ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն է:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Արցախի Հանրապետությունը ի՞նչ տնտեսական աճ է գրանցել, արդյոք այն պահանջը, որ դրված էր ԱՀ պետական նախարարությունում, կյանքի՞ է կոչվել:
-Առնվազն 8 տոկոս միջին տարեկան տնտեսական աճի ապահովումն Արցախի կառավարության միջնաժամկետ գերակայություններից է: 2018 թվականին մեզ հաջողվել է ապահովել 11.9 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` երկրում ստեղծվել է ավելի քան 55.3 մլրդ դրամի համախառն ներքին արդյունք` ապահովելով 6.1 տոկոս իրական աճ: Տարեսկզբից, հանքարդյունաբերության որոշակի անկմամբ պայմանավորված, նկատվել է տնտեսության աճի որոշակի զսպվածություն, սակայն վերջին ամիսների ընթացքում տնտեսության աշխուժացումը նորից վերականգնվել է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 8.4 տոկոս: Ակնկալում ենք, որ ընթացիկ տարին եւս կավարտենք ամրագրված ծրագրային ցուցանիշը գերազանցող տնտեսական աճով:
-Խնդրում եմ, կոնկրետ նշե՛ք այն քայլերը, որոնք իրականացրել եք Արցախի տնտեսության ծաղկման համար:
-Տնտեսության առաջընթացը գերազանցապես պայմանավորված է ստեղծված բիզնես միջավայրով, որի տնտեսական, իրավական, սոցիալական, քաղաքական բաղադրիչների բարելավման ուղղությամբ շարունակաբար իրականացնում ենք գործնական քայլեր: Դա մեր առօրյա գործունեությունն է, ինչը բազմաթիվ ծրագրերի ամբողջություն է: Կփորձեմ խոսել էական քայլերի մասին: Հատկանշական են տարեսկզբից գործողության մեջ մտած փոքր ձեռնարկատիրության հարկային բեռի թեթեւացում նախատեսող օրենսդրական փոփոխությունները, որոնց շնորհիվ նվազել է արտոնագրային եւ հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը: Արդյունքում այդ հարկատուները ամսական պետք է վճարեն փոքր գումարներ, օրինակ` 1000-2000 դրամ, ինչն ավելի շատ խորհրդանշական է: Այս արտոնությունից օգտվել են հանրապետության հարկատուների ավելի քան 30%-ը, եւ առաջին հերթին այն միտված է ինքնազբաղվածության խթանմանը: Վերջերս օրենսդրական նախաձեռնությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրվել են հարկային արտոնություններ` ձեւավորելով առավել դյուրին եւ մրցունակ միջավայր: Իրականացվում են մի շարք գործնական միջոցառումներ՝ ուղղված արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղմանը՝ ապահովելով արցախյան գործարարների մասնակցությունը ՀՀ եւ արտասահմանյան ցուցահանդեսներում: 2019 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում մշակող արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 2.6 անգամ աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Կարող ենք արձանագրել, որ մեր երկրում տարեցտարի ավելանում են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները՝ փոքր ՀԷԿ-երի գործարկման շնորհիվ: Ներկայումս էլեկտրաէներգիայի բնագավառում Արցախն ինքնաբավ է եւ իրականացնում է նաեւ արտահանում: Դրան զուգահեռ լուրջ ուշադրություն է դարձվում բնապահպանական խնդիրներին: Արդեն իսկ ձեւավորված է արեւային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների գործունեությունը կանոնակարգող օրենսդրաիրավական դաշտը: 2019 թվականին նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող այգիների տարածքը 622.5 հա-ից հասցնել 1400 հա-ի: Դա անշուշտ կնպաստի պտղատուների համախառն բերքի եւ բերքատվության ցուցանիշների բարելավմանը: Անասնաբուծության ոլորտում կատարվում են նաեւ արոտների մակերեսային բարելավման, արոտների ջրարբիացման եւ միջդաշտային ճանապարհների բարեկարգման աշխատանքներ: Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Ստեփանակերտում մեկնարկել է լայնամասշտաբ բնակարանաշինության նպատակային ծրագիրը` ուղղված նոր, մատչելի գներով բնակարանների առաջարկի ավելացմանը:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Հայաստանը սկսում է տնտեսական հեղափոխություն. Ձեզ մոտ նման հեղափոխություն սպասվո՞ւմ է տնտեսությունում:
-Մեր ջանքերն ուղղված են կայուն տնտեսական աճի ապահովմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը: Այժմ տարբեր ներդրողների հետ տարվում են բանակցություններ, եւ ստանում ենք հիմնականում դրական արձագանքներ:
-Ձեր կառավարման ժամանակահատվածում արդյոք արցախցին իր կենսակերպում զգո՞ւմ է փոփոխություն, արդյոք եղե՞լ է աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների ավելացում եւ այլն:
-Բյուջետային ֆինանսավորման առումով ԱՀ-ն ՀՀ-ի հետ գտնվում է միեւնույն տնտեսական դաշտում, մասնավորապես, կենսաթոշակներին ու աշխատավարձերին առնչվող խնդիրների կարգավորման մոտեցումները փոխկապակցված են: ՀՀ-ի օրինակով մենք նույնպես տարեսկզբից սահմանել ենք նվազագույն կեսաթոշակի չափ. այն կազմում է 25 500 դրամ: Հուլիսի 1-ից ԱՀ-ում եկամտային հարկը նվազեցվել է 1 տոկոսով, որի արդյունքում պետական եւ մասնավոր հատվածներում ապահովվել է աշխատավարձերի որոշակի աճ: Տարեսկզբից 15 տոկոսով բարձրացել է բուժաշխատողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերին կբարձրանա նաեւ ուսուցիչներինը: Կարող ենք արձանագրել, որ այս տարվա 1-ին եռամսյակի դրությամբ հանրապետությունում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 5.8 տոկոս աճ:
-Խնդրում եմ, Դուք գնահատեք Ձեր աշխատանքը. ի՞նչ եք կարծում, Արցախի Հանրապետության քաղաքացին գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից:
-Իմ կատարած աշխատանքի նկատմամբ ամենախիստ պահանջատերը հենց ես եմ: Մեր երկրում չլուծված խնդիրները շատ են, եւ մինչեւ էական փոփոխություններ չլինեն, չենք կարող գոհ լինել: Կարծում եմ, որ մարդկանց առողջ պահանջատիրությունն այն ուժն է, որը ստիպում է ապահովել պետական հատվածի արդյունավետ աշխատանքը:
-Գաղտնիք չէ, որ Արցախի նախագահի ընտրությունների հետ կապված լարված իրավիճակ է ԱՀ-ում, դա կարո՞ղ է ինչ-որ չափով ազդել պետության անխափան գործունեության վրա:
-Երկրում ընթանում են քաղաքական գործընթացներ: Սեպտեմբերին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քաղաքական ուժերը պատրաստվում են մի քանի ամսից տեղի ունենալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այդ ամենով հանդերձ, սակայն, պետական համակարգն աշխատում է անխափան: Համոզված եմ, որ քաղաքական պայքարը կընթանա առողջ ու կառուցողական միջավայրում, իսկ 2020 թվականին սպասվելիք համապետական ընտրություններին մեր ժողովուրդն իր իմաստուն որոշումը կկայացնի: Ըստ այդմ, հանդուրժողականության միջավայրում քաղաքական պայքարը չի կարող բացասապես ազդել տնտեսության ու երկրի կենսագործունեությունն ապահովող այլ ոլորտների վրա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԹՈՌՆԵՐԻ ՀԵՏ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շարունակում է իր «վաստակած» ամառային հանգիստը: Նա յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան:

Ըստ մեր տեղեկությունների` Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում հանգստանալու է իր թոռնիկների հետ: Հիշենք, որ Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր տարիներին իր հանգիստն անցկացնում է Բադեն-Բադեն քաղաքում, որը աշխարհում հայտնի է իր առողջարանային եւ զվարճանքի կենտրոններով, եւ այնտեղ է գտնվում աշխարհի ամենահին խաղատներից մեկը:
«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ Սերժ Սարգսյանը հիմնականում միայնակ է շրջել, ու տպավորություն է եղել, որ նա հարմարվել է նոր իրավիճակի, որն առաջացել է իր պաշտոնանկությունից հետո: Առաջվա նման հերթեր չեն գոյանում, թե ով պետք է ուղեկցի Սերժ Սարգսյանին հանգստավայրում: Նշենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի հրաժարականից հետո բավական երկար ժամանակ հանրային միջավայրեր դուրս չէր գալիս, իր ամենամտերիմ ընկերների հետ էր միայն շփվում, բայց վերջին շրջանում արդեն սկսել է տարբեր տեղեր հաճախել:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրը, Ս. Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ ուխտագնացության էր գնացել Աղձք, որտեղ պարել, ուրախացել էին ՀՀԿ-ականներով, ու այդ տեսանյութը դարձել է համացանցի քննարկման թեման:
Ըստ մեր տեղեկությունների` Սերժ Սարգսյանը մոտ 7 օր էլ որոշել է հանգստանալ Հունաստանում արդեն թոռնիկների հետ, որից հետո կվերադառնա Հայաստան եւ մի որոշ ժամանակով էլ կմեկնի Արցախ:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ` ԱԺ-ՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Բանն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ ազգընտիրներն այժմ արդեն արձակուրդում են, բայց կլինեն հանձնաժողովներ, որտեղ պետք է քննարկվեն նախագծեր, որոնք այդպես էլ խորհրդարանը չհասցրեց քննարկել ու ընդգրկել ԱԺ հերթական նիստերում: Երեկ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, որտեղ նախարարը ներկայացրել է մի քանի նախագծեր, որոնք վերաբերում են իր ոլորտին։

 

 

 

ՂԵԿԱՎԱՐԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավարը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Զովասար համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2005թ.-ի սեպտեմբեր ամսից հանդիսանալով Արագածոտնի մարզի Զովասար համայնքի ղեկավարը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող Բուղութլու կոչվող տեղամասում ավազի պաշարով հաստատված հողամասի օգտագործման նկատմամբ, ինչի արդյունքում նշված տեղամասից ավազ բեռնելու ժամանակ` 2018թ.-ի հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ռ. Ավոյանը մնացել է փլուզված ավազի շերտի տակ եւ մահացել է: Համայնքի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:

 

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 1 ՏԱՐԻ ԱՆՑ
Երկու ամսից կլրանա ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի սպանության եւ ինքնասպանության մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, սակայն նախաքննական մարմինը քրեական գործով դեռեւս ելքը չի որոշել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճեն: Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի «Այգի» ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կ. Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կ. Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հ. Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում: Ըստ լուրերի` պատգամավորների միջեւ խոսակցությունը եղել է գումարի շուրջ:




Լրահոս