ՆԱԽԿԻՆ ԲԱՆՏԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐԸ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Պրոբացիոն ծառայության գործունեությանը, հայտնել էր. «Արտահերթ զեկույց ես ունեմ, որը վերաբերում է Պրոբացիոն ծառայությանը, ես կարծում եմ` Պրոբացիոն ծառայության հետ կապված` կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, կայացնի այդ կառույցը: Խոսքը վերաբերում է ոչ թե աշխատողներին, այլ պետական քաղաքականությանը. պետությունը չի ցուցաբերում բավարար ուշադրություն այս ոլորտին, անտեսված է այս ոլորտը, ռեսուրսների ակնհայտ պակաս կա, եւ չեն ներդրվում ռեսուրսներ, որ բարձրացվի կարողությունը»:

Ու մինչ Պաշտպանը կհայտարարի իր արտահերթ զեկույցի մասին, հիշեցնենք, թե ով է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետը:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետը Արսեն Նավասարդյանն է, որը «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի եղբայրն է: ՈՒ երբ հեղափոխությունից հետո ՔԿՀ գրեթե բոլոր պետերին աշխատանքից ազատեցին, նրանց թվում էր նաեւ «Արմավիր» ՔԿՀ նախկին պետ Տիգրան Նավասարդյանը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը Պրոբացիոն ծառայության շուրջ առաջացած դժգոհությունների եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի հետ:
-Պարո՛ն Նավասարդյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ձեր ծառայության անգործության մասին արտահերթ զեկույց է պատրաստում: Ձեզ այդ հանգամանքը չի՞ մտահոգում, ասում են` կառույցը նպատակին չի ծառայում:
-Ըստ էության, կառույցը երկուսուկես տարի գործում է: Այն գործառույթները, որոնք օրենսդրությամբ սահմանված են, Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է: Բայց Պրոբացիայի ծառայությունը դեռեւս կայացման փուլում է, ունի բավականին խնդիրներ ե՛ւ տեխնիկական, ե՛ւ իրավական, ե՛ւ կադրային, որոնք լուծման շրջանում են: Կախված դրանով` միգուցե Պրոբացիայի ծառայությանը ամբողջովին, այսպես ասած, գործառույթները տեսանելի չեն: Ասեմ, որ կան նաեւ օրենսդրական խնդիրներ, տեխնիկական խնդիրներ:
-Մանրամասնե՛ք Ձեզ մոտ առկա խնդիրները:
-Ծառայությունն անում է իր գործառույթները, բայց կան գործառույթներ, որոնք կախված են տարբեր հանգամանքներից:
-Օրինա՞կ…
-Նույն ձեռնաշղթաներով կամ էլեկտրոնային սարքավորումներով հսկողության իրականացումը, նույն մինչդատական փուլում այլընտրանքային խափանման միջոցների նկատմամբ վերահսկողությունը: Դրանք դեռեւս կապված են օրենսդրական խնդիրների եւ տեխնիկական խնդիրների հետ, ինչից ելնելով` ծառայությունն ամբողջությամբ չի իրականացնում իր գործառույթները:
-Դատելով իրավիճակից, որ այսքան խնդիր ունեք, հնարավո՞ր է, որ կառույցը համարվի ոչ արդյունավետ ու դադարեցնի իր գործունեությունը:
-Նախ եւ առաջ ասեմ, որ Պրոբացիայի ծառայությունը արդարադատության ինստիտուտ է, դատապարտյալների վերականգնման ինստիտուտ է: Այսինքն` անցումը պատժիչ քաղաքականությունից դեպի վերականգնողական արդարադատություն, ըստ էության, պետք է կատարվի Պրոբացիայի ծառայության ջանքերով:
-Դուք կարողանո՞ւմ եք Ձեր մատնանշած նպատակին ծառայել, ասել է թե` դատապարտյալը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ուղղվո՞ւմ է: Անգամ համաներումից հետո նկատվեց, թե որքան ավելացավ կրկնահանցագործությունների թիվը:
-Բավականին օրինակներ ունենք:
-Վիճակագրություն կարո՞ղ եք ասել օրինակներով:
-Այս պահին չեմ կարող ասել, բայց բավականին հաջողված դեպքեր ունենք:
-Ձեր եղբայրը` Տիգրան Նավասարդյանը, «Արմավիր» ՔԿՀ նախկին պետն է եղել: Թավշյա հեղափոխությունից հետո բոլոր բանտապետերը հրաժեշտ տվեցին իրենց պաշտոնին, Ձեր եղբայրն էլ այդ թվում: Դուք 2016թ. զբաղեցրել եք ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնը, 2016 թվականին նշանակվել եք պետ եւ հեղափոխությունից հետո վերանշանակվել եք ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում: Դուք էլ նախկին իշխանությունների ժամանակ եք նշանակվել, ինչո՞ւ Ձեր եղբորը հանեցին, Ձեզ թողեցին:
-Նախկինի կամ նորի խնդիր ես այստեղ չեմ տեսնում: Ըստ էության, մենք կատարում ենք այն աշխատանքը, ինչն օրենսդրությամբ մեզ տրված է, եւ դեռեւս աշխատում ենք ու խնդիր չենք տեսնում:
-Ձեր եղբայրն էլ էր կատարում իր աշխատանքը, բայց նրան ազատեցին…
-Իմ եղբայրը, ըստ էության, թոշակի տարիքը լրացել էր, դիմում գրեց ու դուրս եկավ համակարգից:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն:
«Ժողովուրդ» օրաթերթը Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործը, եւ, առհասարակ, նոր քննչական գործողություններ տեղի ունենում են, թե ոչ: Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Ես ենթադրում եմ, որ քննչական գործողություններ կատարվում են, որպես այդպիսին` նկատի ունենալով, որ նախաքննություն է, չի կարող նախաքննությունը անշարժ վիճակում մնալ, բայց կոնկրետ մեզ հետ կապված առայժմ գործողություն չի եղել` բացառությամբ մեկ գործողության: Օրերս մեզ քննիչը ծանոթացրեց դատաձգաբանական փորձաքննության եզրակացության հետ, որը կատարվել էր պարոն Պետրոսյանին պատկանող հաշվեցուցակային ատրճանակի մասով: Ուրեմն այդ փորձաքննությունը կատարվել էր` քննիչի կողմից նշանակված 2019 թվականի մայիսի 31-ի դատաձգաբանական փորձաքնություն կատարելու մասին որոշման հիման վրա»:
Մեր այն դիտարկմանը, թե ինչ եզրակացություն էր տրվել փորձագետի կողմից, ի պատասխան` պաշտպան Գեւորգյանը հայտնեց. «Եզրակացություն էր տվել, որ այդ ատրճանակը հանդիսանում է հրազեն, մարտական ակոսափող հրազեն, միաժամանակ տվել էր, որ ատրճանակի արտադրման տարեթվի շրջանում այլ դաջվածքներ չեն հայտնաբերվել: Փորձագետը եզրակացություն է տվել, որ այդ ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ: Փորձագետը եզրակացությամբ հայտնել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին: Համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել: Այսինքն` փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից: Ինքներդ հետեւություն արեք` եթե ինքն է կրակել իր ատրճանակով, ապա ոնց է ստացվում, որ Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը բոլորովին այլ գնդակ է: Իհարկե, նույն 9մմ տրամաչափի գնդակ է, նույն «Մակարով» ատրճանակից կարող է կրակված լինել, բայց ոչ այն ատրճանակից, որը հաշվեցուցակային ամրակցված է եղել Գեղամ Պետրոսյանին: Համընկնում չկա»:
Իսկ որն է լինելու այս եզրակացությունից հետո պաշտպանի հնարավոր գործողությունը՝ Վաղարշակ Գեւորգյանը նշեց. «Ճիշտ ասած, երբ քննիչը եզրակացությունը մեզ ներկայացրեց, ես իմ պաշտպանյալի հետ միասին իրար երես նայեցինք ու մտածեցինք, որ երեւի հաջորդ փաստաթուղթը, որ մեզ պետք է ծանոթացնի, դա հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելն է լինելու: Մինչդեռ քննիչը քմծիծաղ տվեց ու գնաց»:
Ստացվում է` մարդուն մեղադրանք են առաջադրել՝ չունենալով ամենաամուր հիմքով ապացույցներ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ: Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը:

 

 

 

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԵՎՍ
Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով: Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով նախորդ չորեքշաբթի` հուլիսի 3-ին: Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

 

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑԵԼ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Այն հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի (Fip.am) հրապարակման հիման վրա: Ըստ հանձնաժողովի` հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը) նախատեսված առերեւույթ իրավախախտման հատկանիշներով:

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ
Ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հարսանյաց սրահներից մեկի բակում կրակոցներ են արձակել: «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով հանդերձ, հարսանյաց սրահի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով քրեական հետախույզները բերման են ենթարկել Երեւանում ապրող 29-ամյա մի տղամարդու: Նա ոստիկաններին է ներկայացրել 12 մմ տրամաչափի «ՄՌ-135» մեկփողանի որսորդական հրացանը եւ հայտնել, որ հուլիսի 8-ին ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է հրացանը եւ հարսանյաց սրահի բակում 4-5 անգամ կրակել է օդ:Հրացանը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար:

 

 

 

ՍԱՐՍԱՓԵԼԻ
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այցելել են Երեւանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ: «Պարբերաբար տարբեր կենդանասերներ մեզ խնդրել են այցելել այստեղ, ծանոթանալ պայմաններին: Պայմանները սարսափելի են»,-ասել է ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Նրանց խոսքով՝ ՀՈԱԿ-ին քաղաքապետարանը 149 մլն դրամ է հատկացրել: Խմբակցության անդամների պնդմամբ՝ հոտն էլ ահավոր է:




Լրահոս