Ինչպես է Արցախի Գերագույն դատարանը վերաբերվում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ի վերջո, խորհրդարանում հանգուցալուծվեց արդեն մի քանի շաբաթ քննարկվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը: 98 կողմ, 1 դեմ, 2 անվավեր քվեաթերթիկ հարաբերակցությամբ խորհրդարանականները հարցն ուղարկեցին Սահմանադրական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ էլ իշխանական խմբակցությանը անհանգստացնում է այն հարցը, թե արդյոք Սահմանադրական դատարանը հարցն ընդունելու է վարույթ, թե ինչ-որ մի խնդիր բացահայտվելու է, ու այն կրկին հետ կուղարկվի խորհրդարան:

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Եթե ԱԺ-ի որոշումն ընդունվի, արդեն հարցը կլինի ՍԴ-ի տիրույթում, իսկ եթե մերժվում է, ես իմ մտքում շատ քայլեր ունեմ, բայց պիտի հասկանանք` հիմա պրոցեսն ինչ պետք է լինի»:

Ըստ մեր տեղեկությունների` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանին եւ Վլադիմիր Վարդանյանին, ովքեր համարվում են խմբակցության լավագույն իրավաբանները, հորդորել են ամեն ինչ անել, որպեսզի որեւէ տեխնիկական խնդիր ՍԴ-ն չհայտնաբերի իրենց ուղարկած նախագծում, որպեսզի օր առաջ այն ընդունվեի ՍԴ վարույթ: Բայց թե առաջիկայում ինչ հանգուցալուծում է սպասվում նախագծի ճակատագրին, դեռեւս վաղ է ասել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի հետ` պարզելու, թե ինչպես են Արցախում վերաբերվում ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, ու արդյոք իշխանությունների կողմից ներկայացված իրավական հիմքերը թույլ են տալիս նման գործընթաց իրականացնելու համար:

-Տիկի՛ն Նարիմանյան, հետեւելով Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացին, ի՞նչ դիրքորոշման եք եկել, արդյոք Հայաստանի թիվ մեկ քաղաքական ուժը հաջողելո՞ւ է:

-Անկեղծ ասած, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված` այդքան էլ չեմ հասցնում հետեւել ամբողջ պրոցեսին, բայց տեղյակ եմ այն իրադարձություններից, որոնք կատարվում են այս օրերին: Ինչպես Սահմանադրական դատարանը, այնպես էլ ցանկացած դատավոր ապաքաղաքականացված է:

Եթե հարցը իրավական կողմին է առնչվում, ապա ես ինքս էլ դատավոր եմ, եւ թե՛ վճռաբեկության կարգով, թե՛ գերագույն դատարան մենք կոլեգիալ ենք որոշումներ կայացնում, ուստի թույլ տվեք` ես չպատասխանեմ Ձեր հարցին: Բոլոր դեպքերում ես վստահում եմ Սահմանադրական դատարանին, իր բարձր մակարդակին ու կարծում եմ, որ այս պարագայում Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում է կայացնելու: Ես կարող եմ միայն այսքանն ասել այս պահի դրությամբ:

-Դուք ուսումնասիրե՞լ եք այն հիմքերը, որոնք ներկայացվում է իշխանական խմբակցության կողմից, արդյոք այդ հիմքերը այնքան ամո՞ւր են, որ ՍԴ-ին հաջողվի կարգապահական վարույթի հիման վրա դադարեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները:

-Ոչ մի իրավաբան, ով բավականին գիտելիքներ ունի, ես Ձեզ հավաստիացնում եմ, չի կարող մի քանի րոպեների ընթացքում պատասխանել, թե արդյոք այդ հիմքերը բավարար են, թե ոչ: Պետք է ուսումնասիրություն իրականացվի: Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կուսումնասիրի այն փաստաթուղթը, որը ներկայացվել է, ու ճիշտ որոշումը կկայացնի:

Իհարկե, պետք է փաստաթուղթը կոլեգիալ խորը ուսումնասիրություն կատարվի: Եթե քաղաքական գործիչները կարող են իրենց թույլ տալ պահի տակ որոշումներ կայացնել, ապա իրավաբանները պետք է խոսեն կոնկրետ փաստերի, պետք է իրավաբանները կոնկրետ հիմնավորեն, թե ինչը ինչի համար եւ ինչն են հիմք ընդունում նման որոշում կայացնելու համար: Դրա համար ես Ձեզ այլ պատասխան չեմ կարող տալ:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությունը: Արդյոք Թովմասյանը կարգապահական սխալ թույլ կտա՞ր, ինչի համար էլ իշխանական խմբակցությունը նման քայլի դիմեց:

-Մենք շատ չենք շփվել միմյանց հետ, բայց որքան էլ շփվել ենք, համենայնդեպս ես բացասական որեւէ բան չեմ կարող ասել: Ես դրականն եմ տեսել, ես բացասական կողմից չեմ առնչվել: Ես կարծում եմ, որ նա նորմալ իրավաբան է, ու դա ես չէ, որ պետք է ասեմ: Դե գիտեք, որ ինչքան իրավաբան, այնքան էլ կարծիք: Դրա համար մի հարցի վերաբերյալ մեր կարծիքները կարող են տարբեր լինել, իսկ մի հարցի վերաբերյալ էլ բոլորս համակարծիք լինենք: Իրավաբանությունը ուրիշ է:

Ես շփում ունեցել եմ, նախկինում մենք երկուսս էլ արդարադատության նախարարի պաշտոնն էինք զբաղեցնում` Թովմասյանը Հայաստանի, ես` Արցախի, բավականին դրական տպավորություն ունեմ: Բայց մյուս հարցերի պատասխանը կարող է տալ հարցի ուսումնասիրությունը, իսկ դրան պետք է սպասել, որպեսզի լինի հստակ որոշում: Այս պահին որեւէ բան ասելը սխալ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս