ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարին, ապա առանձնացրեց մի քանի ձեռքբերումներ, որոնք գրանցել է շատ ճամփորդելու շնորհիվ:

Այսպես, կոմիտեի երիտասարդ ղեկավարի` «սիրուն աղջկա» խոսքով` իր շատ ճանապարհորդելը բերել է նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան, Չինաստանի քաղավիացիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Ֆրանսիայի ավիացիոն դպրոցներից մեկը եւս անվճար կրթության հնարավորություն է մեզ տալիս: Բացի այս, Ռեւազյանը նշեց, որ «Wizz air» եւ «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մուտք գործել հայկական ավիաշուկա, մինչեւ այդ պետք է կատարել օրենսդրական փոփոխություններ: Խոսքը օդի փողը հանելու մասին է: Քաղավիացիան մտադիր է օդի փողը հանելու առաջարկով դիմել օդանավակայանի ղեկավարությանը: Թե ինչ պատասխան կտա «Զվարթնոց» օդանավակայանը, դեռեւս հայտնի չէ:
Առիթից օգտվելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցեր ուղղեց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին:
-Տիկի՛ն Ռեւազյան, ՀՀ կառավարությունը բանակցություններ տանո՞ւմ է «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ. չէ՞ որ «Corporacion America» ընկերության միջեւ կոնցեսիոն պայմանագիր կա կնքված, եւ, ըստ դրա, իրենք են որոշում, թե որ ծառայության համար ինչ գին սահմանեն:
-Ճիշտ է, իրենք են որոշում, մասնավոր ընկերություն է, եւ այդ իրավունքը իրենց տրվել է, բայց ես այդ պրոցեսը սկսել եմ վերահսկել: Այսինքն` ես շփվում եմ ավիաընկերությունների հետ, որ հասկանամ` ինչ խնդիրներ ունեն, որ մոտեցումը փոխվի: Օրինակ, վերջերս խնդիր է եղել, որ VIP-ով հասարակ ուղեւորներ, զբոսաշրջիկներ էին գնում, ու ինչու պետք է այդ ծառայության համար ավիաընկերությունը վճարի: Այդ հարցը լուծվեց: Մենք կապնվեցինք, պարզվեց՝ իրար սխալ էին հասկացել, եւ այդ խնդիրը լուծված է: Սա մի օրինակ: Այսինքն` մենք այդ պրոցեսը վերահսկում ենք:
-Այսինքն` դրսի ավիաընկերությունները Ձեզ պարբերաբար դիմո՞ւմ են, որ նման խնդիրների են բախվում օդանավակայանի ղեկավարության հետ:
-Մենք իրար հետ շփվում ենք, տեղեկացնում ենք, որ եթե խնդիր ունենաք, խնդրում եմ տեեկացրեք մեզ: Նույն «Ryanair airlines»-ը տեղյակ է, այսինքն` բանակցությունների մեջ ես կամ: Եթե խնդիր լինի, ես կիմանամ:
-Բայցի այդ, այլ ի՞նչ խնդիրներով են դիմել Ձեզ ավիաընկերությունները, որովհետեւ հայտնի է, որ օդանավակայանի ղեկավարության կողմից սահմանած բարձր սակագների պատճառով իրենք հրաժարվում են դեպի ՀՀ չվերթներ իրականացնել:
-Կոնկրետ կարո՞ղ եք ասել, ինչ ավիաընկերություններ են հրաժարվել եւ այլն, որովհետեւ շատ հաճախ խոսակցություններ են գնում, կուզենայի այս ամեն ինչը ավելի կոնկրետ լինի:
-Օրինակ` մի խնդիր` ավիավառելիքի բարձր գինը, որը սահմանում է օդանավակայանի ղեկավարությունը:
-Ավիավառելիքը, այո, դա իմ իրավասությունից դուրս է, բայց որեւէ մեկը, որ ինձ դիմում է եւ ներկայացնում է մի խնդիր, ես տեղեկացնում եմ ղեկավարությանը, որ բոլորը տեղյակ լինեն, որ նման խնդիր կա, ու ուսումնասիրություններն արվում են:
-Ամեն դեպքում, կառավարությունն օդանավակայանի ղեկավարության հետ բանակացություններ տանո՞ւմ է, թե՞ ոչ սակագները նվազեցնելու ուղղությամբ:
-Այո, որ ասեցի շատ կարեւոր հանդիպում է սպասվում, ու դրանից հետո ենք օրենքի առաջարկներ կայացնելու (խոսքը օդի փողը հանելու մասին է-Ս.Հ.), հենց այդ թեմայի շուրջ է:
-Դուք խոսում եք փոքր ավիացիայի զարգացման մասին, բայց կան տնտեսվարողներ, որոնք փորձում են ինչ որ քայլեր ձեռնարկել, բայց «Զվարթնոց» օդանավակայանի դարձյալ սահմանած սակագների պատճառով չեն կարողանում, որովհետեւ այնտեղից թռիչք իրականացնելը շատ բարձր գին ունի:
-Իրականում ճիշտ չէ փոքր ավիացիան զարգացնել հիմնական օդանավակայանի միջոցով: Դրա համար, օրինակ, Արզնիի օդանավակայանը համատեղ օդանավակայան է: Այսինքն` այդ ուղղությամբ պետք է գնանք: Եթե ամբողջ աշխարհի փորձն էլ նայենք, հիմնական օդանավակայաններից չեն թռնում փոքր օդանավերը:
-Տիկի՛ն Ռեւազյան, նախորդ տարի աշխատանքային խումբ ստեղծվեց հայկական ավիցիայի ոլորտի խնդիրները ուսումնասիրելու նպատակով: Այդ խումբը կարճ ժամանակահատված գործեց` մոտ 4-5 ամիս: Խմբի անդամները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Դուք ընդամենը մեկ անգամ եք ներկա գտնվել քննարկումներին: Ինչո՞ւ: Արդյոք Ձեզ չե՞ն հետաքրքրել այդ խնդիրները:
-Ինձ այդ խնդիրը շատ է հետաքրքրել, մենք ուղարկել ենք մեր աշխատակցին, այնպես չէ, որ քաղավիացիայից ներկայացուցիչ չի եղել: Բայց ինչու ես անձամբ չեմ գնացել` պարզ խոսեմ. իմ կարծիքով` հարցն ընդհանրապես սխալ էր`պետք է մեզ, թե ոչ: Այսինքն` դրա մասին չէ խոսքը, այլ` ոնց ենք մենք ստեղծելու:
-Խոսքը ազգային ավիափոխադրող ունենալո՞ւ մասին է:
-Այո, պարզ է, որ եթե մենք ունենանք հզոր ավիաընկերություն, Հայաստանում լիքը աշխատատեղեր կստեղծվեն, լիքը խնդիրներ կլուծվեն: Ինձ համար հարց չէ` մեզ պետք է ունենալ ավիափոխադրող, թե պետք չէ: Ամենակարեւոր հարցն այն է, թե ոնց ենք մենք հասնելու նպատակին, որ ինքը կայուն ընկերություն լինի` հաշվի առնելով ամբողջ աշխարհում առկա մրցակցությունը: Ի՞նչ ենք անելու, ի՞նչ քայլեր ենք իրականացնելու, որ այդ ընկերությունը կայուն լինի:
-Տիկի՛ն Ռեւազյան, ավիատոմսերի շուկան այդպես էլ չի կանոնակարգվում. մեզ մոտ ավիատոմսերը տարեցտարի թանկանում են: Ո՞ր կառույցի կողմից է վերահսկվում ավիատոմսերի շուկան, եւ ի՞նչ է պետք անել, որպեսզի մեզ մոտ դրանք այդքան բարձր գնով չվաճառվեն:
-Բարդ հարց է, որովհետեւ իրականում ոնց ենք մենք ապացուցում, որ ավիատոմսի գինը բարձր է: Այսինքն` եթե պահանջարկը կա…
-Եթե համեմատենք հարեւան Վրաստանի հետ, ապա այնտեղ էժան գնով են ավիատոմսերը վաճառվում:
-Բայց Վրաստանում ավիատոմսերի ցածր գների արդյունքը այն չէ, որ կառավարությունը վերահսկել է այդ պրոցեսը եւ համոզել, որ ավիատոմսերի գները իջեցնեն: Այնտեղ էժան են, որովհետեւ մրցակցություն կա, լոուքոստերներ են մտել շուկա: Մեզ մոտ մրցակցություն չկա, դրա համար բարձր են, բայց մենք էլ այդ ճանապարհով գնում ենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը քննություն է կատարում Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների` մշակույթի կենտրոնի, արվեստի դպրոցի, մարզադպրոցի, կոմունալ հիմնարկության գործունեության վերաբերյալ: Ոստիկանության աշխատողներին հետաքրքրում է, թե այդ հիմնարկների աշխատողները որ ժամին են աշխատանքի գնացել, երբ վերջացրել իրենց աշխատանքային օրը, քարտերի միջոցով արդյոք, իրենք են արդյոք ստացել իրենց աշխատավարձերը եւ այլն: ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից ոչ աշխատանքային ժամերին քննության կանչելը մարզային աշխատակիցներին անհանգստացնում, վիրավորում է: Իջեւան քաղաքի մշակույթի կենտրոնի գեղմասվար Գայանե Չապուխյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում ասաց, որ Իջեւանը մշակութային եւ մարզական նվաճումներ ունի, հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, եւ իրենց համար վիրավորական էր, երբ մի քանի օր առաջ փորձել են իրենց ոստիկանության շենք կանչել: Գայանեն հայտնեց, որ իրենք նաեւ իրենց հանգստի ժամերի հաշվին զոհված ոստիկանների մասին ֆիլմ են պատրաստել, մշակութային միջոցառումներ կազմակերպել, տիկնիկային ներկայացումներ բեմադրել Իջեւանի սահմանամերձ գյուղերում, իրենք հո չէ՞ին կարող մշտապես գտնվել աշխատասենյակներում: Գ. Չապուխյանը հավելեց նաեւ 2018թ. նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում ոստիկաններին նվիրված միջոցառման մասին, որը վարել է ինքը:
Նշենք, որ Իջեւան քաղաքում շատերը համոզված են` ոստիկանության կազմակերպված հանցագործություների դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Իջեւանի քաղաքապետարանի ենթակա հիմնարկներում կատարվող քննությունը կապված է Իջեւանում առաջիկայում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրությունների հետ: Իշխող քաղաքական ուժը ցանկանում է իր թեկնածուին առաջադրել այդ ընտրություններում, այդ թեկնածուի հաղթանակին կնպաստի այն, որ 2011 թվականից Իջեւանը ղեկավարող Վարդան Ղալումյանը չառաջադրի իր թեկնածությունը: Դիլիջանում ««Իմ քայլը»` հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ժամանակ` հունիսի 21-ին, Վարդան Ղալումյանը լրագրողների հետ հարցազրույցում ժխտեց, որ նոր իշխանության կողմից իր վրա ճնշումներ են գործադրվում: Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություները նախատեսված են այս տարվա սեպտեմբերի 20-ին, սակայն Իջեւանում համայնքների միավորումից հետո հավական է, որ խոշորացված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա դեկտեմբերին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս