Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։
Այսօր ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։
Վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է և այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է որովայնային և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում շատ շփոթված հայտնեց, որ դեպքի մասին մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ այս պահին նա զբաղված է որդու առողջությամբ:
«Այս պահին իմ տղայի առողջությամբ եմ զբաղված, դեռ ոչինչ չեմ կարող ասել, պետք է վիճակը գանհատվի»,-ասաց նա:
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներկայիս տնօրենն իր պաշտոնը ստանձնել էր մեկ ամիս առաջ: Մինչ այդ կենտրոնը ղեկավարում էր Արմեն Տանանյանը:
Լիդա Եղիազարյան