«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում գործարար Սամվել Ալեքսանյանը պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: Շքանշանն Ալեքսանյանին հանձնել է կինոփառատոնի հիմնադիր, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Այս փաստը մեծ իրարանցում է առաջացրել հայ հանրության շրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց արվեստի գործիչների հետ: Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին հիշեց Ալեքսանդր Մանթաշյանց-Հովհաննես Թումանյան զրույցից մի հատված. «Երբ մեծահարուստ Մանթաշյանցին ծանոթացրել են Հովհաննես Թումանյանի հետ, նա հարցրել է.
-Ի՞նչ գործով ես զբաղվում:
-Գրում եմ,- պատասխանել է Թումանյանը:
-Ուրեմն գրագիր ես, ո՞ւմ կանտորումն ես ծառայում,- նորից հարցրել է Մանթաշյանցը:
-Կանտորում չեմ ծառայում, հենց էնպես, ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում:
-Հաա, հասկացա, ուրեմն պարապ ես. դե էդպես ասա, տո հեր օրհնած,- եզրակացրել է Մանթաշյանցը»:
Արծրունու դիտարկմամբ` հայկական իրականության մեջ բիզնեսմեն-արվեստագետ հարաբերությունը կառուցվում է հենց Մանթաշյանց-Թումանյան մոդելով, այսինքն` ոչինչ չի փոխվել. «Բիզնեսմենը արվեստագետի հետ հարաբերվելիս պետք է քաջ գիտակցի նրա նշանակությունը, խոնարհվի նրա ստեղծագործության առաջ եւ ցանկանա իր ունեցածով կիսվել նրա հետ: Որքան էլ մանթաշյանցները դաշնամուրներ նվիրաբերեն կոմիտասներին, իսկ ալեքսանյանները գումար տրամադրեն կինոյին, բիզնեսմեն-արվեստագետ հարաբերությունների էությունը, ըստ իս, դեռ չի փոխվել»,-ասաց նա:
Իսկ դերասան Սերգեյ Դանիելյանը այլ դիտանկյունից է մոտենում հարցին.
«Նորմալ է, որ Ալեքսանյանը հովանավորում է կինոն, նրան էլ շքանշան են շնորհում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Եթե մեծահարուստները փող չտան, փառատոնն ինչպե՞ս կկայանա: Եվ հետո` հարուստներին պետք է ինչ-որ կերպ շոյել: Ես դեմ չեմ: Սա ի՞նչ թեմա է, որի շուրջ մարդիկ ծավալվում են, զարմանում եմ: Խոսում են Սամվել Ալեքսանյանի արժեքային համակարգից: Այս պարագայում արժեքների հարց չկա, կա բիզնեսի հարց: Մանթաշյանցի արժեքային համակարգից մենք տեղյա՞կ ենք: Պետք չէ ամեն ինչից խնդիր սարքել, առանց այդ էլ դժվարացել է ապրելը»,- մեկնաբանեց դերասանը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՄԱՏԵՂԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՍ ՈՒ ՀԱՆԳԻՍՏՍ»
«Ակտիվ հանգստի կողմնակից եմ, սիրում եմ համատեղել գործնական կյանքն ու հանգիստը. ասեմ, որ ստացվում է: Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարող են փակվել հյուրանոցային համարներում եւ համարել, որ հանգստացել են: Միեւնույն ժամանակ առանձնապես էքստրեմալ հանգստի սիրահար չեմ: Չեմ սիրում թռչել բարձրությունից կամ սուզվել ծովի հատակը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Տաթեւիկ Հովակիմյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ ակտիվ, թե պասիվ հանգստի սիրահար է:
Նա դեռ չի որոշել, թե այս տարի որտեղ է հանգստանալու, բայց, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին գործնական ծրագրերով կմեկնի արտերկիր եւ կհամատեղի աշխատանքն ու հանգիստը: Տաթեւիկը իրականությունից կտրվելու, մտքերը մաքրելու հարց իր առջեւ չի դնում: Նա նախընտրում է հանգստի ընթացքում այցելել հետաքրքիր վայրեր, բովանդակալից կյանքով ապրել:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնական պլանների մասին: Արդեն երրորդ տարին է՝ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Տաթեւիկը հանդես է գալիս «Խոսի՛ր ինձ հետ» ներկայացման շրջանակում: Առաջիկայում մենք դերասանուհուն կտեսնենք նաեւ այլ բեմադրություններում, սակայն դրանց մասին մանրամասներ նա դեռեւս չցանկացավ հայտնել:
Փոխարենը Տաթեւիկը տեղեկացրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին ավարտվել են իր մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները: Պրեմիերան տեղի կունենա այս տարվա նոյեմբերին. «Արման Նշանյանն է ռեժիսորը: Ֆիլմը Կոմիտասի կյանքի մասին է եւ ոչ միայն, նվիրված է հենց վարդապետին: Դերերում հանդես կգան Սոս Ջանիբեկյանը, Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Ժան Նշանյանը, ինչպես նաեւ ինքը՝ Արման Նշանյանը»,- մանրամասնեց դերասանուհին:
Նա հավելեց, որ ընդգրկված է նաեւ էկրանային այլ նախագծերում, որոնց մասին կարող է խոսել ավելի ուշ:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ՄԵՍՍԻՆ ՍԽԱԼ Է»
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը անդրադարձել է Լեո Մեսսիի սկանդալային հայտարարությանը. «Ընկերը միշտ չէ, որ ճիշտ է միայն այն պատճառով, որ նա ընկեր է: Դու կարող ես նման բաներ ասել պահի ազդեցության տակ, բայց, ամեն դեպքում, ես չեմ համաձայնի: Մեսսին առաջինը վիրավորում է բոլոր բրազիլացիներին եւ այն պրոֆեսիոնալներին, որոնք պայքարում էին տիտղոսի համար: Նա այստեղ ամբողջովին սխալ է»,-ասել է Ալվեսը: Հիշեցնենք, որ Լեոն ասել էր, որ ԿՈՆՄԵԲՈԼԸ ամեն ինչ կազմակերպել է Բրազիլիայի հաղթանակի համար:
ՆԵՅՄԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԼՔԵԼ
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը կարող է լքել թիմը. այս մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն. «Մեզ նրա նման ֆուտբոլիստներ հարկավոր չեն: Նա կարող է հեռանալ թիմից, եթե շարունակի իրեն այդպես պահել»,-ասել է Լեոնարդոն:
ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ
Թուրինի «Յուվենտուս» վերադարձած արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգեւայինը հրաժարվում է հեռանալ թիմից: Նշվում է, որ ֆուտբոլիստը առաջարկներ ունի «Ռոմայից» եւ ուրիշ այլ թիմերից, սակայն ակումբային գրանցումը փոխել չի ցանկանում: Ֆուտբոլիստը ցանկանում է ապացուցել Սարիին, որ կարող է օգուտ տալ թիմին:
ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԻ
Մադրիդի «Ռեալը» դեռեւս պետք է ազատվի 6 խաղացողներից եւ պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Նշվում է, որ մադրիդյան թիմից կհեռանան Կեյլոր Նավասը, Գարեթ Բեյլը, Դանի Սեբալյոսը, Մարսելոն, Նաչոն եւ Մարիոնո Դիազը: Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «սերուցքային» ճամբար է տեղափոխվել Էդեն Ազարը, Լուկա Յովիչը, Ռոդրի
Actor Sergey Danielyan and film director Suren Shahverdyan speak about the 100th anniversary of the Armenian Genocide in Hayeli press clubգոն, Մենդին եւ Միլիտաոն:
ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ
Կայացավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ հանդիպումը: Հայկական թիմը հաղթեց 2:1 հաշվով: Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, իսկ ԱԻԿ-ից միակ պատասխան գոլը խփեց Օբասին: Հավելենք նաեւ, որ շվեդական թիմը 14-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Շվեդական թիմից կարմիր քարտով պատժվել էր Լուդստրոմը: Հավելենք, որ պատասխան խաղը կկայանա հուլիսի 16-ին Շվեդիայում:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ