Մարտի 1-ի գործով հարցաքննության են կանչել քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործով անցնող պաշտոնատարներին, ըստ ամենայնի, նոր մեղադրանքներ կառաջադրեն: Երեկ ուշ երեկոյան «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սույն քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանին, որին առաջիկայում մեղադրանք կառաջադրվի: Բանն այն է, որ նախաքննական մարմինը բախվել է վաղեմության ժամկետի հետ կախված մի խնդրի, այսինքն` անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները:

Ուստի, ըստ մեզ հասած լուրերի, նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, վաղեմության ժամկետի հարցը լուծելու համար փորձելու է ծանրացնել մեղադրանքները: Նախադեպ էլ կա, ի դեպ. ՀՔԾ-ն Կոտայքի նախկին մարզպետի ու Հրազդան համայնքի ղեկավարի կողմից իրենց մտերիմներին ժամանակին հողատարածքներ բաշխելու վերաբերյալ քրեական գործ հարուցեց: Հետո, սակայն, բախվեց նույն` ժամկետի խնդրին եւ կարճեց գործը: Ու հիմա իրավապահներն այլ միջոցի են դիմում գոնե հողատարածքները ետ վերադարձնելու համար: Գլխավոր դատախազությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է դիմել դատարան` պետական շահերի պաշտպանության հայցով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս