Լուսանկարը` համացանցից
Շրջակա միջավայրը մաքուր պահելու տարատեսակ հորդորներ կան, բայց այն, որ աղբ թափելուց հետո պետք է հիշել «խոզի պես խռխռացնելու» մասին, դա նորություն էր: Հուսանք` նմանատիպ գրությունները կազդեն հասարակության վարքագծի վրա:
ՀԱՐՑ. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք:
Լյուդա Մկրտչյան (59 տարեկանն, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում:
Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած եւ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:
ՀԱՐՑ. «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքն արդյոք տարածվո՞ւմ է գրավատների վրա:
Վիկտորիա Թորոսյան (43 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Թորոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
Նշենք, որ այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում` օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կազմակերպության դրամարկղում (դրամարկղներում) պահվող արժեքների պահպանման, ինչպես նաեւ փոխադրման անվտանգության ապահովության պատասխանատվությունը կրում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), եթե կազմակերպության կառավարման համապատասխան մարմնի (անհատ ձեռնարկատիրոջ) որոշմամբ այդ պատասխանատվությունը չի դրված այլ անձի վրա: