ՎԵԹԹԻՆԳԸ ՄՈՌԱՑԱՆ, ԿՀԻՇԵՆ ԱՇՆԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 20-ին` կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդի վստահությունը չվայելող դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում: Վարչապետը սպառված էր համարել դատական համակարգի` ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը. եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Փաշինյանն այդ նպատակին հասնելու համար 5 քայլ էր ներկայացրել. առաջինը` Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված, vetting-ի, սակայն վարչապետի հայտարարությունը մինչեւ այսօր օդից կախված է մնում:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ասել էր նաեւ. «Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկրորդ քայլով` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված, քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Իսկ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին:
ՀՀ վարչապետի առաջարկով Ազգային ժողովում պետք է տեղի ունենար օրենսդրական համապատասխան աշխատանք: Այս հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տարբեր ելույթներում հայտարարեցին, որ իրենք առաջիկայում կներկայացնեն վեթթինգի վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որի շնորհիվ էլ կյանքի կկոչվի վարչապետի հայտարարությունը:
Սակայն մինչեւ այսօր այդ նախագիծը որեւէ մեկին հայտնի չէ, ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց հետ իշխող խմբակցությունը որեւէ քննարկում չի ունեցել: Տարակուսելի է, թե այդ դեպքում ինչու խորհրդարանում ամենամեծ պատգամավորական խմբակցությունը նման հայտարարություններ արեց, երբ անգամ պատկերացում չունեն, թե ինչ է իրենից ներկայացնելու վեթթինգի նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, այդ հարցի շուրջ ինչ որոշում կա խմբակցությունում:
-Պարո՛ն Աղազարյան, Ձեր խմբակցության ղեկավարը հայտարարել էր վեթթինգի նախագծի մասին, ավելին` նշվում էր, թե այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին, սակայն ԱԺ հերթական ու արտահերթ նիստերն ավարտվել են, բայց նախագծի մասին որեւէ խոսք չկա: Ի՞նչ փուլում է նախագիծը:
-Անկեղծ ասած, այդ հարցի հետ կապված դեռեւս որոշակիություն չկա, քննարկումներ ունեցել ենք, տեսակետների մասին Դուք լսել եք, գիտեք, բայց վերջնական նախագիծ չկա: Այսինքն` վեթթինգի նախագծի տեսքով քննարկում չենք ունեցել: Դժվար է նման նախագիծ միանգամից ներկայացնելը, հեշտ պրոցես չի: Ուսումնասիրություն է պետք իրականացնել, պետք է հասկացվի, թե որ երկրների փորձն է պետք կիրառել ՀՀ-ում, ամեն մի հարց պետք է մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի եզրահանգման գանք, պետք է հասկանալ` ինչ սկզբունքով է պետք շարժվել, դա հեշտ ու արագ որոշում կայացնելու հարց չէ: Պետք է մշակվող նախագիծը մեր երկրի օրենքներին համապատասխանեցվի, մեր ունեցած իրողություններն ենք համեմատում, այդ ամենը բավականին մեծ աշխատանք է պահանջում: Գուցե առաջին հայացքից թվում է` հեշտ է, բայց պետք է մի քիչ երկար մտածել:
-Եթե դեռ այդքան աշխատանքներ կային իրականացնելու, ինչո՞ւ հայտարարվեց, որ նախագիծն արդեն պատրաստ է:
-Բայց պրոցեսը չի դադարեցվել, այսպես թե այնպես, այդ աշխատանքներն իրականացվում են:
-Բայց ովքե՞ր են այդ աշխատանքներն իրականացնում, ովքե՞ր են նախագծի վրա աշխատում:
-Մեր խմբակցության իրավաբանական բլոկի ներկայացուցիչներն են, ովքեր աշխատում են: Ես կարծում եմ, որ նախագիծն արդեն աշնանը վերջնական տեսքով կներկայացվի հանրությանը: Հավատացե՛ք, որ այն շատ ծավալուն աշխատանք է ու կարող է երկար ժամանակ խլել մեր խմբակցությունից: Կրկնում եմ, որ այն պետք է ուսումնասիրության ենթարկվի: Եթե դատական համակարգը աշխատի այն սկզբունքներով, որը մեզ բոլորիս համար ընդունելի կլինի, արդեն ամեն ինչ ՀՀ-ում իր տեղն է ընկնելու: Ես կարծում եմ, որ իսկապես շատ հարցեր պատասխան են ստանալու: Երբ որ քաղաքացու մոտ լինի վստահություն դատական համակարգի նկատմամբ, դրանից շատ բան կփոխվի, մինչեւ անգամ կրիմինալ վիճակը կփոխվի: Ինչո՞ւ է առաջանում այդ համակարգը. որովհետեւ, երբ քաղաքացին վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, դիմում է իր թաղամասի այս կամ այն հարգված մարդուն, որից հետո առաջանում են թաղային հեղինակություններ, որոնք, այսպես ասած, լուծում են տալիս հարցին: Պետք է այնպես անել, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն լինի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԱԺ-Ն ԳՆՈՒՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴ, ԻՍԿ ԲԴԽ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 23-ը պատգամավորները հանսգտանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմբեր ամսից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանում այլեւս արտահերթ նիստեր չեն լինելու: Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուներին, ում ցանկանում են առաջարկել իմքայլականները, հրաժարվում են: Ըստ մեր տեղեկությունների` պատճառը եղել է նաեւ այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը իշխանական խմբակցությունը տապալեց:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` նույնիսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ քննարկել են ԲԴԽ-ի թեկնածուի համար առաջարկել սահմանադրական իրավունքի մասնագետ, ԱԺ նախկին պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանի թեկնածությունը, որը, ըստ մեր տեղեկությունների, կողմ չի եղել ԲԴԽ անդամ դառնալու առաջարկին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռուստամ Մախմուդյանից, որը հայտարարեց, որ ինքը պաշտոնապես նման առաջարկություն չի ստացել:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՓՈՐՁԸ` ԱԺ-ՈՒՄ
Այսօր խորհրդարանում հետաքրքիր անվանումով միջոցառում է նախատեսված: Մասնավորապես, տեղի է ունենալու «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ի ներկայացումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ներկայացվելու է ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում: Ընդ որում, հետաքրքիր է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ այդ հասարակական հիմունքներով մարմինը ձեւավորված է եղել դեռ նախորդ խորհրդարանի վերջում, սակայն ակտիվ գործունեություն չի ծավալվել, իսկ այս ատլասի ներկայացնումն էլ իրականացվելու է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի (ներկա կլինեն Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը) եւ Առողջապահության հարցերով հանձնաժողովի հետ համատեղ (նախագահ Նարեկ Զեյնալյանը գործուղման է, եւ նրա փոխարեն այլ անձ կվարի): Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե ներկայացվելու է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ը, որն իրենից ներկայացնում է հակաբեղմնավորիչների օգտագործման միջազգային փորձը:

 

 

 

ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Ազգային ժողովում այս օրերին սպասվում են քննարկումներ ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2020 թվականի բյուջետավորման հայտի նախնական տարբերակը քննարկելու նպատակով: Այդ նիստերի ժամանակ ներկայացվելու են ոլորտներին նախատեսված ֆինանսական հատկացումները, ծրագրերն ու փոփոխությունները: Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն մշակույթի ոլորտում 2020 թվականին ակնկալվում է իրականացնել ութ ծրագիր եւ 39 միջոցառում: Մշակութային քաղաքականության առաջնահերթություններն ու բնագավառները, սակայն, նույնն են մնացել, հետեւաբար 2020 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցները գրեթե նույնն են լինելու, ինչ 2019-ին: Իսկ, օրինակ, Հանրային հեռուստառադիոընկերությունն առաջիկա երեք տարիների համար իր առջեւ ընդամենը մեկ նպատակ է դրել` ավելացնել Հանրային հեռուստաընկերության նկատմամբ հանրության վստահությունը՝ բարձրացնելով հաղորդումների որակը: Եվ այդ նպատակին հասնելու համար արդեն կան հստակ գաղափարներ ու ծրագրեր, որոնք պետք է ներկայացվեն: Բացի այդ, տեղեկացանք, որ այս ոլորտին ֆինանսական հատկացումների որոշակի աճ է լինելու: Մենք պարզեցինք, որ միջնաժամկետ ծրագրերի քննարկումը` հանձնաժողով առ հանձնաժողով, նպատակ ունի բարձր պահել խորհրդարանական վերահսկողությունը եւ հետեւել ծրագրերի իրականացմանը, բյուջեի արդյունավետ ծախսմանը:




Լրահոս