Հայկական պարը տարիներ շարունակ արհամարհված է, TV-ները «երդվել են» չցուցադրել այն. Կարեն Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր հեռուստաընկերությունները կարծես երդվել են, որ հայկական պարեր չպետք է ցուցադրեն: Հայկական պարը տարիներ շարունակ արհամարհված է: Ես չեմ հասկանում՝ ինչն է պատճառը, որ եթերով չի քարոզվում հայկական պարը»,- սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն մտահոգող խնդիրը բարձրաձայնեց Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանը:

Նա մատնանշեց հարեւան Վրաստանի օրինակը, որը տարեկան շուրջ 450 հազար զբոսաշրջիկ է ընդունում՝ վրացական պարերին ծանոթացնելու համար: Իսկ, օրինակ, Արգենտինան տարեկան շուրջ 2 միլիոն զբոսաշրջիկ է ընդունում արգենտինական տանգոն սովորեցնելու համար:

«Ուրեմն ինչո՞ւ չենք կարող մենք էլ զբոսաշրջիկներին գրավել մեր պարերի միջոցով: Եթե հեռուստաընկերությունները որոշակի չափորոշիչներ առաջարկեն, մենք դեմ չենք լինի, կհասկանանք, որ պետք է մեր աշխատանքը համապատասխանեցնենք դրանց, բայց ո՛չ չափորոշիչ են պահանջում, ոչ էլ հայկական պարն են քարոզում»,- շեշտեց պարոն Գեւորգյանը:

Հենց այս հարցերի շուրջ մտահոգվելով էլ` «ՆԱԻՐԻ» համայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխություն-շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին: 9 պարային կոլեկտիվ առաջին անգամ հանդես կգա 1 բեմում:

Բուն մրցանակաբաշխության մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ից, եւ միջոցառումը կանցկացվի ամեն տարի ապրիլի 29-ին՝ Պարի միջազգային օրը: Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ «Ազգագրական լավագույն պար», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն պարախումբ», «Սփյուռքի լավագույն պարախումբ», «Լավագույն խորեոգրաֆիկ ներկայացում», «Լավագույն պարող», «Լավագույն պարուհի» եւ այլ անվանակարգերում: Ներկաներին կցուցադրվեն երկուսուկես րոպե տեւողությամբ տեսաֆիլմեր՝ պարային կոլեկտիվների անցած ուղու եւ գործունեության վերաբերյալ:

Կարեն Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ կան պարային բազմաթիվ հաջողված կոլեկտիվներ, որոնք այսօր, ցավոք, մնում են ստվերում. «Վերջերս, օրինակ, «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը Հովհաննես Թումանյանի հոբելյանին առթիվ բեմադրեց «Մարո»-ն՝ հրաշալի մի ներկայացում, Վանաձորի «Հորովել» անսամբլը կոմիտասյան թեմայով ներկայացում արեց, բայց ո՞վ իմացավ այդ մասին»:

«ՆԱԻՐԻ» համայկական հիմնադրամի նախագահ, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն էլ ընդգծեց, որ մասնակցությունը մրցանակաբաշխությանը պահանջում է ամենօրյա աշխատանք. «Հարկավոր է միջոցառմանն ընդգրկել որքան հնարավոր է շատ պարախմբեր Հայաստանից եւ Սփյուռքից: Դրսի պարախմբերի առջեւ դրված կարեւորագույն խնդիրը մեր արվեստը ճիշտ ներկայացնելն է օտար հանդիսատեսին: Չէ՞ որ վերջինս նաեւ պարի միջոցով է ծանոթանում մեր մշակույթին»:

Հավելենք, որ մրցանակաբաշխության մասնակիցներն են Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Բորիս Գեւորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ զինված ուժերի երգի, պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլը, Արցախի պարի պետական անսամբլը, Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս