Armenian text to speach

ԲՀԿ-«Իմ քայլը» հակամարտությունը սկսված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ խորհրդարանում կրքերն ավելի թեժացան այն բանից հետո, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի նախագծին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, թե ԲՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել, իսկ ԲՀԿ-ն էլ իր հերթին ասաց, թե իշխանությունների կողմից ներկայացված նախագիծը հիմնազուրկ է:

Խորհրդարանում երեկ ամբողջ օրվա ընթացում ԲՀԿ-«Իմ քայլը» խմբակցության միջեւ հեռահար կռիվ էր ընթանում այն բանի համար, որ ընդդիմություն համարվող ԲՀԿ-ն որոշել է իշխանությունների նախագծին «պադդերժկա» չանել, ավելին` հայտարարել է, թե նախագիծը իրավական առումով կաղում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ իմքայլականները մասնավոր զրույցներում հայտարարում էին, թե իրենք վստահ են, որ կլինեն ԲՀԿ-ականներ, ովքեր այդ օրը ինքնակամ կգան, որպեսզի կողմ քվեարկեն նախագծին, որքան էլ որ ԲՀԿ խմբակցությունը հայտարարել է, թե իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ում էլ որոշել են այս օրերին փաստերով խոսել եւ ապացուցել, որ իմքայլականների ներկայացրած հիմքերը իրավական առումով մերկ են: Ու երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, խոսում էին այդ ամեն մասին: Մեր տեղեկությունների համաձայն` իմքայլականները շատ ծանր են տարել այդ հանգամանքը ու իրենք էլ իրենց հերթին են որոշել ԲՀԿ-ին անխնա քննադատել:

Տեղեկացնենք, որ այսօր արդեն պետք է մեկնարկի ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումը, Ստրասբուրգից էլ կվերադառնա ԵԽԽՎ հայկական պատվիրակության իշխող թեւը այդ քննարկմանը միանալու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս