Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորավպես ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր բնագավառներում։ Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական խորացման հարցերում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը, որի շրջանակներում կառուցողական երկխոսություն ունեցանք երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»:
Նախագահ Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն: