարանում պարտությունների թեման, մեր բյուջեից փոխհատուցումների հարցերը, գրեթե միաժամանակ երեւանյան դատարաններից մեկում, հայտնի դատավոր Մնացական Մնացականյանի նախագահությամբ, ընթանում էր պաշտոնաթող գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի` կալանքից ազատման հարցը, որի կայացրած որոշումը վստահաբար Եվրադատարանում պարտության հերթական առիթ կդառնա: Գրիգորյանի պաշտպանը միջնորդում էր ազատ արձակել նրան, այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել մինչեւ 10 մլն դրամի չափով, սակայն դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Ակնհայտ է, որ ինչ զազրելի արարք էլ թույլ տված լինի մարդը, եթե ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, պետք է հնարավորություն տալ նրան բուժվելու ազատության մեջ, այլ ոչ թե մահանա բանտում:
Հիշեցնենք, որ տարաբնույթ անպատկերացնելի հանցանքների համար մեղադրվող Գրիգորյանը հունիսի 6-ին ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց` «Նաիրի» ԲԿ:
Ստացվում է, որ, մի կողմից, քննարկում են ՄԻԵԴ-ից վճիռների կանխման թեման, բայց միաժամանակ կայացվում են դատարանում որոշումներ, որոնք հղի են ՄԻԵԴ-ում պարտվելու հստակ հեռանկարով: Եւ առնվազն տարակուսելի է, թե ինչ իմաստ ունեն այդ քննարկումները, եթե, օրինակ, դատավոր Մնացականյանը հետեւություններ չի անում նախկին սխալներից ու հենց իր կողմից կայացված դատավճիռների եվրապարտություններից:




Լրահոս