Ինչ կարևոր որոշումներ կայացվեցին ԵԱՏՄ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստ, որին անդամ երկրները մասնակցում էին առաջին դեմքերի մակարդակով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին որպես հրավիրյալ մասնակցում էին նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապոտ Լի Սյեն Լուն, իսկ դիտորդի կարգավիճակով էլ ներկա էրնաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Երեկ տեղի ունեցած նիստը կարելի է պատմական համարել, քանի որ Հայաստանը միաժամանակ 7 երկրների լիդերների էր հյուրընկալել:

Ռուսական առաջատար լրատվական գործակալություններն էլ հաստատեցին` երեւանյան նիստն աննախադեպ էր: ԵԱՏՄ գագաթնաժողովին, ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, կարեւոր հյուր էր Սինգապուրի վարչապետը։ Նա ներկա եղավ ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրմանը։ Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի գրասենյակից էլ հայտարարել են, որ այդ համաձայնագիրը կնպաստի, որպեսզի ավելի ամրանան առկա կապերը, ինչպես նաեւ ակտիվանան առեւտրային շփումները Սինգապուրի եւ ԵԱՏՄ միջեւ։ Կնքվել է յոթ պայմանագրից բաղկացած փաթեթ։ Հայաստանն ու Սինգապուրն էլ կնքել են երկկողմ լրացուցիչ հինգ պայմանագիր ներդրումների եւ առեւտրային ծառայությունների վերաբերյալ։

Խոստումնալից առեւտրի ազատ գոտու ստեղծման հարցը քննարկվել է նաեւ Իրանի հետ։ Գագաթնաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ ավարտվել էր ժամանակավոր համաձայնագրի մշակումը։ Ազատ առեւտրի ռեժիմը կառնչվի գյուղատնտեսական վաղահաս արտադրանքին եւ որոշ շինարարական ապրանքներին։ Ռուսական բիզնեսի համար այն, օրինակ, ըստ մասնագետների, նկատելի առավելություններ կունենա: Անհանգստացնող են միայն Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացվող ճնշումները, որի մասին իր ելույթում խոսեց նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ընդհանուր առմամբ, իսկապես այսքան մեծ թվով համաձայնագրերի ստորագրումն ու որոշումների կայացումը կարելի է աննախադեպ համարել, եւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն իրենց ելույթներում եւս փաստեցին հաջող ընթացքը` իհարկե չմոռանալով նաեւ առկա խնդիրների մասին: Դրանից զատ նկատենք, որ ԵԱՏՄ հավաքի օրնառանց միջադեպերի չանցավ: Մասնավորապես, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանումն ուղեկցվեց բողոքի ակցիայով: Մի խումբ բողոքավորներ Բաղրամյան 26-ի դիմաց պաստառներ էին պարզել՝ պահանջելով ազատ արձակել ռուսաստանցի քաղաքական բանտարկյալներին։

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին նախորդած ակցիաներից հետո ՌԴ-ում կալանավորվել են հայտնի ընդդիմադիր գործիչներ։ Նրանք մեղադրվում են անկարգությունների կազմակերպման մեջ։ Մեկ այլ միջադեպ էլ եղավ. նախագահ Պուտինին այցի ժամանակ փորձեց հարց ուղղել վրացական «Ռուսթավի-2»-ի լրագրողը: Նա հարցրեց, թե երբ է Ռուսաստանը պատրաստվում կատարել իր խոստումները: Ի պատասխան՝ ՌԴ նախագահը հպանցիկ արձագանքեց, թե Ռուսաստանը միշտ կատարում է իր խոստումները: Վրացի լրագրողը շարունակեց իր հարցը, թե երբ է ՌԴ-ն պատրաստվում ազատել Վրաստանի օկուպացված տարածքները: Բայց Պուտինն այլեւս չլսեց լրագրողի հարցը: Դրանից հետո «անսանձ լրագրողին» փորձեցին հեռացնել տարածքից:
Վերադառնալով ղեկավարների ելույթներին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում անցկացվող նիստը համարեց կառույցում Հայաստանի նախագահության յուրահատուկ կուլմինացիա: Մասնավորապես, ավարտվել են ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ մոտ ապագայում կստորագրվի փաստաթուղթը: Բանակցություններ են տարվում նաեւ Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ համագործակցության համար, որը կավելացնի մեր միության առավելությունները նաեւ որպես ներդրումների ձգողականության կենտրոն:

Իսկ, ահա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծեց, թե Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է առաջանցիկ տեմպերով, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա: «Միաժամանակ, մեր միության առջեւ ծառացած են նոր, մասշտաբային խնդիրներ: Կարծում ենք, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ապրանքների եւ ծառայությունների առեւտրի ոլորտում եղած խոչընդոտների վերացման ուղղությամբ համակարգային աշխատանքին», – նկատեց ՌԴ նախագահը: Նա ընդգծեց նաեւ, որ միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է, եւ առարկայական բանակցություններ կան 13 երկրների ու ավելի քան 120 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առեւտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ:

Իսկ, ահա,Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը շատ ավելի հեռուն գնացող հույսեր է հայտնել. խոսքը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության եւԵվրոպական միության միջեւ ազատ առեւտրի մեծ գոտի ստեղծելու բանակցությունների մասին են: Եվ նկատենք ամենակարեւոր հանգամանքներից մեկը. Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Եվ նկատենք, որ սա հեղափոխությունից հետո Իրանի նախագահի առաջին այցն էր Հայաստան:

Հավելենք, որ ընդլայնված կազմով նիստում քննարկվել է ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս