Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, որոնք օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնմանը կամ ընկերական հարաբերությունների ջերմացմանը:
Բայց այսպիսի մի դեպք բացահայտեցինք վերջերս, որը նոր Հայաստանում, համաձայնեք, այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: «Արմլուր» լրատվականը պարզեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Dj Վակցինայի հիմնադրած ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:
Բայց, ինչպես ասում են, ամեն ինչի մասին հերթով:
Նախ` նկատենք, որ Dj Վակցինան` նույն ինքը Արուսիկ Մկրտչյանը, անընդհատ գովազդում է Առողջապահության նախարարության գործունեությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Պարբերաբար լուսանկարներ է հրապարակում` ինչ-որ ծրագրերին մասնակցելու ժամանակ արված, իր եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Էլ չենք խոսում այն մասին, որ Արուսիկ Մկրտչյանին՝ թարգմանաբար Դի-ջեյ «պատվաստանյութին» (կատակ), շատ հաճախ կարող ենք տեսնել նախարարությունում (նա պարբերաբար համացանցում՝ Առողջապահության նախարարությունը նշում է որպես իր գտնվելու վայր), նախարարի ասուլիսներին էլ է մասնակցում:
Բացի այս, օրեր առաջ (ի դեպ, հենց այդ պայմանագրի կնքման օրը` հուլիսի 4-ին) Արուսիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում կիսվել է իր ընկերներից մեկի գրառումը` Արսեն Թորոսյանի գովքի մասին, որը վերնագրված է` «Արսենի մասին»: Գրառման մեջ նշված է հետեւյալը. «Հաշվի առնելով արագաշարժությունն ու արհեստավարժությունը` պետք է արձանագրենք, որ Արսենը դեռեւս միակն է մեր նոր իշխանությունից, ով իր աշխատելաոճով 100% ռեֆորմատոր է, ով ունի այդ ջիղը, ով ակնհայտ ձգտում է ռեֆորմների եւ ով հաջողացնում է սկսել դրանք»: Իսկ, ահա, վերջում գրառման հեղինակը իր ցանկությունն է հայտնել` նշելով, որ կուզեր Թորոսյանը լիներ Հայաստանի վարչապետը:
Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է որեւէ մեկին տեսնել վարչապետի կամ այլ պաշտոնում: Եւ այս ամեն ինչը մեր ուշադրությունը չէր գրավի, եթե մեր ձեռքի տակ չհայտնվեր պաշտոնական մի փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանի առողջապահության նախարարությունը պետական բյուջեից ավելի քան 9.5 մլն դրամ հատկացրել է հենց Dj Վակցինայի հիմնադրած ընկերությանը: Խոսքը «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ընկերության մասին է:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր կարիքների համար հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ` նախարարությունը ձեռք է բերել հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ: Պայմանագիրը կնքվել է հուլիսի 4-ին «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ընկերության հետ, որի արժեքը կազմել է 9 մլն 590 հազար դրամ: Մրցույթին մասնակցել է 3 ընկերություն, սակայն հաղթող ճանաչվել է ցածր գին առաջարկած մասնակիցը: Չի բացառվում, որ Արուսիկ Մկրտչյանին պատկանող ընկերությունը նախապես տեղյակ է եղել, թե ինչ գին առաջարկի, հետեւաբար ծառայության ցածր արժեք է ներկայացրել: Ամեն դեպքում, հարց է առաջանում` ի՞նչ երաշխիք, որ նախարարը չի միջամտել գնումների գործընթացին եւ գնահատող հանձնաժողովին չի պարտադրել ընտրել հենց իր թիմի անդամ Արուսիկ Մկրտչյանի հիմնադրած ընկերությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պատրաստելու է գովազդային (սոցիալական) հոլովակներ` 2 խաղարկային եւ մեկ անիմացիոն: Իսկ պատրաստման ժամկետը` պայմանագրի կնքման օրվանից 40 աշխատանքային օր է, յուրաքանչյուր հոլովակը պետք է հեռարձակվի առնվազն օրական 4 անգամ առնվազն 3 ամսվա ընթացքում:
Այստեղ հարց է ծագում` արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համա՞ր, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան` Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի՞ մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես եւ Դուք: Եթե հարցեր ունեք` ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը… Դա եղել է տենդեր, պետական գնումներ, որոնք որ ազնիվ, մաքուր, բացարձակ թափանցիկ ձեւով մենք մեր պայմաններով անելու ենք. երեք սոցիալական հոլովակ` իր տեղադրումներով: Ներեցե՛ք, Ձեր հարցերը գրավոր ձեւով ինձ ուղարկեք, ես կպատասխանեմ»,- եւ լավ օր մաղթելով` անջատեց հեռախոսը:
Այսպիով, արձանագրենք, որ DJ Վակցինան, լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյաանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում), օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երեւույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը: Մենք այս անգամ զերծ ենք մնում մեկնաբանություններից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՉԿԱ
Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթին զանգահարեց Բագրատաշեն գյուղի բնակիչ Գենադի Սողոմոնյանը, հայտնեց, որ Բագրատաշենում հավաքվել են գյուղի մոտ 40 բնակիչ, որոնք խիստ մտահոգված են ոռոգման ջրի պակասով: Ասաց, որ պտղատու այգիները եւ ցանքատարածությունները չորանում են, պտուղը ծառի վրա չորացել է, այգիները եւ ցանքերը չեն ոռոգվում, գյուղը սնուցող ոռոգման ինքնահոս 2 ջրատարներում 1 գրամ ջուր չկա: Նա հայտնեց, որ ոռոգման ինքնահոս 2 ջրագծերը բնականոն աշխատում են միայն գարնանը եւ աշնանը, ոռոգման պոմպերը հաճախակի շարքից դուրս են գալիս, Դեբեդից պոմպերով սնուցվող ջրատարի ջուրը չի բավարարում:
Հին խնդիրներին գումարվում է այս տարվա երաշտը: Բագրատաշենի բնակիչների խոսքերով` «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության ջրվարները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, ինչը չի նպաստում նրանց աշխատանքի արդյունավետությանը: Բագրատաշենցիները պահանջում են, որպեսզի վերադաս մի հանձնաժողով գնա Բագրատաշեն, արձանագրի ոռոգման ջրի մատակարարման վատ վիճակը: Բագրատաշենցի այգեգործների վկայությամբ` վերջերս վթար է տեղի ունեցել Բագրատաշենին ոռոգման ջուր մատակարարող «Ձեյթուն-1» պոմպակայանում, ջուրը լցվել է պոմպակայանի տարածք:
Խնդրի վերաբերյալ զրույցեինք Բագրատաշեն գյուղը ներառող Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի հետ: Նա ասաց, որ Բագրատաշենում ոռոգման ջրի սուր պակաս կա, գյուղի ինքնահոս ջրատարում վերջերս մաքրման աշխատանքներ են կատարվել: Ա. Պարանյանը հայտնեց նաեւ, որ ոռոգման ջրի խնդիրը սուր է նաեւ Բագրատաշենի հարեւան Դեբեդավան գյուղում, Դեբեդավանը սնուցվում է Բագրատաշեն ինքնահոս ջրատարից: Դեբեդավանին ինքնահոս եղանակով ոռոգման ջուր մատակարարելու համար հարկավոր է ջրագծի սկզբում հիդրոտեխնիկական աշխատանքներ կատարել, ջրի մեծ քանակություն կուտակել: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ վերջերս ինքը նամակ է ստացել «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից, որը հայտնել է, որ Բագրատաշենի ինքնահոս ջրատարի ջուրը ֆիլտրացվում է, նաեւ լցվում Բագրատաշենի բնակիչ Գարեգին Մելքումյանի տուն:
2017թ. ինքնահոս ջրատարը քանդվել է, ջրատարի ջուրը հեղեղի նման լցվել է Գարեգին Մելքումյանի տուն: Բագրատաշենի ոռոգման ջրի հիմնահարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցի «Տավուշ» ՋՕԸ տնօրեն Յուրա Որսկանյանին: Նա ասաց, որ այդ հարցերով պետք է դիմել Ջրային կոմիտեի մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանին: Վերջինս հայտնեց, որ Բագրատաշենը սնուցող ոռոգման ինքնահոս ջրատարում նորոգման, մաքրման աշխատանքներ են կատարվում, գյուղը սնուցող պոմպակայանի մեկ պոմպն է աշխատում, պոմպակայանում տեղի ունեցած վթարից հետո մյուս պոմպը չորացվում է, որպեսզի գործարկվի: Նա ասաց, որ պետական բյուջեից ՋՕԸ-ներին վերջերս մեծ գումար է փոխանցվել, Բագրատաշենի ջրվարների աշխատավարձի 2 ամսվա պարտք կա, 3-րդը անցած ամսվա ռոճիկն է, գումարները «Տավուշ» ՋՕԸ-ին փոխանցվելուց հետո աշխատավարձերի պարտքերը կվճարվեն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վերանայել է ակցիզային դրոշմանիշների եւ դրոշմապիտակների ձեռքբերման համար օրենքով նախատեսված չափաքանակները: Պարզվում է` ընթացիկ տարվա ընթացքում անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ 100 մլն հատ ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր եւ 380 մլն հատ դրոշմապիտակներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին կիսամյակում ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեին առաջիկայում կհատկացնի 1 մլրդ 796 մլն 400 հազար դրամ: Ընդ որում` ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար կծախսվի 360 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների համար` 1 մլրդ 436 մլն 400 հազար դրամ: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի` տնտեսական ակտիվությամբ պայմանավորված` արտադրող եւ ներմուծող տնտեսվարողների կողմից օրեցօր աճում է ակցիզային դրոշմանիշերի եւ դրոշմապիտակների պահանջարկը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ ՊԵԿ-ը նախորդ տարվա ընթացքում հարկ վճարողներին տրամադրել է 395 մլն 665 հազար 457 հատ ծխախոտի, 37 մլն 923 հազար 774 հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր եւ 1 մլրդ 115 մլն 392 հազար 100 հատ դրոշմապիտակներ, որոնց ձեռքբերման գումարը կազմում է 5?995,6 մլն դրամ:
Ի դեպ, այս տարվա փետրվարի 8-ի դրությամբ ՊԵԿ-ը, պետական գնման պայմանագրի համաձայն, ձեռք է բերել 380 մլն հատ ծխախոտի, 14 մլն 70 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր եւ 800 մլն 630 հազար հատ դրոշմապիտակներ, որոնց ձեռքբերման գումարը կազմում է 4?526,1 մլն դրամ: Ստացվում է, որ այս տարի ձեռք կբերվի 100 մլն հատ ծխախոտի ակցիզային դրոշմանիշ եւ 380 մլն հատ դրոշմապիտակ: