Սեպտեմբերի 24-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել «Հանրապետական ծննդատանը». մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի նորածինը: Մայրը նորածնի դիակը չէր տեսել: Ավելի ուշ ծնողներն անանուն զանգ էին ստացել և տեղեկացել, որ դին 6 օր շարունակ դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել:
Այսօր ArmLur.am-ը այցելեց Հայկուհի Խաչատրյանին, զրուցեց դեպքի մանրամասների մասին: Հայկուհին պատմեց, որ տարբեր կասկածներ էին առաջացել նրա մոտ: Նրա կարծիքով՝ երեխային կամ նրա օրգանները հիվանդանոցը վաճառել է, նույնիսկ հնարավոր է, որ նա հիմա ողջ է:
«Թող ինձ ցույց տան իմ երեխայի դին, ես տանեմ հուղարկավորեմ, լաց լինեմ, համոզվեմ, որ իմ երեխան մահացել է: Ես պայքարելու եմ մինչև վերջ, բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»,-ասաց նա:
Հանրապետական ծննդատանը նորածնի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:
ArmLur.am-ը դեպքի մասով Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան