Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին: Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի քննության վերաբերյալ, մոտեցումները դատավորների վեթթինգի անցկացման հիմքերի եւ կարգի վերաբերյալ, գույքի եւ եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները, եւ քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ընդ որում` նիստը պետք է դռնբաց լինի նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Ստացվում է` դատական համակարգը թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթթինգ անցնել, ընդ որում` վեթթինգ պետք է անցնեն նաեւ ԲԴԽ անդամները: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պարզ կլինի այսօր: Բարձրագույն դատական խորհրդում ստեղծված իրավիճակի առումով այսօրվա նիստն իսկապես կարեւորություն է ներկայացնում. ի վերջո, հայկական դատական համակարգում կարեւորագույն դերակատարություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի ապագա նախագահը լինելու է հենց դատավորների ընդհանուր ժողովի անդամներից մեկը, այլ ոչ թե Ազգային ժողովի կողմից ընտրված ԲԴԽ անդամներից: Եվ քանի որ այժմ 2 դատավոր է մնացել խորհրդում, իսկ 3-ն էլ այսօր պետք է ընտրվեն, չի բացառվում, որ նոր նախագահը լինի հենց այսօր ընտրվելիք դատավորներից:
Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը եւ լինելու է միասնական նախաքննական մարմին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այդ կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, եւ չպետք է խառնել դրանք: Ընդ որում, նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարի հարցում իշխանությունները, կարծես թե, վերջնականապես կողմնորոշվել են: Ինչպես հայտնի է, ի սկզբանե ասվում էր, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի լինի կոմիտեի ղեկավար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմբեր ամսից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանում այլեւս արտահերթ նիստեր չեն լինելու: Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առաջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալ: Ըստ մեր տեղեկությունների` պատճառը եղել է նաեւ այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձեւով տապալեց:
Հուլիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը: Այս խորհուրդը ստեղծելու մասին որոշում ՀՀ վարչապետը կայացրել էր հունիսի 24-ին: Այդ խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ (նախկին 3-ի փոխարեն): Ընդ որում, այսօր լրանում է հասարակական կազմակերպությունների մասնակցության դիմումների վերջնաժամկետը: Խորհուրդը հակակոռուպցիոն քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ քննարկման հարթակ է, որը գործելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ:
ԹՎԵՐԸ ՎԱՏ ՉԵՆ
Չնայած Հայաստանում գործող քաղաքական շրջանակները հետեւողականորեն քարոզչություն են իրականացնում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ վստահություն չկա այլեւս, հավատի այն պաշարը, որն ուներ հեղափոխական իշխանությունը, սպառել է իրեն, կործանումն անխուսափելի է եւ այլն, այնուամենայնիվ, երբ թվային, վերլուծական, մասնագիտական դաշտում հարցումներ են իրականացվում, պատկերն ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես ամենօրյա ռեժիմով մատուցվում է լայն հասարակությանը:
Օրինակ` ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը երեկ հաղորդագրություն է տարածել Հայաստանում անցկացված վերջին հասարակական հարցումների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ` «Իմ քայլի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 59 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 12 տոկոսը: 5 տոկոսով 3-րդ տեղում նախկին իշխող ուժն է՝ Հանրապետականը: Խորհրդարանական 3-րդ ուժը՝ «Լուսավոր Հայաստանը», դուրս է մնացել եռյակից:
Կազմակերպության անցկացված հարցումների համաձայն` հարցվածների ավելի քան 60%-ն ուզում է, որ ՀՀ կառավարությունը արագ իրականացնի քաղաքական ու տնտեսական ռեֆորմներ: Այսինքն՝ մեծամասնությունը շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ նրանից ռեֆորմների օպերատիվություն է պահանջում:
Իհարկե, կասվի, թե ինչ վստահության մասին է խոսքը, եթե հարցվածների ընդամենը 60 տոկոսն է կառավարությունից կոնկրետ ակնկալիքներ շարադրում: Բայց այստեղ ամենեւին զարմանալու կարիք չկա, որովհետեւ իրականում միշտ էլ ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսն է հաղորդակից եղել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ակտիվություն ցուցաբերել կամ քաղաքացիական կեցվածքով աչքի ընկել: 40-50 տոկոսը մշտապես եղել է դիտորդի դերում: Նույնիսկ ամենաակտիվ ընտրական գործընթացների ժամանակ ընտրությունների մասնակցության տոկոսը բարձր չի եղել մեր երկրում: Հետեւաբար, պետք է արձանագրել, որ եթե իներտ մասսային հանում ենք, ակտիվ մասսայի ակնկալիքներն ու ունեցած վստահությունը լիովին ուրվագծում են այն իրականությունը, որում ապրում ենք:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անսխալական չէ, ինչպես աշխարհի որեւէ կառավարություն, սակայն, մեծ հաշվով, իր առջեւ դրված խնդիրները պատվով առաջ է տանում: Տարիներով լուծման կարոտ այնպիսի հարցեր են շոշափվում ու լուծում ստանում, ինչպես, օրինակ, «աղետի գոտի» հասկացության վերացման փիլիսոփայությունը. կոնկրետ դրա համար հատկացված 3 մլրդ դրամը խոսում է այդ մասին: Եւ այսքանից հետո ասել, թե Փաշինյանի իշխանությունը գահավիժում է, թերեւս ծայրահեղ կստացվի: Բայց, մյուս կողմից, բացթողումներից ապահովագրված չէ նաեւ հենց Փաշինյանի կառավարությունը, ու շատ կադրեր, իսկապես, հաճախ «խայտառակում են ռեսպուբլիկան», ինչպես հայտնի ֆիլմում: