Ահազանգ. Զովունիի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Կոտայքի մարզի Զովունի համայնքի ազգությամբ եզդի բնակիչները: Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է համայնքում կատարվում են անասնագողություններ: Բնակիչները մեզ հետ զրույցում նշում են, որ հայտնվել են անելանելի վիճակում:

«Բազմիցս դիմել ենք ոստիկանություն, սակայն ապարդյուն, դեռևս ոչ մի անասնագողության դեպք չի բացահայտվել: Այս գիշեր 16 անասուն են գողացել, որոնց հայտնաբերել են Աշտարակի ճանապարհին: Տանում են ամենալավ քաշ ունեցող անասուններին: Չգիտենք, այդ անասուններին տանում են սպանդանոցները, թե մի այլ տեղ»,-ասացին նրանք:

Զովաշենցիների կարծիքով՝ տեղի է ունենում մսի մթերման իրացում՝ առանց վերահսկողության:

Բնակիչների խոսքով, նույնիսկ նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերոհիշյալ խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու համար:

Այս առնչությամբ ArmLur.am-ին ՀՀ Ոստիկանությունից հայտնեցին, որ Ոստիկանության Նաիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ճանապարհի մոտակայքում 20 հատ խոշոր եղջերավոր անասուն են նկատել:

Մեկնած խումբը պարզել է, որ նշված անասունները եղել են թվով 16 գլուխ, և պատկանում են Զովունի համայնքի մի բնակչի, ով հոկտեմբերի 2-ին 11:30 հաղորդում է ներկայացրել, որ մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Քանաքեռավան գյուղում ցանկապատված հատվածում 16 գլուխ անասունները անհայտ պայմաններում դուրս են եկել նշված վայրից:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հավելենք՝ Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ընդհանուր վիճակագրական տվյալների մասին տեղեկություններն այս պահին  ճշտվում են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս