Գյումրու քաղաքապետարանն առաջիկայում գումար կհատկացնի Արթուր Ալեքսանյանի (Սպիտակ արջ) անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցին: Դրամական միջոցները դպրոցին կհատկացվեն որպես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը ընդգրկված է Գյումրիի ավագանու հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում:
Այստեղ կքննարկեն նաեւ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին որպես նվիրատվություն գումար հատկացնելու մասին որոշումը: Օրակարգում է նաեւ սոցիալապես անապահով 144 ընտանիքի դրամական աջակցություն տալու հարցը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի կարիքների համար անհրաժեշտ է մեկ ավտոաշտարակ եւ մեկ բեռնատար:
Եւ հիմնարկը մտադիր է այն գնել երկրորդական շուկայից` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Գյումրու ավագանին թույլ կտա այս տարբերակով գնում իրականացնել, թե ոչ` պարզ կդառնա հոկտեմբերի 8-ին: