Ակնհայտ է` պետական հատվածի մասով բարելավում է լինելու. Արտակ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` գրեթե ամբողջ օրվա ընթացքում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տարբեր հարթակներում հայտարարում էին, թե առաջիկայում խորհրդարանը կսկսի քննարկել Հայաստանի պատմության ամենամեծ բյուջեն թե՛ դրամային, թե՛ դոլարային արտահայտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներկայացուցիչները պետք է այս ժամանակահատվածում խոսեն 2020 թվականի բյուջեի մասին ու իրենց խոսքում հայտարարեն, որ այն աննախադեպ է լինելու բոլոր առումներով: Տեղեկացանք նաեւ, որ բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, բայց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեռեւս չեն հասցրել այն ուսումնասիրել ու դեռեւս չեն ցանկանում որեւէ մեկնաբանություն անել:

Հիշեցնենք, որ կառավարությունը գործադիրի նիստում հաստատել է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, 2020 թվականին սպասվում է 1 տրիլիոն 697 մլրդ 618 մլն դրամ, ծախսերի գծով 1 տրիլիոն 880 մլրդ 186 մլն դրամ: Ընդ որում, այս նախագծով արդեն իսկ հաստատվել է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում կառավարությունը չի շարունակի 2020 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումների իրականացումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որքան էլ իշխանական թեւը հայտարարի, որ այն աննախադեպ է, միեւնույնն է, այն խնդրահարույց կողմեր ունի, որոնցից մեկն այն է, որ բյուջեի հավաքագրումը կապված է այն հանգամանքի հետ, որ առաջիկայում մեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են, ինչի համար ՀՀ-ում շատ են մեքենաներ ներկրել:

Այս հարցերի շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, ինչո՞վ է տարբերվում 2020 թվականի բյուջենմյուս տարիների ներկայացրած բյուջեի նախագծից: Արդյոք այն կկարողանա՞լուծել այն բոլոր հարցերը, որոնք հանրության համար շատ կարեւոր ենու գերխնդիր են համարվում ՀՀ-ի համար:

-Այս նախագիծը, որն, ըստ էության, կառավարությունը հավանության է արժանացրել եւ քննարկվելու է խորհրդարանում, առաջին հերթին զարգացման վեկտոր է, ավելի մեծ հնարավորություններ ստեղծող բյուջե է, եւ այս առումով մի քանի ոլորտներում շատ ավելի առանջացիկ տեմպերով աճեր կան, ինչպիսին են առողջապահությունը եւ կրթությունը: Նաեւ սոցիալական առումով, ու, ի դեպ, այն համահունչ է այն նախընտրական ծրագրին, որ ներկայացրել էր «Իմ քայլը» դաշինքը, որտեղխոսվում էր, որ կենսաթոշակներն ամեն տարի պետք է բարձրանա, այսինքն` այդ սցենարներով պայմանավորված`նաեւ սոցիալական ծախսերն են բարձրացել այստեղ:

-Այսինքն` իշխանությունների կողմից ներկայացված բուջեից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ում տնտեսության զարգացման միտում կա:Նշվում է, որբյուջեի հավաքագրումը կապված է առաջիկայում մեքենաների մաքսատուրքերի բարձրացման հետ, ինչի պատճառով վերջին ժամանակներս աննախադեպ քանակությամբ մեքենաներ ներկրվեցին Հայաստան: Սա չի՞ նշանակում, որ սա ոչ կայուն վիճակ է բյուջեի համար:

-Եթե մենք դիտարկենք այն զարգացումները, որոնք կան մասնավորապես եկամուտների հավաքագրման գործընթացում, սրա մի մասը պայմանավորված է տնտեսական աճով, շատ փոքր մասը պայմանավորված է ԵԱՏՄ-ի շրջանակներում համեմատաբար նաեւ որոշակի աշխուժացում մտցնող ավտոմեքենաների ներկրման, եւ,ըստ էության, նաեւ դրանով է պայմանավորված եկամուտների գեներացումը, այնուհանդերձ ամենազգալի հատվածը տնտեսական կյանքի աշխուժացումն է, մասնավորապես ստվերայնության որոշակի կրճատումն է, ինչպես նաեւ բիզնես-տնտեսվարող սուբյեկտների, հատկապես ՓՄՁ, ավելի մեծ չափով գրանցումները եւ որպես ակտիվ հարկատու հաշվի առնելը: Երբ որ դու բացում ես տնտեսական խաղի կանոնները, եւ չկան արտոնյալներ, ապա այդ դեպքում վեկտոր նախանշվում է` նայելով թվերի առկայությանը:

-Դուք համարո՞ւմ եք, որ այս բյուջեն սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե է, ու առաջիկայում հանրության համար մշտապես խնդիր հանդիսացող աշխատավարձերի նկատելի բարձրացում լինելու է:

-Ուսուցիչների, զինծառայողների, փրկարարների, կենսաթոշակառուների գումարի ավելացում եղել է, ու այս ավելացումը պետք է լինի շատ առաջացիկ տեմպերով: Եթե մեր տնտեսությունը, օրինակ, աճում է, կամ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճում է 7 տոկոսով, ապա աշխատավարձը պետք է ավելի շատ մեծ աճի տեմպեր գրանցի, քան այդ 7 տոկոսը: Գնում են այդ գործընթացները, բայց, կարծում եմ, մենք ընդհանրական պետական հատվածի աշխատավարձային քաղաքականության վերանայման գաղափարախոսությունը դնենք, մենք կարիք ունենք նոր, որակյալ մասնագետների ոչ միայն մասնավոր հատվածի, այլ նաեւ պետական կառավարման: Նախկինում պետական համակարգում աշխատավարձը եղել է երկրորդական, շատ ավելի կարեւոր է եղել խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունները, ինչքան ֆիրմաներ ես կարող եմ բացել եւ մասնակցել այդ բյուջեից տարբեր տորթի կտորները գողանալու գործընթացում: Հիմա, երբ որ աշխատավարձի դերակատարումը ավելի մեծ է, ակնհայտ է, որ պետական հատվածի մասով բարելավում է լինելու:

-Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը իրագործվում է:

-Մենք որ ասում ենք տնտեսական հեղափոխություն, սա մեսիջներ են բիզնեսների համար: Այդ մեսիջները երբ որ կյանքի կկոչվեն, մենք կարող ենք ասել, որ այս գործընթացը ավարտված է: Կարծում եմ`մենք սրա ծիլերն ենք ստեղծում ու պետք է ամեն ինչ անենք բոլորը կյանքի կոչելու համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս