«Ազնիվ գողեր». ի՞նչ էին անում Ռաֆայել Երանոսյանն ու Արամ MP3-ն՝ հեղափոխության օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեծ էկրաններին է հայտնվել «Ազնիվ գողեր» անունը կրող հայկական կատակերգությունը, որի ռեժիսորը ամերիկաբնակ Գոռ Կիրակոսյանն է: Գլխավոր դերերում կարող ենք տեսնել Ռաֆայել Երանոսյանին եւ Արամ MP3-ին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց Ռաֆայելը, կատակերգությունը նկարահանվել է ամերիկյան ոճով. «Սա ժամանցային, այսպես ասած, «փոփքորն-ֆիլմ է», որի մեջ խորը իմաստ փնտրել պետք չէ, բայց, անշուշտ, այն ունի ասելիք եւ մեսիջներ»:

Դերասանի խոսքով՝ ֆիլմում Արամի, Դավիթ Թովմասյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ խաղում են ընկերներ, եւ դա բավական բնական է ստացվել, քանի որ կյանքում եւս իրենք մտերիմ են. «Մենք մեր տեսակներից շատ չենք հեռացել: Այդ առումով նկարահանման հրապարակում հեշտ էր հանդես գալ»:

Ի դեպ, «Ազնիվ գողեր»-ը նկարահանվել է Երեւանում, թավշյա հեղափոխության օրերին. «Նկարահանման բուն պրոցեսը սկսվել է այն ժամանակ, երբ ամբողջ քաղաքում տոնական տրամադրություն էր, քաղաքացիները նշում էին իրենց հաղթանակը, իսկ քասթինգը անցկացվել է հենց ապրիլյան ամենաթեժ օրերին»,- պատմեց Ռաֆայելը:
Քանի որ Գոռ Կիրակոսյանը մի առիթով դժգոհել է, որ Ռաֆայելը նկարահանման ողջ ընթացքում իր գերակտիվությամբ խանգարել է պրոցեսը, դերասանին հարցրինք՝ հույս ունի արդյոք, որ ռեժիսորն էլի իրեն նկարահանման հրավեր կանի. «Վերջերս Գոռի հետ զրուցում էի, ասաց. «Ռաֆո՛, իմ ֆիլմում համր տղայի կերպար կա, հաջորդ անգամ քեզ այդ դերն եմ տալու, որ ծպտուն չհանես»: Դե ես իմ տեսակով ասող-խոսող, աշխույժ մարդ եմ, իսկ Գոռն իր ամերիկյան կարգապահությամբ սովոր չէ դրան»,- ծիծաղելով պատասխանեց Ռաֆայելը:

Դերասանն ու ռեժիսորը շուրջ տասը տարվա ընկերներ են, բայց առաջին անգամ են համագործակցել. «Գոռին ասացի. «Քո առաջին կինոյի մեջ Անդոն է նկարվել, դրա համար լավ չի ստացվել, արի այս անգամ ինձ նկարի, որ հաջողություն գրանցես»: Վերջը լսեց ինձ»,- կատակեց Ռաֆայելը:

Անի Անտոնյան




Լրահոս