Մենք ոչ մեկին թշնամի չենք համարում, բայց որևէ մեկի կցորդն էլ չենք. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը ստեղծել է կուսակցություն` «Միասնական հայրենիք», որի հիմնադիր համագումարն արդեն կայացել է: Ըստ մեր տեղեկությունների` Ս. Բաբայանի այս քայլը Արցախում մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ իր այս քայլով Բաբայանն ուզում է հասկացնել, որ ինքը վճռական է տրամադրված 2020 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Արցախի խորհրդարանն այս օրերին չի շտապում իր օրակարգում ներառել ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումները: Ըստ Արցախում շրջանառվող տեղեկությունների` իշխանություններն ամեն ինչ անում են հարցի քննարկման ժամկետը երկարացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանի հետ` պարզելու, թե ինչ իրավիճակ է այս պահին արցախյան քաղաքական դաշտում:

-Պարո՛ն Բաբայան, ըստ մեր տեղեկությունների` Արցախում լարված իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանը կուսակցություն է հիմնել, որի հիմնադիր համագումարն արդեն տեղի է ունեցել: Արդյոք նման լարվածություն կա՞ ու ինչպե՞ս եք վերաբերվում Ս. Բաբայանի այդ նախաձեռնությանը, որն, ըստ էության, ազդարարում է նրա քաղաքական ակտիվ գործունեության մասին:

-Գիտեք, ես ողջունում եմ. ինչքան շատ կայացած կուսակցություններ լինեն` օրենքի սահմաններում գործող, այնքան ավելի կզարգանա Արցախի քաղաքական համակարգը, քաղաքական մշակույթը մեր երկրում: Հետեւաբար եթե ստեղծվում են կուսակցություններ ու, անկախ նրանից, թե որոշ կուսակցությունների այս կամ այն տեսակետներին մենք հարում ենք, թե ոչ, կուսակցությունների տեսլականների, տնտեսական, սոցիալական ու արտաքին քաղաքականության մեջ տարբերություններ կան, մենք նորմալ ենք վերաբերվում այդ ամենին:

Ինչքան շատ լինեն կուսակցությունների քանակը, այնքան շատ կլինեն մտքերը, խոսքերի բախումը, երկրում կլինի քաղաքակիրթ մրցակցային մթնոլորտ: Լարվածություն չկա, կա պայքար, ավելի ճիշտ կլինի ասել մրցակցություն: Առհասարակ, եթե մենք նախընտրական վիճակը հաշվի առնենք որպես մրցակցային, դա կարելի է լարվածություն անվանել, բայց այն լարվածությունը չէ, սա մրցակցային պայքար է, որն արդեն Արցախում սկսվել է, մի քիչ ուշ, շուտ:

-Նշվում է, որ լարվածության հիմնական պատճառը Սամվել Բաբայանի հետ է կապված…

-Չէ, նման բան չկա: Բնական վիճակ է: Սահմանադրական բարեփոխումներից հետո նոր իրավիճակ է այն առումով, որ հիմա չկա մեծամասնական ընտրակարգ, եւ ընտրությունները զուտ համամասնական` կուսակցական ցուցակներով են լինելու: Իսկ սա նշանակում է, որ նոր կուսակցություններ են ձեւավորվելու, այդ թվում նաեւ մերը. ինչի՞. որովհետեւ մենք մեզ չենք տեսնում այլ կուսակցության կազմում, մենք կարծում ենք, որ արդեն այն ժամանակն է, որ կարող ենք առանձին մեր ներդրումն ունենալ մեր պետության զարգացման գործում, ունենք փորձ, գիտելիք, ավանդ, վաստակ ու կարող ենք առանձին գործունեություն իրականացնել:

Մենք ոչ մեկին թշնամի չենք համարում, բայց որեւէ մեկի կցորդն էլ չենք, դրա համար այսպիսի մի քանի ուժ են ձեւավորվել: Ճիշտ է, ոչ բոլորն են դառնալու կուսակցություններ, լիարժեք ձեւով տարիների ընթացքում, բայց, իհարկե, ոմանք կարող են դառնալ կայացած քաղաքական ուժեր: Այս ամենը շուտ է սկսվել, որն իր մեջ օբյեկտիվ տարրեր ունի:

-Սա նշանակո՞ւմ է, որ Սամվել Բաբայանի թիմակիցներն արդեն պատրաստվում են Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններին` չնայած այն հանգամանքին, որ ԼՂՀ խորհրդարանը չի քննարկել ու հաստատել այն ստորագրությունների փաթեթը, որը ներկայացրել են բաբայանականները:

-Եթե քաղաքական ուժ է ձեւավորվում, այս քաղաքական ուժը պետք է աշխատի տարիներ շարունակ, մի տարվա համար չեն ստեղծվում, կան ուժեր, որոնք մեկ տարի կամ 2 տարի են ձգում, բայց եթե հայտ է ներկայացնում, պետք է երկարատեւ քաղաքական գործունեություն ծավալի, ու սա չպետք է սահմանափակվի այս կամ այն գործընթացի հետ: Իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը: Ընդհանրապես արցախյան ընտրությունները շատ անկանխատեսելի են: Ինչ-որ տեղ սա խթանում է ակտիվ գործունեությանը, իսկ մնացածի առումով ցույց կտա ժամանակը: Մենք տեսնում ենք Արցախում քաղաքական քարտեզի վերաձեւավորում. դա արդեն միանշանակ է:

-Պարո՛ն Բաբայան, մի քանի օր է` թեժ քննարկվում է այն հարցը, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Արցախ էր եկել քաղաքական ուժերի հետ հանդիպելու, առաջիկա իր ծրագրերի մասին քննարկումներ ունենալու: Արդյոք հանդիպումներ ունեցե՞լ եք նրա հետ:

-Ես այդպիսի տեղեկություններ չունեմ` ում հետ է ինքը հանդիպել: Որքան տեղյակ եմ, ինքը հրավիրվել է Սրբազանի կողմից, Պարգեւ Սրբազանը դրա մասին հայտարարել է: Ես ու մեր կուսակցության որեւէ անդամ նրա հետ հանդիպում չենք ունեցել, ուրիշների հետ ինչ հանդիպում է ունեցել, ես չեմ կարող ասել: Կրկնում եմ, մենք հանդիպում չենք ունեցել, այլ տեղեկատվություն չունեմ:

-Իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանիպում եղե՞լ է:

-Ես տեղյակ չեմ, չեմ կարծում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս