Այսօր խորհրդարանում մեկնարկեց հերթական քառօրյան, որը խոստանում է թեժ լինել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, իշխանական խմբակցությունում գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվում է այն հարցը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իրենց համար կարեւորագույն նախագծերը անցկացնելու համար: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության համար շարունակում է առանցքային թեմա մնալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը քննարկվելուց հետո պետք է դրվի փակ գաղտնի քվերակության:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ ամբողջ օրը ԱԺ իշխանական խմբակցությունում քննարկումներ ու նախապատրաստական աշխատանքներ են տարվել քառօրյայի հարցերի հետ կապված: Բանն այն է, որ իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի հետ կապված: Ու իշխանական խմբակցությունը հաշվարկների մեջ է, թե որքան ձայներ կարող է ապահովել փակ գաղտնի քվերակության ժամանակ:
Ըստ մեր տեղեկությունների` իշխող վերնախավը հստակ պահանջ է դրել իմքայլականների վրա` պետք է իշխանական ֆրակցիան ամեն ինչ անի այս անգամ քվերակությունը չտապալելու համար: Սա վճռորոշ կարող է լինել իշխանությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իշխանությունները պատրաստվում են այս քառօրյայում քննարկել նաեւ նվազագույն աշխատավարձերի բարձրացման հարցը: Օրակարգում է լինելու նաեւ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը:
Հստակ է, որ այս շաբաթ թեժ է լինելու խորհրդարանում, քանի որ առանցքային հարցեր կան, որոնք իշխանություննրի համար վճռորոշ դեր կարող են ունենալ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ