Սեպտեմբերի 29-ին Հայաստանի 7 մարզի 13 համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Նկատենք, որ առաջադրված թեկնածուները հիմնականում անկուսակցականներ են, նրանցից միայն մեկն է դաշնակցական:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 6 գյուղում վերընտրվել են գործող գյուղապետերը: Օրինակ` Արագածոտնի Ղազարավան գյուղում գործող գյուղապետը հավաքել է 196 ձայն: Խոսքը նախկին ՀՀԿ-ական Հայկ Ասատրյանի մասին է, որ գյուղապետ է դեռեւս 2011 թվականից: Մրգանուշում եւս վերընտրվել է գործող դաշնակցական գյուղապետը. նրան քվեարկել է 387 հոգի: Վերընտրված գյուղապետը Մանվել Սարգսյանն է, գյուղապետի պաշտոնին է 1998 թվականից:
Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է 5 թեկնածու, որից մեկին`Վարազդատ Հարությունյանին, առաջադրել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը. վերջինս հավաքել է ընդամենը 40 ձայն, բայց արդյունքում գործող գյուղապետը վերընտրվել է, որը համայնքը ղեկավարում է 8 տարի: Իսկ Արմավիրի մարզի Փարաքարում ընտրությունները թեժ են անցել. 18 տարվա գյուղապետը պարտվել է, հաղթել է ավագանու անդամ Դավիթ Մինասյանը:
Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում Հայփոստի Ծովակի մասնաճյուղի օպերատորը 104 ձայն է հավաքել` ընտրվելով գյուղապետ: Նրա մրցակիցներից մեկը հավաքել է 102 ձայն, իսկ մյուսը` 0 ձայն: Փաստորեն ինքն էլ իրեն չի քվեարկել:
Լոռու մարզի Լուսաղբյուրում վերընտրվել է գործող գյուղապետը. նա մրցակից չի ունեցել: Շիրակի մարզի Գետափում առաջադրված երեք թեկնածուներից մեկը`25-ամյա Ծիրակ Խաչատրյանը, հավաքելով 197 ձայն, ընտրվել է գյուղապետ:
Սյունէ Համբարձումյան