Հուլիսի 10-ին գրել էինք, որ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: «Ժողովուրդ» օրաթերթին իրավապահների կողմից քրեական հեղինակություններին բերման ենթարկելու եւ նրանց խոստովանությունների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախչում են, իսկ մյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնում են բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետ խոսում է եւ, ըստ էության, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որից հետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւ սկսվում է կռիվ: Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն փորձերը կրակոցներից փախչելու ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:
Այս կրակոցներից հետո իրավապահները, քրեական հեղինակություններին բերման ենթարկելով, փորձել են պարզել օրենքով գողի սպանության հանգամանքները, մասնավորապես, թե որքանով է դա կապված սպանվածի քրեական կյանքի հետ:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել քրեական հեղինակություններին բերման ենթարկելու գործընթացից եւ թե ինչ են նրանք հայտնել ՀՀ ոստիկանության Քրեական գլխավոր վարչությունում: Պարզվում է՝ քրեական հեղինակությունները իրավապահներին հայտնել են, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին սպանելը իրենց կողմից անսպասելի է եղել, իրենք ամեն ինչ կարող էին պատկերացնել, բայց չէին կարող սպասել նման բան, որ Անդիկին կխփեին: Ուստի շատերն իրավապահներին հայտնել են, որ այս դեպքը բացահայտելը իրենց համար եւս հույժ կարեւոր է:
Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ ոստիկանությունում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են, թե ինչ վարկած ունեն նրանք կատարվածի մասով, ինչին ի պատասխան` քրեական հեղինակություններն իրավապահներին հայտնել են, որ չեն կարող ասել, թե կոնկրետ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին: Բանն այն է, որ վերջին շրջանում Անդիկն առանձնապես լարված հարաբերություններ չի ունեցել որեւէ խմբի, խմբավորման կամ քրեական աշխարհի որեւէ ներկայացուցչի հետ: Դրա համար էլ շատ քրեական տարրեր ոստիկաններին ասել են, որ հնարավոր է՝ պատճառները տարիների պատմություն ունենան եւ, օրինակ, 10-15 տարի առաջվա հարցերը այսօրվա սպանության դրդած լինեն` վրեժխնդրության, հիշաչարության եւ այլ դրսեւորումներով:
Քրեական աշխարհի շատ ներկայացուցիչներ իրավապահներին պատմել են Անդրանիկ Հարությունյանի մարդկային հատկանիշների մասին` նշելով, որ նա հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր եւ կոնֆլիկտ չսիրող անձ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բավականին ուշագրավ զրույցներ են նաեւ եղել իրավապահների հետ: Մասնավորապես, մի քանիսը ՀՀ ոստիկաններին ասել են, որ միգուցե սպանությունը բացահայտվել է, բայց այն թաքցնում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի հետ, եւ ընդգծել են, որ իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, որ պարզվի, թե ով է սպանության պատվիրատուն:
Ի դեպ, վերջիններս իրավապահներին հայտնել են, որ կասկածներ ունեն, թե Անդրանիկ Հարությունյանին սպանողը Հայաստանից չի եղել, օտարազգի է եղել, բայց դա չի նշանակում, որ պատվիրատուն եւս չի կարող Հայաստանից լինել:
Մի խոսքով, շարունակվում է սպանության բացահայտմանն ուղղված ջանքեր գործադրվել, սակայն շոշափելի արդյունքներ դեռ չունենք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առերեւույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն` «Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը համաձայնության է եկել Արմավիրի մարզի 1972թ. ծնված բնակչի հետ վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատանքի ընդունելու հարցի շուրջ, որպես կաշառք պահանջել խոշոր չափի` 1000 ԱՄՆ դոլար գումար: Ապացույցների հիման վրա` դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որն անցյալ տարվա հուլիսին իր մանկավարժական հանրույթի հետ հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ, կվերադառնա աշխատանքի, նաեւ կստանա հարկադիր պարապուրդի իր գումարը: Այսպիսի որոշում է հրապարակել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում Գյումրու տարբեր դպրոցներ հայտնվեցին դատական ատյաններում` կապված տնօրենների կողմից իրականացված չարաշահումների, ապօրինությունների, կոռուպցիոն հանցագործությունների հետ: Դրանց թվում հատկապես առանձնացավ թիվ 19 դպրոցը, որի տնօրեն Նարինե Մեսրոպյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 31-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Նախօրեին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան: Կողոպուտը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել: Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ` հրազենային մի քանի վնասվածքներով: Ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաեւ` ով կամ ովքեր եւ որտեղից են նրան տեղափոխել հիվանդանոց:
ՀՈՍԱՆՔԻ ՏԱՏԱՆՈՒՄ
Նախնական տեղեկություններով` Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման` պատճառը, ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է եղել: Վերելակում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել. նա չի տուժել:
ԱԳՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան` ԱԳՆ-ի կողմից ստացել է պատասխան: «Այդ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի եւ հյուպատոսական վարչության պետի կողմից ԵՄ բարձրաստիճան ղեկավարության եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների առջեւ, նշվել է Հայաստան-ԵՄ հետընդունման համաձայնագրով նախատեսված պարտավորությունները Հայաստանի կողմից պատշաճ կատարելու մասին: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրարկման առնչությամբ»,- ասված է ԱԳՆ պարզաբանման մեջ:
ԺԱՄԿԵՏԸ ՆՎԱԶՈՒՄ Է
2019-20թթ. ուսումնական տարվա շրջանակներում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի այս տարի կօգտվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ այդ քայլին գնացել են, քանի որ իրենց համար նաեւ միջին մասնագիտական կրթությունն է կարեւոր. արդյունքում, ըստ նախարարի, ենթասպայական կազմի կրթական մակարդակը կբարձրանա: Ի դեպ, նախարարի փոխացմամբ` նվազում է «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը` 3 տարուց դառնալով 2 տարի 3 ամիս:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՔԿԾ ՊԵՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ:
12 ՀԱ ԱՅՐՎԵԼ Է
Երեկ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում` մոտ 20 հա տարածքում, այրվում են արտ եւ խոտածածկույթ:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ. այրվել են մոտ 12 հա խոտածածկույթ եւ արտեր, որոնցից 300 քմ-ն` չհնձած: