Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռն, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածով և կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։ Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում (https://www.cadastre.am/page/land_balance) կտեղադրվի որոշման վերաբերյալ գրավոր փաստաթուղթը կառավարությունից ստանալուն պես։
Ի դեպ, 2018 թվականից ի վեր, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ, հողային հաշվեկշռում առանձին ներկայացվում են նաև համայնքների և մարզերի տվյալները։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարներն ու Ջրային կոմիտեի նախագահը պետք է մարզպետներին, համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտեին ներկայացնեն իրենց ոլորտներում հողային ֆոնդի կազմում փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլն)` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար: Շրջակա միջավայրի նախարարը նույն նպատակով պետք է նաև ներկայացնի անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները։
Տվյալների գրաֆիկը ևս առաջիկայում կուղարկենք լրատվամիջոցներին։
Կադաստրի կոմիտեի լրատվություն