ՀԷԿ-ԵՐԸ ՍՊԱՍԵԼ ԵՆ ՀՐԱՀԱՆԳԻ, ԲԱՅՑ ԿՕԳՆԵԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությունում արտառոց իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ էներգետիկ համակարգի վթարի պատճառով հանրապետությունով մեկ եղել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ: Անջատված էին Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի (ՋԷԿ) եւ Հրազդանի 5-րդ բլոկը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ վթար կա, ապա մի քանի ժամ հետո տեղեկացրեց, թե վթարի պահին 830 մգվտ պահանջարկի դեպքում էլ. էներգիայի արտադրությունը ընկել է մինչեւ 287 մգվտ կամ պահանջարկի 35%-ը: Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվել է 587 մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը: Այնուհետեւ հայտարարեց, թե «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվեց:
Բայց մինչեւ այժմ բոլորի համար անհայտ է մնում, թե արդյոք վերջնական լուծում է տրվել հարցին, արդյոք նման տատանումներ չեն լինելու, ով է փոխհատուցելու այն քաղաքացիների ու ընկերությունների տեխնիկաների համար, որոնք էլեկտրաէներգիայի խաթարման պատճառով մեծ վնաս են կրել: Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եւս որեւէ կերպ չի արձագանքել այն իրավիճակին, որն ստեղծվել էր ՀՀ-ում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի հետ` պարզելու համար` որքանով էին իրենք պատրաստ նման խափանման ժամանակ օգնության հասնել:
-Տիկի՛ն Նահապետյան, նախօրեին Հայաստանի Հանրապետությունում, կարծես թե, խուճապային իրավիճակ էր. անջատվել էին Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնը եւ «Հրազդանի» 5-րդ բլոկը: Արդյոք ՀԷԿ-երը կկարողանայի՞ն այդ իրավիճակում ինչ-որ դերակատարում ունենալ` օգնելով ապահովել էներգիայով:
-Հիմա Հայաստանում իրականացվում է ոռոգում, այժմ աշխատում են ոռոգման սեզոնի ՀԷԿ-երը, իսկ ազատ գետերի վրայի ՀԷԿ-երը կանգնած են: Ընդհանրապես, ՀՀ-ի հիդրոէլեկտրակայանները աշխատում են ըստ սեզոնի, այսինքն` երբ որ ՀՀ-ում սկսվում է ոռոգման սեզոնը, միանում են այն ՀԷԿ-երը, որոնք աշխատում են այդ սեզոնին ջրամբարների տակ, որի միջոցով իրականացվում է ոռոգումը: Իսկ երբ մեզ մոտ վերջանում են ոռոգման աշխատանքները, արդեն սկսում են աշխատել այն ՀԷԿ-երը, որոնք որ աշխատում են ազատ հոսքի վրա, այսինքն` գետերի վրա. ոռոգման վրա աշխատող ՀԷԿ-երի քանակությունը քիչ է: Մենք այդ իրավիճակում կարող էինք ոռոգման քանակը մի քիչ դադարեցնել ու մի քանի օրով մտցնեինք այն ՀԷԿ-երը, որոնք աշխատում են ազատ հոսքերով: Սա արտակարգ իրավիճակ էր, եւ մենք կարող էինք այս իրավիճակում լուծում գտնել, բայց կարողացան արագ կարգավորել «Հրազդանի» 5-րդ բլոկի շահագործումը: Եթե սա երկար տեւեր, կարծում եմ` այն ՀԷԿ-երը որոնք որ աշխատում են ոչ ոռոգման սեզոնին, մենք կկարողանայինք բալանսը բերել հասցնել սպառման տոկոսին: Մենք կաշխատեինք միասին, բայց քանի որ ոռոգումը եւս մեծ դեր ունի Հայաստանի գյուղատնտեսության համար, այն երկար չէր կարող տեւել, մենք այդ առումով եւս կորցնելու բան ունենք: Այսինքն` մեր օգնությունը կլիներ ժամանակավոր, մինչեւ հարցին լուծում կտրվեր: Ու շատ լավ էր, որ այդ կարգավորումները եղան շատ արագ:
-Այսինքն` եթե մի քանի օր տեւեր էներգետիկ համակարգի վթարը, Դուք ինչ-որ միջոց արդեն նախատեսե՞լ էիք իրավիճակին լուծում տալու համար, թե՞ հնարավոր չէր ՀՀ ամբողջ տարածքը էներգիայով ապահովել:
-Հիմա շատ լավ աշխատում է Սեւան-Հրազդան կասկադը, որն օգնում է իրավիճակին, մեզ համար, իհարկե, ամենակարեւորը ատոմակայանի ճիշտ շահագործումն ու վերագործարկումն է: Ատոմակայանը մեր սպառման 35-40 տոկոսն է ապահովում, իսկ փոքր ՀԷԿ-երը 15 տոկոսն են: Ես միշտ այդ թեզը տարել եմ, բարձրաձայնել եմ, որ փոքր ՀԷԿ-երը ողնաշարն է էներգետիկայի, մենք պետք է կարողանանք միշտ այն զարգացնել: Այն մեր ռեսուրսն է, այն ո՛չ կապված է Իրանի գազի հետ, ո՛չ էլ դրսի հետ է կապված, հիդրոկայանները պետք է շատ ակտիվ ունենան իրենց դերակատարումը մեր էներգահամակարգի մեջ: Ատոմակայանի վերազինումն էլ սեպտեմբերին կավարտվի, ես կարծում եմ, ու դա շատ մեծ դերակատարում կունենա: Իսկ եթե կլինեն նման ճգնաժամային իրավիճակներ, ապա ՀԷԿ-երը կմտնեին ցանցի մեջ ու կաշխատեին, իսկ քանի որ հարցին արագ լուծում տրվեց, մենք սիստեմայի մեջ չենք մտել: Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ ոռոգումը, բայց մենք բավականին կկարողանայինք օգնեինք այն իրավիճակին, որը ստեղծվել էր Հայաստանում: Մենք այժմ արդեն հասել ենք մոտ 17-18 տոկոս սպառման քանակության, դրանից ավել տալիս են արդեն մեծ հիդրոէլեկտրակայանները: ՀՀ-ում գործող 200 ՀԷԿ կա, արդեն մոտենում ենք մոտ մեկ միլիարդ կիլովատ/ժամ արտադրանքի: Կրկնում եմ` մենք պատրաստ էինք միավորվել, ամբողջ միությունը պատրաստ սպասում էր. որ վայրկյանին կլիներ հրահանգը, մենք կիմանայինք ու կաշխատեինք այդ ցանցի մեջ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՈՒԼԻՍ ԿԱՆԵՆ, ՀԵՏՈ` ՆԻՍՏ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր` ժամը 12.00-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է լրագրողներին ներկայացնել առաջին վեց ամիսների իրենց աշխատանքը: Ըստ մեր տեղեկությունների` այս օրերին այդ հաշվետվության հավաքագրման համար խմբակցությունում աժիոտաժային իրավիՃակ էր: Բանն այն է, որ խմբակցությունում փորձում են հավուր պատշաճի ներկայացնել իրենց` այդ կերպ հանրությանը ցույց տալով, որ իրենք շատ ակտիվ գործունեություն են իրականացրել ու միայն կոճակ չեն սեղմել:

Իշխանական խմբակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի ասուլիսին ներկայանան այն պատգամավորները, որոնք կկարողանան փայլուն ներկայացնել իրենց խմբակցության աշխատանքները: Նախատեսված է, որ իմքայլականների հանձնաժողովների ղեկավարները հիմնականում կներկայացնեն իրենց աշխատանքները, այն նախագծերը, որոնք դրական եզրակացություն են ստացել եւ ընդունվել խորհրդարանի կողմից:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել նաեւ, որ նախատեսված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ելույթը` 6 ամսյա աշխատանքի հետ կապված: Մասնավոր զրույցներում պատգամավորները մեզ տեղեկացրին, որ ոչ բոլորի համար է բաց այն տեղեկատվությունը, թե ինչ են պատրաստվում ներկայացնել իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Բանն այն է, որ խմբակցությունում կան «ընտրյալներ», որոնք տեղեկացված են լինում իրենց խմբակցության կատարվող կամ կատարվելիք գործողություններին, իսկ խմբակցության մեծամասնությունը զուրկ է ինֆորմացիայից:
Ինչեւէ, այսօր կպարզվի, թե ինչ աշխատանք են կատարել իմքայլականները այս ժամանակահատվածում, ու ինչ է լինելու խմբակցության ընդհանուր նիստին, որը նախատեսված է մամուլի ասուլիսից հետո:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Երեկ կառավարության օրակարգում ընդգրկված է եղել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հանել վարչապետին կից կառույց լինելուց, քանի որ այդպես քաղաքականացվում է: Եվ, ահա, երեկ կառավարության եզրակացությունը եղել է նախագծերում, սակայն դասված է եղել չզեկուցվողների շարքին, եւ նիստի ընթացքում առհասարակ դրան որեւէ արձագանք չի եղել: Նկատենք, որ մինչ այդ նախագիծն արդեն բացասական եզրակացություն էր ստացել նաեւ կառավարական կոմիտեում: Եվ հետաքրքիր են նաեւ կառավարության եզրակացության մեջ տեղ գտած ձեւակերպումները: Չնայած որ ընդդիմադիր խմբակցությունը կարծում է` հենց այսպես են ուժային կառույցները կառուցված, գործադիրը հակառակ տեսակետն է արտահայտում, թե հենց նախարարներ լինելով են նրանք դառնալու քաղաքական պաշտոններ: «Հիշյալ ծառայությունները՝ ի դեմս իրենց ղեկավարների, չեն կարող ու չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, նրանք պետք է զերծ մնան քաղաքական զարգացումներից եւ, անկախ քաղաքական իրավիճակից, անաչառորեն կատարեն իրենց առջեւ դրված խնդիրները եւ գործառույթները», – նշված է եզրակացության մեջ: Միեւնույն ժամանակ կառավարությունը պատրաստ է քննարկել ոստիկանության պետի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոններին ներկայացվող պահանջների վերանայման հարցը:

 

 

 

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱԶԱՏՎԻ
Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո իր համար թիվ 1 խնդիրը դարձրել է աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության հետ պայմանագիրը լուծարելը: Բայց պայմանագիրն այնպիսի կետերով է կնքվել, որ քաղաքապետարանը կարող է լրջագույն դժվարություններ ունենալ պայմանագրի խզման կամ միակողմանի դադարեցման դեպքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` քաղաքապետն անգամ այս խնդրով դիմել է բազմաթիվ իրավաբաննների, պրոֆեսորների, փաստաբանների եւ տարբեր ծառայությունների ներկայացուցիչների, որպեսզի օգնեն իրեն «ազատվել» «Սանիտեքից»: Ինչպես երեւում է, առայժմ իր համար ցանկալի արդյունք դեռ չի գրանցել, բայց մեզ հայտնի դարձավ, որ գտնվել են որոշ լուծումներ: Եւ, այսպիսով, չի բացառվում, որ առաջիկայում քաղաքապետարանը հայտարարի «Սանիտեք»-ի հետ պայմանագիրը լուծելու մասին:




Լրահոս