Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ի դեպ, գնաճի բարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում: Թանկացել է մսամթերքը, ալկոհոլային խմիչքը, ծխախոտը:
Սեպտեմբեր ամսին սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները պահպանել են օգոստոս ամսվա կայուն մակարդակը: Բայց, չնայած դրան, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` հանրապետությունում գրանցվել են գնային փոփոխություններ թե՛ աճման, թե՛ նվազման միտումով: Օրինակ, բանջարեղենի շուկայում սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված գնաճը կազմել է 2.5 տոկոս:
Նույն պատկերն է նաեւ մսամթերքի շուկայում. այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրամով, խոզի մատի մեկ կգ-ն` 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկութոյւնների` առաջիկայում տավարի մսի շուկայում թանկացումներ կլինեն: Գառան մսի գինը տեւական ժամանակ չի նվազում. մեկ կիլոգրամ գառան միսն արժե 4000 դրամ:
Իսկ, ահա, ձկան գինը, ըստ պաշտոնական տվյալների, հակառակը, էժանացել է 0.9 տոկոսով: Բայց, չնայած սրան, մեկ կիլոգրամ «Իշխան» ձկնատեսակը շարունակում է վաճառվել 1900 դրամով: Վիճակագրական կոմիտեն արձանագրել է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ ձվի չնչին էժանացում:
Այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի 0.3 տոկոս եւ ծխախոտային արտադրատեսակների 0.4 տոկոս գնաճ: Նշենք, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը փորձում է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել: Միաժամանակ սա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետեւանքն է, քանի որ Հայաստանը հարկային ու մաքսային դրույքաչափերը համաձայնեցնում է ԵԱՏՄ դրույքաչափերի հետ:
Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի շուկայից անցում կատարենք դեպի ոչ պարենային ապրանքների շուկա, որտեղ արձանագրվել է 0.4 տոկոս թանկացում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թանկացել են գորգերը, կահույքը, գրասենյակային պարագաները: Ի դեպ, թանկացում արձանագրվել է նաեւ ոսկերչական զարդերի շուկայում` 3.8 տոկոսով: Նկատենք, որ ոսկերչական զարդերը թանկանում են` օգոստոսից սկսած, քանի որ հիմնականում սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին են երիտասարդները ամուսնանում, եւ այս առիթից էլ օգտվում են ոսկյա իրեր վաճառողները:
Պաշտոնական տվյալներով` սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում զգալի բարձրացել են կրթության ծառայությունների սակագները` 3.6 տոկոսով: Փոխարենը հյուրանոցային ծառայությունների սակագներն են նվազել:
Մյուս կողմից` նկատենք, որ 2.4 տոկոս թանկացել է հագուստը, կոշիկը` 3.2 տոկոս: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, անդրադառնալով գրանցված թանկացումներին, խորհուրդ տվեց չմտահոգվել: Ապա պարզաբանեց.
«Ընդհանրապես, եթե գները չաճեն, ապա շատ վատ բան կստացվի, որովհետեւ արտադրողները եւ վաճառողները կզրկվեն խթաններից` ինչ-որ ապրանքներ արտադրելուց կամ վաճառելուց: Գները որոշվում են առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությամբ: Սեպտեմբերը, այսինքն` օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. տեղի է ունենում ամառ-աշուն սեզոնային անցում, եւ ուսանողները, դպրոցականները պետք է հագուստ ունենան, որպեսզի հաճախեն կրթական հաստատություններ: Այդ պատճառով պահանջարկը մեծացել է եւ, այո, կարող է գները մի փոքր աճել են»:
Տնտեսագետից հետաքրքրվեցինք նաեւ ՀՀ բնակչության համար գազի գնի հնարավոր բարձրացման մասին: Սակայն, ըստ մեր զրուցակցի, դրանք ընդամենը լուրեր են. «Այս պահին գոնե մինչեւ տարեվերջ որեւիցե տնտեսական հիմք չկա: Նույնիսկ քաղաքական հիմքեր չկան: Գազը քաղաքականություն է, եւ կարող է, այո, գազ վաճառող երկրի քիմքին, այսպես ասած, հարազատ է իր ապրանքը թանկացնել: Բայց գնող երկրները պետք է մտածեն այլընտրանքների մասին: Իսկ այդպիսի այլընտրանքներ Հայաստանն ունի, եւ գազը չի կարող դառնալ շանտաժի գործիք»:
Սյունէ Համբարձումյան