Հոկտեմբերի 3-ին Իջեւան քաղաքում` Տավուշի մարզպետարանի շենքի հետեւի մասում, հանդիսավորությամբ բացվեց «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնի շենքը։ Այդ շենքում տեղակայված են լինելու նաեւ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանը, արհեստների եւ արվեստների խմբակներ, նաեւ Իջեւան քաղաքում միակ կինոթատրոնը։
Քառահարկ մեծ շենքի կառուցմանը ֆինանսապես օգնել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, Կանադայի եւ ԱՄն-ի հայ բարերարներ, որոնք ներկա էին շենքի բացմանը։ Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2017թ. մարտին։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ շենքի ներքին հարդարման, կահավորման աշխատանքները կավարտվեն 2020թ. մայիսին։ Շենքի կառուցմանը ֆինանսապես օժանդակած ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, կանադահայ եւ ամերիկահայ բարեգործները Տավուշի թեմի կողմից արժանացան թեմի «Տավուշի Խաչ-Տահույս» շքանշանի։
Ոսկան Սարգսյան
Տավուշ