«ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՅԼ ԱՆՈՂԸ ՄԻՇՏ ԵՍ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ, մի շարք ֆիլմերից եւ հեռուստասերիալներից հայտնի դերասան Արտաշես Մխիթարյանը: Նա անդրադարձել է թատրոնում իր մարմնավորած ամենահոգեհարազատ կերպարին, նշել, թե որ դեպքում դերասանը կարող է իրեն հաջողված համարել, եւ որ պարագայում հայ կինոոլորտը կարող է զարգանալ: Արտաշեսը խոսել է այն ռեժիսորների մասին, որոնց հետ իր համար չափազանց հաճելի է եղել աշխատելը: Արտաշեսը խոստովանել է, թե որն է եղել իր կյանքի բեկումնային փուլը, եւ որն է իր բնավորության ամենաուժեղ կողմը:

-Արտաշե՛ս, առավոտը սկսում եք…
-Միտքս արթնացնելով:
-Ո՞րն է այն քաղաքը, որտեղ շատ սեր եք տեսել:
-Երեւանը:
-Հաճա՞խ եք ասում` «Ներիր»: Առհասարակ, հեշտությա՞մբ եք այդ բառն արտաբերում:
-Այո:
-Ի՞նչ եք անում, երբ զգում եք, որ որեւէ մեկը Ձեզնից երես է թեքել…
-Փորձում եմ գտնել պատճառն առաջին հերթին իմ մեջ: Անպայման փորձում եմ խոսել հետը, տարաձայնությունների դեպքում քայլ անողը, նախաձեռնողը միշտ ես եմ:
-Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու մանկություն, ի՞նչ կգնեիք փոքրիկ Արտաշեսի համար: Ինչի՞ կարիք ուներ նա:
-Ինձ թվում է` նա ամեն ինչ էլ ունեցել է: Երեւի թե ոչինչ չէի գնի:
-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց շոկոլադի՞, գինո՞ւ, թե՞ թեյի:
-Նշվածներից ոչ մեկից կախվածություն չունեմ:
-Ըստ Ձեզ` ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը, որով կարող եք նաեւ պարծենալ:
-Համբերատար լինելը:
-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի եւ, միեւնույն ժամանակ, զարմանալի բամբասանքը:
-Իրականությանը չհամապատասխանող լուրեր շատ են եղել, չեմ մտաբերում այս պահին, ճիշտն ասած:
-Շարունակե՛ք միտքը. «Կինը սեքսուալ է, երբ…»
-Կանացի է:
-Եթե կինը ցանկանում է, որ տղամարդն իրեն չդավաճանի…
-Ինքն էլ չպետք է դավաճանի:
-Ո՞վ է Ձեր համակրելի հայ քաղաքական գործիչը:
-Կան, բայց չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին:
-Տան ո՞րերորդ զավակն եք, այդ հանգամանքն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր կենսակերպի վրա:
-Երկրորդ զավակն եմ, ես միջնեկն եմ: Երկու եղբայր ենք, մեկ քույր: Միշտ շատ լավ եմ զգացել ինձ այդ կարգավիճակում:
-Թալիսման ունե՞ք:
-Չէ, երեւի նման բաներին նշանակություն չեմ տալիս:
-Ավտոմեքենայի սիրելի մակնիշ ունե՞ք:
-Մեքենան ինձ համար զուտ փոխադրամիջոց է, մակնիշների հետեւից չեմ ընկնում:
-Նախընտրում եք ճամփորդել գնացքո՞վ, նավո՞վ, թե՞ ինքնաթիռով:
-Ինքնաթիռով:
-Երկիր, որտեղ անպայման պետք է լինել:
-Օվկիանոսային որեւէ երկիր:
-Դերասան, որի խաղը Ձեզ հիացրել է, ապշեցրել:
-Էնթոնի Հոփքինս, Դասթին Հոֆման, Ջեք Նիկոլսոն… Շատ են:
-Թատրոնում Ձեր մարմնավորած ամենահոգեհարազատ դերը:
-Էլի շատ են, բայց կառանձնացնեմ «Մեծ լռություն» ներկայացման մեջ Դանիել Վարուժանի կերպարը:
-Իսկ կինոյո՞ւմ:
-Երեւի դեռ չեմ ունեցել:
-Դերասանը հաջողված է, եթե…
-Միշտ աշխատում է:
-Իսկ աշխատասե՞րը առաջ կգնա, թե՞ տաղանդավորը:
-Երկուսի միքսը:
-Ռեժիսոր, որի հետ աշխատելը Ձեզ համար հաճույք է եղել:
-Արմեն Խանդիկյանը, Գրիգոր Խաչատրյան, Արմեն Բարսեղյան, Հրաչյա Հարությունյան, Արթուր Սահակյան… Շատ են: Շատ բան կախված է նաեւ դերասանից, այն բանից, թե ինչպես է նա մտնում աշխատանքի մեջ: Տալու եւ ստանալու հարց կա:
-Հայ կինոոլորտը կարող է զարգանալ, եթե…
-Չդավաճանի նախկին ավանդույթներին, որոնք եղել են, եթե չմոռանա անցյալի արժեքավոր ֆիլմերը:
-Ձեր կյանքի բեկումնային փուլը:
-Զավակիս ծնունդը:
-Եթե ճամփորդել, ապա…
-Ընտանիքով:
-Ձեզ մարդու ո՞ր տեսակն է ամենաշատը վանում:
-Կեղծավորը:
-Կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:
-Շատ անձնական է, չեմ կարող ասել:
-Եվ վերջում` իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Կյանքի բեկումնային փուլի հետ կապված հարցը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄՈՒՍԻՆՍ ԻՆՁ ԴԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ»
«Բոլորն ինձ մոռացել են, նույնիսկ ամուսինս ինձ դեր չի տալիս: Թո՛ւյլ տվեք մի քիչ բողոքեմ (ծիծաղում է): Երրորդ դստերս ծնունդով պայմանավորված` դեռ ակտիվ մշակութային կյանքով չեմ ապրում: Հուսով եմ` սեպտեմբերից կընդգրկվեմ նոր ներկայացումներում եւ ֆիլմերում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Անի Ղազարյանը` պատասխանելով մեր հարցին, թե ինչու վերջին շրջանում իրեն նոր նախագծերում չենք տեսնում: Հիշեցնենք, որ Անի Ղազարյանի ամուսինը ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն է:
Անիի երկրպագուները առայժմ իրենց սիրելի դերասանուհուն կարող են տեսնել ներկայացումներում, որոնք բեմադրվել են ավելի վաղ, կլինի դա Համազգային, թե «Մհեր Մկրտչյան» թատրոնում:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք ամառային հանգստի մասին: Անին նշեց, որ երեք երեխաների հետ շատ դժվար է ակտիվ հանգիստ կազմակերպելը, ուստի նախապատվությունը տալիս են պասիվ հանգստին. «Երբեք նախապես չենք վճռում, թե որտեղ ենք հանգստանալու. ամեն բան սպոնտան է ստացվում: Ինքս սիրում եմ ծով, արեւ…»,- ասաց դերասանուհին:
Իսկ հարցին, թե ստացվում է արդյոք համատեղել հանգիստն ու աշխատանքը, Անին պատասխանեց. «Մոտ ժամանակներս ենք վերադարձել հյուրախաղերից. մեկնել էինք Սյունիք եւ Արցախ: Այնպես ստացվեց, որ երկու երեխաներիս հետս տարա: Արդյունքում իրենք մի լավ հանգստացան, իսկ ես տաժանակիր աշխատանք տարա, տանջվեցի: Ամեն դեպքում, շատ լավ անցավ: Եվ ինձ մոտ ցանկություն առաջացավ ամբողջ ընտանիքով գոնե տասը օրով այս ամառ հանգստանալ Ստեփանակերտում: Տեսնենք` ինչպես կստացվի»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս