Աշխատանքային խմբի բացատրությունը լղոզված է. որոնք են էներգահամակարգում հայտնի վթարի պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգահամակարգում այս տարվա հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման արդյունքներն արդեն պատրաստ են: Պարզվում է` աշխատանքային խումբը անձնակազմի կողմից անճիշտ գործողություններ չի բացահայտել:

Հիշեցնենք , որ վթարի օրը՝ հուլիսի 10-ին, Հայաստանի որոշ մարզերում ու Երեւանում հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ եղան, պարզաբանվեց, որ պատճառը վթարն էր, որի հետեւանքով սկզբում անջատվել էր «Հրազդանի» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ «Երեւանի» ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ, ինչն էլ հանգեցրել էր նման իրավիճակի:

Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով` էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որն էլ պետք է մասնագիտական քննություն իրականացներ: Այսինքն` պետք է քններ վթարի պատճառները եւ նաեւ այն վնասները, որոնք եղել են այդքան ժամանակ հոսանք չլինելու պատճառով:

Պարզվում է` մասնագետներից բաղկացած խումբը բացահայտել է, որ վթարի հետեւանքով մարդու կյանքին վնաս չի հասցվել, արձանագրել է, որ վնասված սարքավորումներ չկան: Բայց փաստն այն է, որ այդ վթարից, իհարկե, եղան քաղաքացիներ, որոնք վնասներ կրեցին:

Այստեղ խնդիրն այն է, որ այս դեպքում բնակիչների համար փոխհատուցման մեխանիզմներ չկան: Իսկ աշխատանքային խումբը անգամ չի բարեհաճել հարցումներ անել հանրության շրջանում`պարզելու, թե քանի քաղաքացու կենցաղային տեխնիկա է վնասվել այդ վթարի հետեւանքով:

Փոխարենը նախարարությունը հրապարակել է մասնագիտական եզրակացությունը: Այսպես, ըստ աշխատանքային խմբի` Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում «տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճան» պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության` սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետեւ շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից:

Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միեւնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետեւանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս, էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին եւ համակարգային վթարի զարգացմանը:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանից խնդրեց մեկնաբանել այս եզրակացությունը: «Խելամիտ բացատրություն է. այս դեպքում աշխատանքային խումբը սառը ասում է, որ, ենթադրենք, պացիենտը մահացել է: Բայց կոնկրետ ինչումն է բանը, լղոզված է, էներգետիկայում նշանակում է ընդհանուր համակարգային մոտեցման կորուստ: Շատ լուրջ ախտորոշում է. դա նշանակում է, որ մենք հետզհետե կորցնում ենք էլեկտրաէներգետիկ համակարգի ամբողջական ընկալումը: Մասնավորապես, տարիներ ի վեր հայտնի էր, որ, այսպես կոչված, սինխրոն կոմպեսատորի ռեժիմում մեզ մոտ պետք է աշխատի Գյումուշ, հիմա դա կոչվում է «Արգելի» ՀԷԿ-ը: Հարց է առաջանում` ինչո՞ւ «Արգելի» ՀԷԿ-ը իր սինխրոն կոմպեսատորի պարտականությունները չի կատարել»,- նկատեց Արա Մարջանյանը:

Ապա զարմացած նշեց, որ չի հիշում, թե երբ են մասնագիտական քննարկումներ եղել Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում ռեակտիվ հզորությունների բավարար կոմպեսացման եւ այլ հարցերի շուրջ:

«Դրա համար կամաց-կամաց մենք էներգետիկային սկսում ենք մոտենալ որպես բիզնեսի բարդ մասնաճյուղի ու կորցնում ենք համակարգային մոտեցումը այդ բավականին բարդ ինժեներական եւ համալիր իր բնույթով համակարգի նկատմամբ: Պետք է վերադառնալ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին եւ նայել որպես իրապես համակարգի, անընդհատ ուսումնասիրել էլեկտրաէներգահամակարգի ռեժիմների դինամիկայնությունը, ստատիկ կայունությունը եւ այլն»,- լրացրեց մասնագետը:

Ի դեպ, նշենք, որ կառուցվածքային փոփոխություններից հետո էներգետիկ ոլորտը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ենթակայությամբ է: Բայց զրույցի ընթացքում մասնագետը թերահավատություն հայտնեց, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կկարողանա խորությամբ վերահսկել ոլորտը. «Մենք ոչ մի երաշխիք չենք ունենա, հակառակը` մենք կարող ենք ակնկալել, որ գործընթացները գնում են է՛լ ավելի կորցնելու համակարգային էներգետիկ ոլորտը»:

Օրեր առաջ Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշելով հուլիսի 10-ի վթարը, հայտարարել էր, որ այդ վթարի պատճառով համարյա էներգետիկ դեֆոլտ էր ստեղծվել երկրում, եւ կարող էր երկիրն ամբողջությամբ կոլապսի ենթարկվել: Բայց, ի շնորհիվ ՓՀԷԿ-երի, հանրությունը չզգաց այդ խնդիրը: Այսինքն` այդ բացը շատ կարճ ժամանակահատվածում ՓՀԷԿ-երը լրացրեցին:

Անդրադառնալով այս հարցին` էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանն արձագանքեց. «Եթե «Արգելի» ՀԷԿ-ը աշխատեր սինխրոն կոմպեսատորի ռեժիմում, միգուցե հնարավոր լիներ խուսափել այդ տիպի վթարից»: Բացի այս, տեղեկացնենք, որ աշխատանքային խումբը բացահայտել էր նաեւ, որ տեխնիկական շահագործման եւ անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումներ, շահագործման աշխատանքների թերություններ, նախագծի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերություններ, ինչպես նաեւ վթարի վերացման ընթացքում անձնակազմի կողմից ոչ ճիշտ գործողություններ չեն բացահայտվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս