ՀՔԾ-ի պատասխանը՝ Սամվել Ֆարմանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին նախկին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գեղարվեստական հնարանքի մոտիվներով հյուսված, ամբողջովին մտացածին և իրականության հետ որևէ աղերս չունեցող բովանդակությամբ գրառում է կատարել` նշելով, թե իբրև մարզասրահի շոգեբաղնիքում իրեն որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձը հայտնել է` …պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես Ձեզ ճանաչում եմ համալսարանից…Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար
չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու:… և այլն:

Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նախևառաջ փաստել, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել: Ինչ վերաբերում է քրեական գործի հանգամանքներին, ապա ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նախաքննության կատարման ընթացքում Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման և տպագրման պատրվակով 2013-2016թթ ընթացքում հավաքագրել է 19.409.500 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել այն:

2018 թվականի օգոստոսի 7-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այնուհետև ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության վերաբերյալ դիմումների և յուրաքանչյուրի կողմից ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 500.000-ական դրամ գումար մուծելու հիման վրա՝ դատախազի որոշմամբ մեղադրյալ Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել և խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով` սույն քրական գործի նախաքննության կատարումը 2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

13.08.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է մեղադրյալ Ա. Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումն այն մասին, որ Ա. Ֆարմանյանը 2019թ. օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 31-ը բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից՝ ամենամյա արձակուրդը Վրաստանում անցկացնելու նպատակով:

Այնուհետև նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա. Ֆարմանյանը օրենքով սահմանված կարգով՝ ծանուցագրով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 12.09.2019թ. պլանավորված քննչական գործողությանը մասնակցելու նպատակով, սակայն չի ներկայացել և չի իրազեկել չներկայանալու պատճառների վերաբերյալ: Քննիչի կողմից հեռախոսազանգով կապ է հաստատվել նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ, ով հայտնել է, որ Ա.Ֆարմանյանը մեկնել է ՀՀ-ից, իսկ վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:

Համաձայն ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության գրության և ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ Ա. Ֆարմանյանը 15.08.2019թ.՝ ժամը 03:00-ին, ՀՀ Բավրայի սահմանային անցակետով հատել է ՀՀ սահմանը: Դրանից հետո կրկին պլանավորվել է քննչական գործողություն, որի իրականացումը նախատեսվել է 04.10.2019թ.: Այդ նպատակով համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել Ա.Ֆարմանյանին, ինչպես նաև հեռախոսազանգով նախատեսված քննչական գործողության վերաբերյալ տեղեկացվել է նաև պաշտպան Հ. Խուդոյանը:

Միաժամանակ 03.10.2019թ. համապատասխան գրություններ են ուղարկվել երաշխավորներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Է. Մարուքյանին և Ն. Զոհրաբյանին՝ առաջարկելով կատարել որպես երաշխավորի իրենց պարտականությունները և միջոցներ ձեռնարկել Ա. Ֆարմանյանի ներկայանալն ապահովելու համար: Նույն գրության մեջ նշվել է, որ ըստ էության, մեղադրյալը խախտում է խափանման միջոցի պայմանները, ինչի պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կարող է փոփոխվել և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Ոչ մեղադրյալի պաշտպանի և ոչ էլ անձնական երաշխավորությունն ստանձնած պատգամավորներից որևէ տեղեկատվություն չի ստացվել մեղադրյալի ներկայանալու մասին:

Այսպիսով, եթե Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու հաշվին կարող է քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, ապա պետք է հիասթափեցնենք նրան, քանի որ վստահեցնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նպատակն ամենևին էլ Ա. Ֆարմանյանի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելը չէ: Կրկին անգամ վերջինիս հորդորում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների շրջանակում, նախաքննական մարմինը կարող է ստիպված լինել Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան:

Ի դեպ, Սամվել Ֆարմանյանին հորդորում ենք գեղարվեստական ու մտացածին բովանդակությամբ հայտարարություններ տարածելու փոխարեն խորհուրդ տալ Անահիտ Ֆարմանյանին ներկայանալ քննությանը:




Լրահոս