Հսկողություն` Դիլիջանում․ որ բնագավառներն են «թիրախում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում Դիլիջան համայնքում իրականացվելիք իրավական եւ մասնագիտական հսկողության բնագավառները եւ աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին: Որպես իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնելու իրավական հիմք են հանդիսացել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասը ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի 2018թ. դեկտեմբերի 21-ի 364-Ա հրամանը: Մարզպետ Չոբանյանը Դիլիջան համայնքում հսկողություն իրականացնող 19 հոգանոց աշխատանքային խմբի ղեկավար է նշանակել մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ափինյանին, խմբի անդամներ` Տավուշի մարզպետարանի պաշտոնատարների:

Դիլիջանում հսկողություն կիրականացվի ֆինանսների, կոմունալ տնտեսության,քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման,առողջապահության, գյուղատնտեսության եւ անասնաբուժության, տրանսպորտի, կապի ու համայնքային կյանքի այլ բնագավառներում: Խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավար, 2005թ. Դիլիջանը ղեկավարող Արմեն Սանթրոսյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց, թե նախկինում Տավուշի մարզպետարանը Դիլիջան համայնքում իրավական եւ մասնագիտական հսկողության իրականացրել է արդյոք: Համայնքի ղեկավարն ասաց, որ նախկինում նման հսկողություն չի իրականացվել:

Ա․ Սանթրոսյանը Տավուշի մարզպետարանի կողմից տեղեկացված չէր,որ իր ղեկավարած համայնքում իրավական եւ մասնագիտական հսկողություն է իրականացվելու: Մարզպետի որոշմամբ` Դիլիջան համայնքում իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնելուց հետո աշխատանքային խումբը եզրակացություն կկազմի, այդ հսկողության արդյունքները դեկտեմբերի առաջին տասնօրյակում կներկայացվեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս