ԻՆՉՊԵ՞Ս Է ՆՈՐ ՔԿԾ ՊԵՏԸ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ «ԶՈՆ ՆԱՅՈՂՆԵՐԻ» ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ստորագրեց, որով Արթուր Գոյունյանին նշանակեց ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, իսկ Արտյոմ Մխոյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Իսկ ո՞վ է առաջարկել Արթուր Գոյունյանին այդ պաշտոնը, եւ ինչպե՞ս է նա պայքարելու «զոն նայողների» դեմ:

Ի դեպ, դեռեւս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության նախկին նախարար Արտակ Զեյլանյանի հրաժարականը թերեւս միակը չի լինելու համակարգում: Եվ ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւս հասկացրել են, որ պետք է հրաժարական ներկայացնի:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ ՀՀ կառավարությունում հանդիպել էր, եւ շատ չանցած Մխոյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին:
Ի դեպ, Մխոյանի հեռացումը կապեցին ԱԱԾ-ի կողմից «Արմավիր» ՔԿՀ-ում տիրող իրավիճակի բացահայտման հետ: Ինչեւէ, ՔԿԾ-ն այսօր ունի նոր պետ. ո՞վ է նա: Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի` Արթուր Գոյունյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում ազգային անվտանգության վարչության պետ, սակայն ավելի ուշ աշխատանքից ազատվել է, երբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը: Ասել է թե` Գոյունյանը Աղվան Հովսեփյանի դատախազության կադրերից է եղել:
Երբ ՀՀ քննչական կոմիտեն ստեղծվեց, Աղվան Հովսեփյանը Արթուր Գոյունյանին չմոռացավ եւ նրան նշանակեց ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի քննչական բաժնի պետ: Եվ, ահա, հեղափոխությունից հետո Գոյունյանի կյանքում եւս իրավիճակ փոխվեց, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՔԿ ծառայության պետ: Ի դեպ, իրավապահ համակարգը վերջինիս նշանակմամբ բավականին ոգեւորվել է եւ մեծ հույսեր է կապում, քանի որ, ըստ իրավապահների, Գոյունյանը ՔԿՀ-ների հարցում շատ բան կփոխի:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նոր ՔԿ ծառայության պետի հետ` հասկանալու համար, թե նա ինչպես է պայքարելու ՔԿՀ-ներում «օրենքով գողերի», «զոն նայողների» դեմ:
-Պարո՛ն Գոյունյան, Դուք ՀՀ գլխավոր դատախազությունում ազգային անվտանգության վարչության պետ եք եղել, սակայն ավելի ուշ աշխատանքից ազատվել եք, երբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Գեւորգ Կոստանյանը: Ասել է թե` Դուք Աղվան Հովսեփյանի դատախազության կադրերից եք եղել:
-Ես դատախազության համակարգ ընդունվել եմ 1993 թվականին եւ ընդունվել եմ լուսահոգի Արտավազդ Գեւորգյանի օրոք: Հետո դատախազը փոխվել է, էլի փոխվել է, հետո Աղվան Հովսեփյանն է որոշ ժամանակ պաշտոնավարել, եւ դա չի նշանակում, որ ես այս կամ այն դատախազի կադրն եմ: Ես կարող եմ կոնկրետ հարգել կամ չհարգել, դա ասելու բան չէ, ոչ էլ մարդու պիտակավորելու բան է, ես եղել եմ իմ աշխատանքի նվիրյալը, դրա համար էլ գնահատվել եմ:
-Ձեզ կոնկրետ ո՞վ է առաջարկ արել դառնալ ՔԿ ծառայության պետ:
-Լինելով իմ մասնագիտական կարողությունների եւ հմտությունների նվիրյալը` ես երկար տարիներ զբաղեցրել եմ բարձր պաշտոն, այնպես չէ, որ Գեւորգ Կոստանյանը եկել է, եւ հրաժեշտ եմ տվել պաշտոնին. երեք տարի աշխատել եմ պարոն Կոստանյանի հետ: Հետո երկարամյա ծառայության կենսաթոշակ եմ ձեւակերպել, մեկ տարի չեմ աշխատել, հետո առաջարկ եմ ստացել ՀՀ քննչական կոմիտե տեղափոխվելու, այդ աշխատանքը սիրելով, ցանկանալով լավ բան, դրական բան անել պետության համար, համակարգի համար: Առանց քիթս վեր ցցելու, կամ ինձ համար ստորացուցիչ չի եղել գնալ քննչական բաժնի պետ աշխատել, քանի որ ես սիրում եմ իմ աշխատանքը: Երկու տարի աշխատելուց հետո, ըստ երեւույթին, հետաքրքրվել են, իմացել են, եւ այդ առաջարկը եղել է առանց անձնական կապերի, առանց որեւէ ինչ-որ հանգամանքներ հաշվի առնելու:
-Ո՞վ կոնկրետ Ձեզ առաջարկեց դառնալ ՔԿ պետ:
-Նախարարի կողմից, նախարարն էլ երեւի հետաքրքրվել է` իմ մասնագիտական գիտելիքները համապատասխանում են, ու ինձ համապատասխան առաջարկ է արել:
-Իրավապահ համակարգը Ձեր նշանակմամբ բավականին ոգեւորվել է եւ մեծ հույսեր է կապում, քանի որ, ըստ իրավապահների, Գոյունյանը ՔԿՀ-ների հարցում շատ բան կփոխի: Բոլոր ՔԿ ծառայության պետերը գալիս են ու ասում, որ պայքարելու են «օրենքով գողերի», «զոն նայողների» կամ ՔԿՀ-ներում արտոնյալ դատապարտյալների եւ կալանավորների դեմ, բայց, մեկ է, ոչինչ չի փոխվում: Դուք կկարողանա՞ք պայքարել ու ինչպե՞ս:
-Եթե ես վստահ չլինեի իմ ուժերի վրա, ես չէր ընդունի առաջարկը եւ չէի ստանձնի մեր պետության համար այս դժվարին ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը: Ես գտել եմ , որ ինձ բախտ է վիճակվել իրականացնել որոշակի առաքելություն, եւ ես պատվով կիրականացնեմ, այդքան բան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՆԻՍՏ` ՆՎԻՐՎԱԾ ՆԱԽՇՈՒՆԻՆ
Բարձրագույն դատական խորհրդի անդամների շուրջ առաջացած տարաձայնությունները չեն դադարում: Երեկ ԲԴԽ-ում նիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամները բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին դատավորների ժողովից եւ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի` երդում տալուց հետո կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ դատավոր Տավարացյանը 2018 թվականին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր, իսկ, ահա, իր հրաժարականի դիմումը ԲԴԽ-ն չէր ընդունել` ասելով, որ նա չի երդվել, ուստի ԲԴԽ անդամ չի համարվել, հետեւաբար դիմումը չեն կարող ընդունել: Եվ, ահա, 9 ամիս անց Տավարացյանը երդվեց եւ դարձավ ԲԴԽ անդամ, ինչն էլ դատական համակարգում դատավորներից ոմանց դժգոհության պատճառ դարձավ:
Այսպիսով, երեկ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ԲԴԽ նիստի ժամանակ ԲԴԽ գիտնական անդամները` Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը, բարձրացրել են Նախշուն Տավարացյանի հարցը: Նրանք ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ ԲԴԽ-ն էլ նրանց պատասխանել է, որ տիկին Տավարացյանը չի երդվել եւ ուստի ԲԴԽ անդամի պաշտոնին չի նշանակվել, կերդվի, որից հետո նոր կհամարի պաշտոնը ստանձնած:
Գիտնականներն ասել են, որ պատրաստվում են հուլիսի 15-ի օրակարգում ներառել Նախշուն Տավարացյանի` դեռեւս 2018 թվականի հրաժարականի դիմումի հարցը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Նախշուն Տավարացյանը առարկել է այդ հարցի հետ կապված` հայտարարելով. «Եթե Դուք պատրաստվում եք 2018 թվականի դիմումը հուլիսի 15-ի Բարձրագույն դատական խորհրդում օրակարգ մտցնել, 9 ամիս հետո քննարկել, ապա նախ Դուք պարտավոր էիք այդ ժամանակ եռօրյա ժամկետում ինձ կանչել ԲԴԽ, իմ դիմումը քննարկել, եւ այս հարցերը կփակվեր, եւ այս անհաջող իրավիճակը չէր առաջանա: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Նախշուն Տավարացյանը հայտարարել է. «Եթե որոշել եք հիմա քննարկել, ապա քննարկեք, բայց Ձեզ պետք է ասեմ, որ ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ եւ ընդհանուր ժողովում հանդիսավոր պայմաններում երդում եմ տվել: Ես երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»:
Մեզ հասած լուրերի համաձայն` Նախշուն Տավարացյանի այս խոսքերից հետո ԲԴԽ գիտնականներն ասել են , որ ԲԴԽ-ի լեգիտիմության հարցն են բարձրացնում:
Այսպիսով, հուլիսի 15-ին ԲԴԽ անդամները կքննարկեն Նախշուն Տավարացյանի լեգիտիմության հարցը, իսկ թե ինչ որոշում կկայացնեն, դժվար է ասել. սպասենք զարգացումներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ
Հայաստանը երկրորդ ԱԷԿ-ի կարիք ունի. այս մասին ասել է ԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը: «Այսօր չկա որեւէ երաշխիք, որ նման վթար կրկին չի լինի: Վթարի պատճառները կարող են ե՛ւ լուրջ լինել, ե՛ւ ոչ այնքան, որոնք, սակայն, նույնպես կարող են նմանատիպ հետեւանքների հանգեցնել»,-նշել է նա: Վերջինս շեշտել է, որ երկրի էներգետիկ համակարգը պետք է կարգի բերել: Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին վթարի հետեւանքով անջատվել էին «Երեւանի ՋԷԿ»-ը եւ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկը, ինչը ողջ հանրապետությունով էներգետիկ խափանման պատճառ էր դարձել:

 

 

 

ԿԱՐԳԱԼՈՒՅԾ
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի Հայոց թեմի հոգեւոր սպասավոր Նարեկ ավագ քահանա Իշխանյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման գյուղի բնակիչներից մեկի կողմից 2011թ.-ից` արդեն 8 տարի: Տղամարդը նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրանքով պահում է գոմում եւ առանց որեւէ վճարի աշխատեցնում: Ազատված աղջիկը պատմել է, որ տարիների ընթացքում մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը միշտ նրան գտել է, բերել գոմ, ծեծել` սպառնալով, որ կրկնվելու դեպքում խեղդելով կսպանի: Հունիսի 18-ին աղջիկը կրկին փախել է, այս անգամ ընդմիշտ: Նա պատմել է, որ իր ազգականներից մեկն իրեն Վրաստանից բերել է ՀՀ, թողել այստեղ ու հեռացել: Նրա կյանքի դժոխքը սկսվել է 2011թ.: Հիմա աղջիկը մեկ նպատակ ունի` վերադառնալ, Վրաստանում գտնել մորը:

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
«Արմենիա» բկ-ում դանակահարված 32-ամյա տղամարդ է մահացել: Հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ մոտ 32 տարեկան մի տղամարդ: Նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու եւ լուսադեմին` 5:15, գիտակցության չգալով` մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

 

ԲՈՒԺՎՈՒՄ ԵՆ
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր: «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը վիրահատությունից հետո տեղափոխվել է բաժանմունք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության` դրական տեղաշարժով: Վրաստանում` Գորիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, բուժումը ստանում են տարբեր բժշկական կազմակերպություններում:




Լրահոս