Երեկ Ազգային ժողովում 98 կողմ, 1 դեմ ձայներով ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը, իսկ 2 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Ստացվում է` ընդհանուր առմամբ Հրայր Թովմասյանի հարցով քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Այսինքն, այդ հարցի քվեարկությունից բացակայել է 5 պատգամավոր, քանի որ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների ընդհանուր թիվը 106-ն է, իսկ ԲՀԿ-ն էլ չի մասնակցել քվեարկությանը:
Իսկ ովքե՞ր են բացակաները. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից երեկվա նիստից բացակայել են Էդմոն Մարուքյանն ու Անի Սամսոնյանը, որոնք գործուղման են: Իսկ, ահա, «Իմ քայլը» խմբակցությունից քվեարկությունից բացակայել են Հայկ Կոնջորյանը, Լենա Նազարյանն ու Եղիշե Սողոմոնյանը: