Գերմանիայում և մի քանի այլ եվրոպական երկրներում գտնվող հայերի ճակատագիրը որոշված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին ԵՄ անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը զգալիորեն ավելացել է: Նրանց վերաբերյալ նաեւ ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ հանգեցնելու է առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին։

Եվրոպայում վերջին տարիների միգրացիոն զարգացումները ցույց են տալիս, որ վերադարձի վրա կենտրոնացումը հետագա տարիներին ոչ թե նվազելու է, այլ ավելանալու է: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության` Հայաստանն այլեւս դասվում է «ապահով երկրների» շարքին, ուստի Հայաստանի միգրանտներից ստացվող ապաստանի հայցի դիմումների գերակշռող մասը մերժվում է:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2010-2018 թվականներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ եւ ԵԱԱԸ անդամ պետություններում ներկայացվել է 57 հազար 250 ապաստանի հայց: Ընդհանուր առմամբ, 2010-2018 թվականների վերջնական որոշումների հիման վրա ՀՀ քաղաքացիներին շնորհվել է 1080 փախստականի կարգավիճակ, 1015 հումանիտար պաշտպանության կարգավիճակ եւ 880 օժանդակ պաշտպանության կարգավիճակ: Այս ժամանակահատվածի 4 հիմնական նպատակակետ երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ Բելգիան, որոնք միասին տարեկան ընդունել են ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների մոտ 88 տոկոսին։

Ինչպես հայտնի է, վերադարձի գործընթացը Հայաստան եւ ԵՄ անդամ երկրների միջեւ կանոնակարգվում է «ԵՄ եւ ՀՀ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրով: Իսկ ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում կողմերը պարզում են այն անձանց ինքնությունը, ովքեր չեն բավարարում հարցում ներկայացրած պետության տարածք մուտք գործելու, ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին, եւ պարտավորվում են հետ ընդունել իրենց սեփական քաղաքացիներին։

Հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում ստացվող հայցերի (առանց թույլտվության բնակվող անձանց) քանակը տարեցտարի ավելանում է: Այսպես, եթե 2015-ին ԵՄ երկրներից ստացվել է 146 հայց, ապա արդեն 2018թ. ստացվել է 1042 ռեադմիսիոն հայց` 2077 անձանց վերաբերյալ: Ռեադմիսիոն հայցեր ուղարկող ԵՄ երկրների թիվը 2014 թվականի 2-ի փոխարեն (Շվեդիա եւ Լեհաստան) 2018 թվականին դարձել է 8-ը: Ընդհանուր առմամբ, 2012-2018 թվականների ընթացքում ԵՄ երկրներից եւ Ռուսաստանից ստացվել են 2488 ռեադմիսիոն հայցեր 4889 անձանց մասին: Վերջին երկու տարիներին ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը Գերմանիան է, որը 2017թ-ին ուղարկել է 499 հայց, իսկ 2018թ-ին` 681 հայց: 2019թ.-ի առաջին ութ ամիսների ընթացքում ստացվել է 679 հայց 1376 անձանց մասին, որից 1063 անձանց ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է:

Բացի այս, պարզվում է, որ 2017 թվականի ընթացքում 5350 ՀՀ քաղաքացիների` ՀՀ վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերադարձել է ընդամենը 1470 անձ: Անցած տարվա ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնային իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ:

Ընդհանուր առմամբ, 2009-2018թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46 հազար 945 ՀՀ քաղաքացիների վերադարձնելու մասին որոշում: Միեւնույն ժամանակ, 2009-2018թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններից փաստացի Հայաստան են վերադարձվել 12 հազար 50 ՀՀ քաղաքացիներ: Այս տարվա տվյալներով` 1612 ՀՀ քաղաքացու մուտքը ՌԴ արգելվել է:

Վերադարձից հետո այս անձինք բախվում են մի շարք խնդիրների, հատկապես, եթե Հայաստանից հեռանալուց «այրել են» բոլոր կամուրջները` վաճառել բնակարանը, թողել աշխատանքը, հարազատներին: Իրենց համար հատկապես խնդրահարույց է վերադարձից հետո ամեն ինչ վերագտնելը, կրկին հարմարվելը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը մտադիր է ծրագիր մշակել, որով հնարավոր կլինի առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին: Կտրամադրվի խորհրդատվություն ե՛ւ կամավոր, ե՛ւ հարկադիր վերադարձածներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս գործում են վերաինտեգրման 9 ծրագրեր, որոնցից 7-ի շահառուները կարող են դառնալ միայն կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիները, իսկ 2-ինը` նաեւ հարկադիր վերադարձողները: Տարբեր են նաեւ իրականացվող ծրագրերի միջոցով տրամադրվող աջակցող ծառայությունների փաթեթները:

Հայաստանում գործող վերաինտեգրման աջակցության ծրագրերը առաջարկում են աջակցության, այսպես կոչված, «լայն» փաթեթ, որը, բացի խորհրդատվական աջակցությունից, ընդգրկում է ֆինանսական ծախսերի որոշակի ուղղություններ, ինչպիսիք են եկամուտ ապահովող գործունեությամբ զբաղվելը, մասնագիտական վերապատրաստումը, երեխաների ուսուցումը, սոցիալական եւ բժշկական կարիքներին ուղղված աջակցությունը:

Ի դեպ, կառավարությունը լիահույս է, որ այս հարցում պետության կողմից դրամական միջոցների ներդրումը կշահագրգռի միգրանտներին հայրենիք վերադառնալ եւ վերաինտեգրվել, ինչը կարեւոր ազդակ կարող է լինել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը արագացնելու հարցում: Արդյոք կարդարացվի գործադիրի ակնկալիքները, ցույց կտա ժամանակը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս