Մենք տարբեր առումներով շատ նմանություններ ունենք․ շարունակվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սերբիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Բելգրադ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ:

«Պատիվ է ընդունել Ձեզ այստեղ, – նշել է Սերբիայի նախագահը՝ դիմելով Հայաստանի նախագահին և հայտնելով առանձնազրույցից իր տպավորությունները:- Զգացեք Ձեզ ինչպես տանը: Դուք, որպես ոչ միայն հիանալի քաղաքական գործիչ, այլև գործարար նախկինում մեծ աշխատանքներ եք իրականացրել: Ես իսկապես տպավորված էի տարբեր հարցերի շուրջ Ձեր ունեցած գիտելիքներով»: Հիշատակելով Սերբիայում մեծ ժողովրդականություն վայելող «Վեր կաց, Սերբիա» երգը, որի հեղինակը երկար տարիներ Սերբիայի հեռուստառադիոյի երաժշտական հաղորդումների խմբագրությունը ղեկավարած հայազգի Վարդգես Բարոյանն է, Ալեքսանդար Վուչիչն ասել է․ «Մենք սիրում ենք հայ ժողովրդին և Հայաստանը: Դուք դրանում կարող եք համոզվել ցանկացած տեղ գնալով և ցանկացած մեկի հետ խոսելով: Շատ հպարտ ենք Հայաստանի հետ մեր ունեցած լավ հարաբերություններով: Կարծում եմ՝ վաղուց արդեն ժամանակն է անցնել գործնական քայլերի»: Նա մասնավորապես նշել է, որ քաղաքական հարաբերությունները մեր երկրների միջև մշտապես լավ մակարդակի վրա են եղել: «Սակայն պետք է քայլեր ձեռնարկենք դրանք ավելի լավը դարձնելու համար: Դրա առաջին քայլերից մեկը կարող է լինել Երևանում նոր դեսպանատուն բացելը, – ասել է Սերբիայի նախագահը: – Միևնույն ժամանակ, խոսելով հստակ քայլերի մասին, պետք է քննարկենք, թե միասին ինչ կարող ենք անել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում: Ունենալով երիտասարդ տաղանդավոր անձինք՝ պետք է օգտագործենք նրանց գիտելիքները»:

Շնորհակալություն հայտնելով Սերբիա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ալեքսանդար Վուչիչին պաշտոնապես հրավիրել է Հայաստան՝ նշելով, որ ուրախ կլինի նրան հյուրընկալել մեր երկրում: «Գալով Հայաստան՝ վստահ եղեք, որ տուն կունենաք, ինչպես ես այստեղ,- ասել է նախագահ Սարգսյանը: – Դա տուն է բարեկամների համար, քանի որ ես ընկերությունը լուրջ եմ ընդունում, ինչպես բոլորը Հայաստանում: Ես ցանկանում եմ, որ Հայաստանն ավելի մոտենա Սերբիային: Թերևս մենք մի քանի տարի կորցրել ենք, սակայն կարող ենք շատ արագ վերականգնել այդ ամենը:

Համաձայն եմ՝ որ կան մի շարք ոլորտներ, որոնք հատկապես կարևոր են մեր համագործակցության տեսանկյունից՝ նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում և այլն: Մենք ցանկանում ենք Հայաստանը ներդաշնակեցնել ապագայի հետ, նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան»: Հանրապետության նախագահն ասել է, որ այդ ամենը մեծ ջանքեր են պահանջում, այդ թվում՝ զարգացնելու կրթական համակարգը: «Պետք է տնտեսապես գրավիչ լինել, ունենալ ավանդույթներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Բացի այդ, պետք է ապահովել խոշոր ընկերությունների ներկայությունը: Կարծում եմ՝ սա է ապագան, – ասել է նախագահ Սարգսյանը: – Հայաստանում մեծ ջանքեր ենք ներդնում՝ ստեղծելու գաղափարներ, սովորեցնելու նոր տեխնոլոգիաները: Հպարտ կլինեմ Ձեզ և Ձեր գործընկերներին ներկայացնել դրանք»:

Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկրում առաջ է մղվում ստարտափների մշակույթը, և ներկայացրել Հայաստանում կազմակերպվող Seaside ստարտափը, որն ամեն տարի մեկ շաբաթով մեկ հարկի տակ է հավաքում հարյուրավոր անձանց: «Նախաձեռնել ենք նաև ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որի շրջանակում ուրախ կլինեինք տեսնել սերբական ընկերություններ կամ ինստիտուտներ Հայաստանում, ինչպես նաև լավ կլիներ, եթե հայկական ընկերություններն այցելեն Սերբիա,- ասել է նախագահ Սարգսյանը: – Մենք տարբեր առումներով շատ նմանություններ ունենք՝ մեր ամենամեծ ռեսուրսը մարդկային ռեսուրսն է: Ես կանեմ հնարավոր ամեն բան, որ այս մակարդակով մեր կապը շարունակվի»:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման սերբական կողմի որոշումները՝ նշելով, որ դրանք երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ կարևոր քայլ են։




Լրահոս