Չէի պատկերացնում, որ մայր կդառնամ, ինձ թվում էր՝ աղջնակ եմ մնալու. Լիլի Էլբակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի, բեմադրիչ Լիլի Էլբակյանն է: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչպես կապրեր, եթե հայտնի չլիներ, նշել է, թե ինչպես է վարվում իրեն հարվածողների հետ: Լիլին խոստովանել է, որ վրդովվում է, երբ երեխաներն իրեն չեն լսում, բայց նրանց համարում է իր կյանքի մեծագույն պարգեւը:

-Լիլի՛, երբեք չէիք պատկերացնի, որ…

-Կունենամ երկու հրաշք բալիկ, մայր կդառնամ: Սպասում էի այդ օրվան, բայց ռեալ չէի պատկերացնում, ինձ թվում էր, որ աղջնակ եմ մնալու (ծիծաղում է):

-Երբ թվացել է, որ վերջ, ձախողվել եք, ի՞նչ եք արել:

-Հասկացել եմ, թե որտեղ եմ սխալվել եւ սկսել եմ սկզբից, այն կետից, որտեղ ընկել եմ, ձախողվել եմ, փորձել մի նոր բանի հասնել, որ հաջորդ անգամ չձախողվեմ:

-Կյանքի ամենաթանկ նվերը Ձեզ:

-Ծնողներս եւ երեխաներս:

-Ձեզ սովորաբար հարվածում են մարդիկ, որոնք…

-Ես չեմ կարծում, որ մարդիկ ինձ հարվածում են: Եթե նույնիսկ հարվածում են, ես ներում եմ եւ անցնում, դրա մասին չեմ մտածում: Համենայնդեպս, նման դեպքերում մարդիկ հարվածում են իրենք իրենց: Բոլոր դեպքերում ես շարունակում եմ քայլել իմ ճանապարհով:

-Եթե չլինեիք հայտնի, ի՞նչ կյանքով կապրեիք:

-Միշտ մտածել եմ այդ մասին: Երեւի կուզենայի ապրել շատ հասարակ կյանքով: Ինձ դուր է գալիս, երբ ինձ չեն ճանաչում: Սիրում եմ թաքնվել բոլորից: Այդ դեպքում ավելի հանգիստ եմ, որեւէ մեկը պարտավորեցնող հայացքով ինձ չի նայում: Հիմա էլ եմ հասարակ կյանքով ապրում, բայց եթե հայտնի չլինեի, կախված չէի լինի ոչ մեկի կարծիքից:

-Ձեզ միշտ տանջում է այն հարցը, թե…

-Տարբեր ժամանակահատվածներում տարբեր հարցեր են տանջում: Հիմա երեւի թե մտահոգվում եմ, թե ինչու են մարդիկ չարանում եւ ինչու, տեսնելով որեւէ հրաշք, մոռանում են եւ հետո նորից չարանում… Սա գլոբալ թեմա է, բայց անհանգստացնում է: Հարազատ մարդ է մահանում, մենք սգի մեջ ենք, բայց հետո նստում ենք հոգեհացի…

-Շատ եք ափսոսում, որ…

-Ափսում էի, երբ որեւէ բան չէի հասցնում: Երբ երեխաներով եմ տարված, չեմ հասցնում շատ ստեղծագործել, եւ հակառակը, երբ ստեղծագործում եմ, չեմ հասցնում ընտանիքով զբաղվել: Բայց հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ ունի իր ժամանակը: Բայց հիմա մտածում եմ, որ եթե նույնիսկ որեւէ բան չեմ հասցնում, այդ ժամանակ այդ տեղում եմ պետք, որտեղ որ եմ:

-Վախենում եք, որ…

-Միշտ վախենում եմ մարդկային կորստից, ինձ հարազատ մեկին կորցնելուց:

-Հույս ունեք, որ…

-Երկնքում մի օր բոլորս կհանդիպենք իրար, որ կյանքը մահով չի ավարտվում:

-Երազում եք մի փոքր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի…

-Գնամ ինչ-որ տեղ հանգստանալու, շատ հեռու մի տեղ, բնության գրկում եւ գրեմ, որովհետեւ երբ երիտասարդ էի, շատ էի գրում, հիմնականում պիեսներ: Հիմա այդ բացը շատ եմ զգում: Գրելու ժամանակ պարզապես չկա: Երազում եմ չունենամ հոգս, չմտածեմ, որ առանց ինձ որեւէ բան չի ստացվի եւ նվիրվեմ ստեղծագործելուն:

-Տղամարդիկ սովորաբար Ձեր մեջ առաջինը նկատում են…

-Հմայքը, ժպիտը:

-Իսկ ո՞րն է Ձեր հմայքի գաղտնիքը:

-Անկեղծությունը: Իմ առավելությունն է այն, որ ես այն եմ, ինչ կամ: Ո՛չ ավել եմ ներկայանում, ո՛չ պակաս: Չեմ սիրում հորինել աշխարհ, որտեղ դու ավելին ես, քան կաս:

-Հոլիվուդյան հայտնիներից ո՞ւմ կյանքով մեկ օր կապրեիք:

-Երեւի ոչ մեկի, որովհետեւ իմ կյանքը սիրում եմ, բայց հայտնիներից շատ սիրում եմ Ջուլիա Ռոբերթսին: Կցանկանայի նրա հետ պարզապես հանդիպել, բայց իր կյանքով չէի ապրեի:

-Երբեմն վրդովվում եք, երբ…

-Երբ երեխաներս ինձ չեն լսում, եւ ես չեմ գտնումնրանց հետ հարաբերվելու եզրեր: Այդ ժամանակ գոռում եմ, որովհետեւ զգում եմ, որ ոչինչ չեմ կարող անել:

-Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ վայրը:

-Երեւի երկինքը, որովհետեւ ես միշտ նայում եմ երկնքին եւ մտածում եմ, որ այնտեղ ամեն բան շատ ավելի գեղեցիկ է:

-Եվ վերջում՝ կա՞ մի հարց, որ չտվեցի Ձեզ, բայց Դուք չցանկանայիք, որ այն հնչեր:

-Ոչ, այս պահին նման հարց մտքովս չի անցնում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս