ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԹԱՐԻ ԵՐԿՈՒ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում պարզ դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննություն է սկսել` պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի նախօրեի խափանման պատճառները: «Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խոր ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի եւ գնահատական տրվի, թե միտում եղել է, չի եղել, կան մեղավորներ, ցուցաբերվել է անգործություն, թե ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ», – կառավարության նիստում նշել էր Արթուր Վանեցյանը: Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ խափանման պատճառների վարկածները երկուսն են, արտաքին եւ ներքին պատճառ չկա:

Սակայն սա էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները պարզող միակ խումբը չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` կազմված էներգետիկ ոլորտի փորձագետներից եւ պատասխանատուներից, որը գլխավորելու է փոխնախարար Հակոբ Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հայտնեց, որ աշխատանքային խումբը պետք է քննի վթարի պատճառները եւ նաեւ այն վնասները, որոնք եղել են այդքան ժամանակ հոսանք չլինելու պատճառով: Արմինե Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահին որեւէ բան պարզ չէ, ժամկետներ առկա չեն նաեւ աշխատանքային խմբի ուսումնասիրման համար, եւ միայն այդ ամենից հետո պարզ կլինեն բոլոր հարցերի պատասխանները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկություն կա, որքան հնարավոր է արագ, կազմակերպել այդ աշխատանքները եւ ներկայացնել արդյունքները:
Ինչպես հայտնի է, երեկ Հայաստանի որոշ մարզերում ու Երեւանում հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ տեղի ունեցան, որի պատճառը վթարն էր, եւ դրա հետեւանքով սկզբում անջատվել էր «Հրազդանի» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ «Երեւանի» ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի:
Եվ մինչ աշխատանքային խմբերն ուսումնասիրություններ են կատարում, իրենց վարկածներն են առաջ քաշում նաեւ փորձագետներ: Օրինակ` էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը եւս այդ խափանումների հարցում ներքին պատճառներ չի տեսնում, իսկ որպես արտաքին պատճառներ նշեց երկուսը` մեղադրելով նախկին կառավարություններին մեր էներգետիկ համակարգը այլ երկրներին հանձնելու համար: «Առերեւույթ ամենահավանական պատճառն իրանական էներգահամակարգից հաճախականային տատանման ալիքի տարածումն է հայկական էներգահամակարգում, որը բերեց որոշ ավտոմատների աղճատմանը Հայաստանում», – նշեց նա: Մասնագետի համար զարմանալի էր մետրոպոլիտենի աշխատանքի խափանման փաստը: «Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատեւ լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է, եւ նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա:
էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ժամանակին Հայաստանը հետեւողական չեղավ Իրան-Հայաստան կապը ապահովելու, այսպես կոչված, հաստատուն հոսանքի կամրջակի միջոցով: «Դա հիմնական սխալներից մեկն էր, որը ժամանակին Հայաստանը չարեց եւ ստիպված եղավ գնալ այդ քայլին, քանի որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ: Հայաստանը վճռական չեղավ այդ տեխնոլոգիական լուծման վրա պնդելու ուղղությամբ: Եվ կա երկրորդ պատճառ, որ 2005-2006 թվականներից Թուրքիան Արեւելքի եւ ԱՄՆ-ի օժանդակությամբ իրականացնում էր Հայաստանի էլեկտրաէներգետիկ բլոկադայի քաղաքականություն, որով Հայաստանը մեկուսացվում էր տարածաշրջանային էլեկտրական ցանցի հետ հուսալի զուգահեռ աշխատանքից: Ահա այս պատճառների կոմբինացիան է բերել այդ վթարին», – նշեց նա:
Մարջանյանի խոսքով` հետագայում վթարներից խուսափելու համար պետք է հասկանալ, որ խնդիրները պետք է լուծվեն երկարաժամկետ քաղաքականության մտքով, հետեւողական լինել ռազմավարությունը զարգացնելու ուղղությամբ, այլ ոչ թե տրվել արտաքին ուժերի ճնշմանը: Դիտարկմանը` եթե ներքին պատճառներ չկան, ապա պատասխանատուներ՝ եւս, Մարջանյանը նկատեց. «Պատասխանատուն Հայաստանի նախորդ 8 կառավարություններն են եւ Հայաստանի այն վճիռ կայացնող օղակները, ովքեր Հայաստանի էլեկտրաէներգետիկ զարգացման ռազմավարությունը տվել էին այլ ուժերին: Մեծ հաշվով, դրությունն այնպիսին է, ինչպիսին ներկայացրեցի, եւ ներքին պատճառներ, ամեն դեպքում, չկան»:
Վերջում նկատենք, որ, որպես այդպիսին, բնակիչների համար փոխհատուցման մեխանիզմներ չկան: Նախօրեի վթարից, իհարկե, կան նաեւ քաղաքացիներ, որոնք վնասներ են կրել, սակայն գործուն մեխանիզմներ չկան: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վնաս կրած քաղաքացիները պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, բայց թե ինչ ընթացակարգ կլինի եւ ինչ որոշում, ոչ ոք չի կարող ասել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ՕՐԵՆՔ
Չի բացառվում` առաջիկայում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ լինի: Մասնավորապես, երեկ այս հարցով խորհրդարանում քննարկում է եղել պատգամավորների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք էլ հանդես են եկել այդպիսի առաջարկով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում այդ առնչությամբ սպասվում են ակտիվ քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ, սակայն հաշվի առնելով խորհրդարանի` արձակուրդ գնալու փաստը` այդ նախագծին մոտակա ժամանակներում անդրադարձ չի լինի: Հավելենք, որ մեդիա ոլորտի ներկայացուցիչներից նախագծի մշակմանը մասնակցել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՀՆՉԵՑՐԵԼ
Ինչպես հայտնի է, Դատավորների ընդհանուր ժողովը երեկ թեժ ու լարված է անցել: «Ժողովուրդ» օրաթերթին ներսում տիրող իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, լարվածությունը հիմնականում եղել է Նախշուն Տավարացյանի ընտրության մասով: Եվ դատավորները նկատել են, որ դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավականին լարված է եղել Նախշուն Տավարացյանի ընտրության մասով: Բանն այն է, որ եթե չլիներ Նախշուն Տավարացյանը, ապա հենց Սիմիզար Հովսեփյանը շանսեր ուներ դառնալու ԲԴԽ անդամ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ Նախշուն Տավարացյանը երդում չի տվել, Սիմիզար Հովսեփյանը հրապարակավ ասել է, որ նա թույլ է տվել հանցավոր անփութություն: Հավելենք նաեւ, որ ընտրված ԲԴԽ անդամների անունները դատավորներին հայտարարել է դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է:

 

 

 

 

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ
Այս տարվա 5 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեկնել է 489 հազար 557, իսկ ժամանել` 492 հազար 63 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով ուղեւորափոխադրումների դրական հաշվեկշիռը կազմել է 2506 հոգի: Որոշ մասնագետների համոզմամբ` ժամանողների թվի աճը պայմանավորված է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես կասեցնելու հետ։ Իսկ, ահա, «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 28 հազար 720, իսկ ժամանել` 28 հազար 281 ուղեւոր: Այսինքն` հինգ ամիսների ընթացքում այս օդանավակայանով 439 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել: Իսկ, ընդհանուր առմամբ, օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների դրական մնացորդը կազմել է 2506 քաղաքացի:

 

 

 

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
2019թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն թոշակ կամ նպաստ ստացողների թոշակներն ու նպաստները: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2019թ. հունիսի 1-ից բարձրացել է զինվորականների աշխատավարձը: 2019թ. սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները»,- ասված է նրա գրառման մեջ:

 

 

 

 

ԲԱԹՈՒՄՈՒՄ
Երեկ Բաթումի 16-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ: Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ` այդ համատեքստում մեծապես կարեւորելով նաեւ խորհրդարանականների դերը հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում:

 

 

 

 

ՊՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է
Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի եւ Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի լրացումը` ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է լրացման ընդունումը, որը վերաբերում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը: Նշենք, որ նախաձեռնության համաձայն` առաջարկվում էր նաեւ սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա` լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին:

 

 

 

ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԵՋ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին արձակուրդ կտրամադրվի:




Լրահոս