Արդեն մի քանի տարի է, ինչ մայրաքաղաքի կահավորման անբաժանելի մասն են հաճարից պատրաստված, թուջե ձուլվածքով նստարաններն ու աղբամանները: Բայց քաղաքապետարանը այդ «Երեւան» ձուլվածքով նստարանները ձեռք է բերում խիստ թանկ արժեքով: Ավելին` դրանց գնման համար քաղաքային բյուջեից միլիոններ են հատկացվում:
Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի գնել է գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 20-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ: Պայմանագրի գինը կազմում է 82 մլն 200 հազար դրամ:
Այսպես, ձեռք են բերվել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի միավորի արժեքը կազմում է 164 հազար 400 դրամ: Ըստ պահանջվող տեխնիկական բնութագրի` նստարանի ոտքերը, մեջքի մասը պետք է թուջե ձուլվածքից լինի: «Նիկոլ Դուման»-ը պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից 30 օր հետո` 150 հատ, 60 օր հետո 150 հատ նստարան պետք է մատակարարի քաղաքապետարանին:
Նախկինում էլ Երեւանի քաղաքային իշխանությունները (խոսքը Տարոն Մարգարյանի իշխանության մասին է) աղբամանները ձեռք էին բերում «Նիկոլ Դուման»-իցհատը 78 հազար դրամով: «Նիկոլ Դուման» Ա/Կ հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը եւ Արսեն Հայրապետյանը:
Առաջին հայացքից այս անունները հանրությանը ոչինչ չեն հուշում: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս կազմակերպության հիմնադիրներից մեկը` Կառլեն Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ:
Մյուս կողմից, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանն աղբամանների գնման հարցում գոնե գումարի տնտեսում է արել: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանն օգոստոսի 20-ին պայմանագիր կնքել է նաեւ «Բելմետ» ընկերության հետ, ըստ որի` ձեռք է բերվել 600 հատ մեծ աղբաման ձուլվածքով, միավորի գինը կազմել է 40 հազար 800 դրամ` նախկին 78 հազար դրամանոցի դիմաց: Այսինքն` այս դեպքում քաղաքապետարանը մեկ աղբամանի գնման մեջ տնտեսել է 37 հազար 200 դրամ:
Նշենք, որ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն 480 հազար դրամ: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի`այս ընկերությունը ստեղծվել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին, գրանցման հասցենԿոտայքի մարզի Հրազդան քաղաքն է, իսկ հիմնադիրն է Սարգիս Միլիտոնյանը:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետարանի`164 հազար 400 դրամանոց նստարանի գնմանը, հայտարարեց. «2017 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ես ավագանու թեկնածու էի, Նիկոլ Փաշինյանը մեր դաշինքի քաղաքապետի թեկնածուն էր, այդ ժամանակ պարոն Փաշինյանը հարցազրույց տվեց առ այն, որ համարում է շատ ճոխ գնում, եւ դեռեւս պետք է պարզվի, թե որքանով է այդ գինն օբյեկտիվ:
Ես այդ մասին հիշեցրել եմ այս տարի, երբ դեռեւս գնումը նոր էր հայտարարվել եւ այն կայացած չէր: Քաղաքապետարանից հրապարակավ պարզաբանումներ եմ պահանջել այդ գնման օբյեկտիվ հիմքերի վերաբերյալ այն մասով` արդյոք դա ճոխություն չէ, եւ ինչու կրկին այդպիսի տեխնիկական բնութագրերով, որոնցով շահեց, ըստ էության նույն կազմակերպությունը»: Սակայն իր այս հարցադրմանը Խաժակյանն այդպես էլ քաղաքապետարանից պարզաբանում չի ստացել: Բայց մեր զրուցակցի համոզմամբ` գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, հատկապես, երբ խոսքը ավելի քան 100 միլիոն դրամի մասին է:
«Ես ուսումնասիրել եմ նստարանների տեխնիկական բնութագրերը, եւ ակնհայտ է, որ դրան բավարարող միայն այդ կազմակերպությունը կարող էր լինել: Առնվազն այն պատճառով, որ շտամպերով, որոնցով պատրաստում են այդ նստարանները, մոտավորապես նույնն են, եւ տվյալ կազմակերպությունն այդպիսի մատակարարման հնարավորություն ունի: Բայց ակնհայտ է, որ ճոխության հետ կապված հարցադրումը կա` հատկապես հաշվի առնելով, որ այդ նստարաններն անընդհատ շարքից դուրս են գալիս»,- նկատեց Խաժակյանը:
Ի դեպ, նշենք, որ այս տարվա մայիսի 15-ին քաղաքապետարանը հայտարարել էր նստարանների, աղբամանների ձեռքբերման բաց մրցույթ, ինչից որոշ ժամանակ անց`հունիսի 26-ին, գնումների բողոքարկման խորհուրդը բողոք է ստացել ՀՀ քաղաքացի Սասուն Աբրահամյանից, եւ այդ պատճառով գնման գործընթացը կասեցվել էր:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել քաղաքացի Սասուն Աբրահամյանի բողոքը: Քաղաքացին պնդում է, որ բաց մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրում սահմանվել են այնպիսի չափանիշներ, որոնք թույլ չեն տալիս կամ կարող են թույլ չտալ, որ օգտագործվող նյութերը, ապրանքները լինեն նույն չափերի, այսինքն` չեն սահմանվել շեղումներ:
Ըստ Սասուն Աբրահամյանի` նույն տեխնիկական բնութագրով ապրանքների հանձնում-ընդունումը սահմանափակում է մասնակիցների շրջանակը, այսինքն` հնարավոր չի լինի այնպես կտրել փայտ, կամ ձուլել չուգուն, որ չլինեն շեղումներ:
Իսկ, ահա, քաղաքապետարանն այս հարցով ներկայացրել էր իր դիրքորոշումը`նշելով, որ հայտարարելով մրցույթը` մեծ կարեւորություն է տվել այն հանգամանքին, որ նստարանների ու աղբամնների արտաքին տեսքն ու ձեւավորումը նույնությամբ կրկնօրինակեն նախկինում տեղադրված գույքի արտաքին տեսքին եւ ձեւավորմանը: Այսինքն` Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ նպատակահարմար է գտել չներկայացնել տեխնիկական բնութագրում պարտադիր շեղումները`արհեստական խոչընդոտներից զերծ մնալու, Երեւանի արտաքին տեսքն ու արդեն տեղադրված նստարանների եւ աղբամանների միատեսակությունը չխախտելու համար:
Ինչեւէ, նկատենք, որ «Նիկոլ Դուման»-ի առաջարկած մեկ նստարանի գնով քաղաքապետարանը կարող էր մեկ այլ կազմակերպությունից գնել երկու կամ երեք նստարան: Եվ նաեւ սա նկատի առնելով` հանրության համար անհասկանալի է, թե ինչու են քաղաքային իշխանությունները նման անհարկի շռայլություններ թույլ տալիս:
Սյունէ Համբարձումյան