Ասում էին, թե գիշերային ակումբ ունեմ, թե վթարի եմ ենթարկվել, նույնիսկ մեռցրել են ինձ. Համլետ Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ, ազգային, ժողովրդական երգերի կատարող Համլետ Գեւորգյանն է: Նա անդրադարձել է իր ամենամեծ նվաճումներին, նշել, թե ում հետ հանդիպումն է իր կարիերայի համար ճակատագրական եղել: Համլետը խոսել է նաեւ իր անձի շուրջ պտտվող ամենաանհավանական բամբասանքների մասին, նշել, որ հումորով է մոտենում դրանց:

-Համլե՛տ, Ձեր տրամադրությունը նախ եւ առաջ կախված է…

-Տրամադրությունս լավ է, եթե խնդիրները լուծվող են, իսկ արտաքին գործոնները չեն կարող ազդել իմ տրամադրության վրա: Օրինակ՝ եղանակը միշտ լավն է ինձ համար:

-Ապրում եք պայքարելո՞վ, թե՞ ամեն պահը որսալով:

-Երկուսն էլ:

-Մարդ, որի հետ հանդիպումը ճակատագրական եղավ Ձեր կարիերայի համար:

-Մի քանի հոգի կա, որոնք որոշիչ դեր են ունեցել իմ կյանքում, բայց կառանձնացնեմ իմ վարպետին՝ Հովհաննես Բադալյանին: Մտածողության, աշխարհայացքի, մասնագիտական, մարդկային մոտեցումների առումով նա շատ բան տվեց ինձ: Նրա տված կյանքի դասերն անփոխարինելի են:

-Ձեր ընկերը կդառնա խե՞նթ, թե՞ չափված-ձեւած մեկը:

-Երկու տիպի ընկերներ էլ ունեմ:

-Ձեր կյանքի ամենակարեւոր որոշումը:

-Քսան տարեկանից հետո շատ «ամենա» որոշումներ են եղել:

-Քաղաք, որը Ձեզ հաջողություն է բերել:

-Նախ՝ իմ հարազատ Գյումրին: Ծնվել եմ այնտեղ, ունեմ գյումրեցու մշակութային շունչ: Երկրորդը Երեւանն է, որ ինձ պահեց, կրթեց, սիրեց ու ընդունեց:

-Ձեզ դժվարությամբ են հետ բերում խաղատների՞ց, գրախանութների՞ց, թե՞ լողավազանից:

-Երեքի հետ էլ կապ չունեմ:

-Ձեր ամենամեծ նվաճումը:

-Երեւի այն, որ կարողացա մտնել հայկական երգարվեստ: Դա փոքր ժամանակվա երազանքի իրականացում է: Նշանակություն ունեցավ նաեւ այն, որ ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում:

-Մի մտայնություն, որ կանանց հորինածն է:

-Ես այդպիսի վիճահարույց բան չեմ ասի. կանայք ինչ ասում են, ճիշտ են ասում (ծիծաղում է):

-Երբ փոքր էիք, Ձեզ թվում էր, թե…

-Միշտ փոքր պետք է մնայի, մայրս, հայրս քառասուն տարեկան լինեին, պապս ու տատս էլ միշտ կողքիս լինեին:

-Ափսոսում եք, որ…

-Շատ կան բացթողումներ, բայց ես ոչ մի բանի համար էլ չեմ ափսոսում: Հավես ու ժամանակ չկա ափսոսալու:

-Ջերմությամբ եք հիշում այն տարիները, երբ…

-Երբ ծնողներս, ձեռքս բռնած, տանում էին ինձ ծովափ հանգստանալու:

-Վախենում եք, որ…

-Վախենում եմ, որ եկող սերունդները այլեւս չեն կարողանա պահել ազգային, ժողովրդական մշակույթը:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Ասում էին, թե գիշերային ակումբ ունեմ, որոշները մի քանի անգամ մեռցրել են ինձ, տարածել են լուրեր, իբր ավտովթարի եմ ենթարկվել: Ընկերներիս հետ շատ ենք ծիծաղել նման խոսակցությունների վրա: Մի անգամ Սարոն լուրջ էր ընդունել իմ մահվան մասին խոսակցությունները, զագել էր, որ ճշտի, հեռախոսը վերցրի, ասաց. «Հիմա դու մեռե՞լ ես, թե՞ չէ» (ծիծաղում է): Հումորով եմ վերաբերվում այդ ամենին:

-Ձեր սիրելի մարզաձեւը:

-Նայում եմ ձիասպորտ, ֆուտբոլ եմ երբեմն նայում, բայց ոչ մի ակումբի, թիմի չեմ երկրպագում: Ինձ ոգեւորում են մեր մարզիկները, եւ իրենց մասնակցությունը կարող է դրդել, որ ես սպորտային հաղորդում դիտեմ: Կցանկանայի զբաղվել մեծ թենիսով:

-Ֆիլմ, որ հարյուր անգամ էլ կդիտեք:

-Մեր հին հայկական ֆիլմերի հանդեպ անկշտություն ունեմ՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Ոսկե ցլիկ»…

-Երբեք չեք հարմարվի այն մտքի հետ, որ…

-Որ կդադարեմ ուրախ լինելուց:

-Հասարակական կարծիքի հանդեպ Ձեր վերաբերմունքը:

-Ե՛վ հետաքրքրում է, ե՛ւ ոչ…

-Հեշտությա՞մբ եք ասում ներիր:

-Եթե զգում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, ուրեմն այո: Ամենահեշտ տարբերակը դա է:

-Եվ վերջին հարցը՝ կյանքը գրկաբաց ընդունում է նրանց, ովքեր…

-Ամեն օր սիրում են կյանքը նորովի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս