Բացահայտումներ Հրապարակում System of a down-ի համերգից հետո. կիզակետում «Հայաստան» հիմնադրամն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացված ստուգումների արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ:

Ստուգումը իրականացվել է 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Հաշվեքննիչ պալատը պարզել է, որ Հանրապետության հրապարակում դեռեւս 2015 թվականի ապրիլի 23-ին System of a down խմբի համերգը տեւել է ընդամենը 2,5 ժամ, այնինչ այդ համերգը լուսաբանող շարժական հեռուստակայանին էլեկտրաէներգիայով ապահովելու համար աշխատեցրած գեներատորի դիզվառելիքի ծախսը հաշվարկվել է 88,7 ժամ աշխատելու համար:

Փաստորեն, System of a down խմբի համերգի ժամանակ շարժական հեռուստակայանին գեներատորով էլեկտրականության ապահովման համար ընկերությանը վճարվել է 1.2 մլն դրամ` երեք օրվա վճար, յուրաքանչյուր օրվա համար 400 հազար դրամ, իսկ պահանջվող դիզելային վառելիքի համար 1.8 մլն դրամ` յուրաքանչյուր օրվա համար 1500 լիտր` հաշվի չառնելով, որ համերգը կայանալու է մեկ օր:

««Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տարբեր քաղաքներում երաժշտական փառատոնի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար հիմնադրամը 626 մլն 756 հազար 900 դրամ արժեքով10 մասնակի ֆինանսավորման պայմանագրեր է կնքել «Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն»» ՀԿ-ի հետ:
Ըստ կնքված պայմանագրի` ֆինանսավորվողը պարտավոր էր կազմակերպված համերգից ստացված ամբողջ եկամուտը փոխանցել ՀՀ պետական բյուջե: Բայց ընդհանուր առմամբ հիմնադրամի հաշվին փոխանցվել է 46 մլն 734 հազար 900 դրամ, սակայն ՀՀ պետական բյուջե ոչ մի գումար հիմնադրամի կողմից չի փոխանցվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամբողջ գումարը հիմնադրամի կողմից օգտագործվել է սեփական կարիքների համար: Սակայն հիմնադրամից փոխանցում են, որ պալատի այն պնդումը, որ պետք է վճարումներ կատարվեին պետական բյուջե, սակայն չեն կատարվել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ պայմանագրի կողմ են հանդիսացել «Հիմնադրամ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների»տնօրինությունը եւ «Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն: Իսկ ՀՀ-ն չի հանդիսանում պայմանագրի կողմ:

Բացի այս, պարզվում է, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքվել է ֆինանսական միջոցների տրամադրման հինգ պայմանագիր` ընդհանուր 130 մլն դրամ արժեքով: Կնքված պայմանագրերով նախատեսվել է, որ նկարահանված կինոնկարների ցուցադրումից ստացված եկամտից պետք է մեկ տարի շարունակ 10 տոկոսի չափով հիմնադրամին գումար փոխանցվի, սակայն չի փոխանցվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման նպատակով հիմնադրամը պայմանագիր է կնքել «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ի հետ 71 մլն 278 հազար դրամ արժեքով: Գումարն ամբողջովին փոխանցվել է հյուրանոցին: Հյուրանոցային համալիրի կողմից փաստացի մատուցել է 15 մլն 574 հազար դրամի ծառայություններ:
Այսինքն` ստացվում է, որ հիմնադրամի կողմից սխալ պլանավորելու, սխալ հաշվարկելու արդյունքում «Արմենիա» հյուրանոցի կողմից կիրառվել է պայմանագրով նախատեսված տուգանք` 14 մլն 88 հազար դրամ, ամրագրումներ կատարելու, սակայն հյուրեր չուղարկելու հիմնավորմամբ,իսկ մնացած 41 մլն 615 հազար դրամը հետ է վերադարձվել հիմնադրամին: Բայց, ի պատասխան պալատի բացահայտման, հիմնադրամը զբաղվել է միայն ֆինանսավորման հարցերով, իսկ սենյակների քանակների ամրագրումն իրականացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից տրված տեղեկության հիման վրա:

Մյուս կողմից, բացահայտվել է, որ Գերմանիայից վարձակալած մետաղական արգելափակոցի 1գծմ-ի համար հիմնադրամը 4.7 անգամ ավելի է վճարել Հայաստանում ձեռքբերածից: Այսպես, վարձակալված արգելափակոցի մեկ մետրի համար վճարվել է 45 մլն 634 հազար դրամ վարձավճար այն դեպքում, երբ հիմնադրամը արգելափակոցներ 2015 թվականի ապրիլի 1-ին «Վարդգես Ճյուղարյան» Ա/Ձ-ից ձեռք է բերել մեկ մետրը 9,600 դրամով: Ստացվում է, որ հիմնադրամը վճարել է 10 մլն 902 հազար դրամ ավելի գումար, քան այն ձեռք կբերեր ՀՀ շուկայից: Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրերի իրականացման համար պայմանագրեր է կնքել «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի, «Արման Գեւորգյան» ՍՊԸ-ի եւ «Բելինդա» ՍՊԸ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՀԱՏՄ» ընկերության կանոնադրական կապիտալը բաժնետոմսերով ամբողջությամբ պատկանում է հիմնադրամին: Եւ հիմնադրամիձեռք բերած անապահով ընտանիքների համար բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի պատրաստման, գնման, տեղափոխման եւ տեղադրման համար կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից կենցաղային տեխնիկան «ՀԱՏՄ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «ՎԻ ԷԼ ՎԻ Սենթր»-ից 23 մլն 609 հազար 100 դրամով եւ վաճառել մոտ 40 մլն դրամով կամ 16 մլն 387 հազար դրամ ավելի բարձր գնով:

Օրինակ, Ռուսաստանից ներմուծված դահլիճի աթոռները «ՀԱՏՄ»-ը ձեռք է բերել 11.1 մլն դրամով, վաճառել հիմնադրամին 29 մլն 360 հազար դրամով կամ 18 մլն 256 հազար դրամով ավելի թանկ: Իսկ կիսափափուկ աթոռները ձեռք է բերել 12,3 մլն դրամով, վաճառել 35,1 մլն դրամով կամ 22,7 մլն դրամով ավելի թանկ, ծալվող աթոռները ձեռք է բերել 18,1 մլն դրամով, վաճառել 58,4 մլն դրամով կամ 40,2 մլն դրամով ավելի բարձր գնով:Բացի այս, Պալատը հայտնաբերել է, որ «Անապահով ընտանիքներին տրամադրելու համար» «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի կողմից եւ հիմնադրամին վաճառվել է 169.2 ք/մ խոհանոցի կահույք` պատրաստված լամինացված ԴՍՊ-ից, որի մեկ ք/մ-ի գինը սահմանվել է 105 հազար դրամ առանց հարկերի:

Բայց Պալատը ուսումնասիրել է շուկայական գները եւ պարզել, որ լամինացված ԴՍՊ-ից պատրաստված խոհանոցի կահույքի մեկ ք/մ-ի գինը շուկայում կազմել է 40 հազար դրամից 60 հազար դրամ, այդ թվում` հարկերը: Այս դեպքում հիմնադրամը խոհանոցի կահույքը ձեռք է բերել շուրջ 9.3 մլն դրամով ավելի թանկ: Բայց այդ, ընկերությունը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի «Սոսե եւ Ալլենս Լեգասի Ֆաունդեյշն» երիտասարդական կենտրոնին մեկ ք/մ խոհանոցի կահույքը վաճառել է 43 եւ 60 հազար դրամով, Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցի մանկապարտեզին` 60 հազար դրամով, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի դպրոցին` 85 հազար դրամով: Այսինքն` ընկերությունն իր այլ առեւտրային գործունեության շրջանակներում նմանատիպ ապրանքները մատակարարել է շատ ավելի էժան, քանհիմնադրամին:

«Ժողովուրդ» օրաթերթը Հաշվեքննիչ պալատից տեղեկացավ, որ ստուգման ընթացքում ի հայտ են եկել կասկածներ, որ հիմնադրամի նշված գործարքներում եւ վերը նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերում առկա են հանցագործության առերեւույթ հատկանիշներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս