ՖՈՏՈ. Տեղի ունեցավ «ՆԱԻՐՅԱՆ» մրցանակաբաշխություն-շնորհանդեսը. մրցանակներ հանձնեցին Նունե Սարգսյանն ու Ջիվան Գասպարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն-շնորհանդեսը: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է «ՆԱԻՐԻ» համայկական հիմնադրամը՝ Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին հոլովակներ՝ հայ պարարվեստի պատմության մեջ մեծ ավանդ ունեցած կոլեկտիվների անցած ուղում մասին և հանձնվեցին մրցանակներ: Այսպիսով՝ պատվավոր մրցանակների արժանացան Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Բորիս Գեւորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ զինված ուժերի երգի, պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլը, Արցախի պարի պետական անսամբլը, Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը:
«Երբ վեց տարեկան էի, տեսա իմ կյանքի առաջին բալետը՝ Չայկովսկու «Կարապի լիճը»:

Հաջորդ օրը ծնողներիս խնդրեցի, որպեսզի ինձ թույլ տան ընդունվել պարարվեստի ուսումնարան: Նրանք համաձայնվեցին, և ես ընդունվեցի: Վեց ամիս հետո ես նորից արցունքներն աչքերիս գնացի ծնողներիս մոտ և խնդրեցի հանել ինձ ուսումնարանից: Աշխատանքը ծանր էր: Համառություն էր պետք, իսկ ես պատրաստ չէի դրան: Պարուհի չդարձա: Ես շատ բարձր եմ գնահատում քոլեջի սաների աշխատանքը:

Մենք կարող ենք հպարտ լինել, որ հայ պարողներն այսօր նվաճել են աշխարհի տարբեր բեմեր, նրանք մեր հայկական մշակույթի դեսպաններն են»,-Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին մրցանակ հանձնելիս ասաց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը:

Իսկ, օրինակ, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանին մրցանակ հանձնեց դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը. «Եթե ես ժամանակին չընդունվեի այս անսամբլ, չգիտեմ, թե ով կլինեի…Բայց, ինչպես տեսնում եք, ես Ջիվան Գասպարյան եմ դարձել Թաթուլ Ալթունյանի շնորհիվ: Նա երկրորդ Կոմիտասն է մեր ժողովրդի համար: Շնորհավորում եմ անսամբլին եւ տեւական ստեղծագործական կյանք մաղթում»,-ասաց նա:

Միջոցառման ընթացքում մրցանակակիր խմբերը հանդես եկան պարային տարատեսակ համարներով: Դահլիճը բավական ջերմ ընդունեց նրանց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս