Բացթողում է տեղի ունեցել երկուստեք. ՊԵԿ-ն արձագանքել է Շիրակի թեմի առաջնորդի կողմից բարձրացված խնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վրդովվել էր, որ ՊԵԿ-ի նամակում ինքը ներկայացվել էր որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գեւորգ Աջսպահյան»:

ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը գրառում է կատարել այս թեմայի շուրջ.

Շիրակի թեմի առաջնորդ իմ կողմից շատ հարգված Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ խոսել եմ ու ձեռք բերել լիարժեք ընկալում ֆեյսբուքում իր կողմից բարձրացված հարցի առնչությամբ: Ասեմ, որ բացթողում է տեղի ունեցել երկուստեք . փաստաթղթային ձեւակերպումներում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը շարունակում է գրանցված մնալ որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպություն, որն ունի տնօրեն ի դեմս Գևորգ Աջսպահյանի( հենց այս անուն-ազգանունով է գրանցումը կատարված ) և գործունեություն է կատարում հենց այն հասցեում, որը նշված է եղել ՊԵԿ աշխատակցի նամակում :

Պատճառը թերեւս այն է, որ ժամանակին երբ չկար Կրոնի մասին ՀՀ օրենք, կրոնական կազմակերպությունները գրանցվում էին որպես հասարակական կազմակերպություններ և այդ տվյալները պահպանվել են : Այդուհանդերձ, հանգամանքը չի մեղմացնում նաև ՊԵԿ աշխատակցի բացթողումը, ով ցանկացել է կատարել իր աշխատանքը տեղեկացնելով, որ համաձայն Ֆինանասների նախարարության տրամադրված տվյալների «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հասարակական կազմակերպությունը գույք է ձեռք բերել, որի ստացման աղբյուրը հանդիսացել է հանրային միջոցը:

Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել նույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:

Շիրակի թեմի առաջնորդը պարզապես հանրության համար խիստ ճանաչված հոգեւոր այր է և գոյություն ունի պատշաճության դիմելաձեւ , որը չպահպանելու համար հայցում եմ Սրբազանի ներողամտությունը:
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել փաստաթղթերում `շտկելով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի թե գրանման հասցեն, թե կազմակերպա-իրավական տեսակը և բոլոր տվյալները փոխանցել հաշվառող մարմին `բացառելու հետագայում նմանօրինակ թե Պեկ –ի եւ թե Շիրակի թեմի համար ոչ հարիր իրավիճակները:

Ինչ վերաբերում է Սրբազան Հոր ֆեյսբուքյան գրառմանը, ապա այն իմ համար լիովին ընդունելի է բացառապես որպես քրիստոնյա զավակ, քանի որ հոգեւոր առաքելության հանդեպ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած փաստաթղթային ձեւակերպումներից: Ամեն դեպքում, խնդիրը պարզվել է և կա ցանկություն երկուստեք շտկումներ կատարել : Բարի լինենք ..

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պետական եկամուտների կոմիտեից անհասկանալի ձևակերպումներով գրություն էր ստացել. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջապահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Աջապահյանը։

Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:

Բանն այն է, որ եկեղեցին տնօրեն չի ունենում, Շիրակի թեմն ունի առաջնորդ, այլ ոչ  տնօրեն, նաեւ արդեն 31 տարի է՝ Գեւորգ Աջապահյանի ավազանի անունը փոխված է եւ նա Միքայել Աջապահյանն է: Բացի այդ, ազգանունը գրվել է վրիպակով՝ Աջսպահյան՝ Աջապահյանի փոխարեն եւ Շիրակի թեմն էլ հասարակական կազմակերպություն չէ, ոչ էլ իրավաբանական անձ: Նամակում սխալ է գրված նաեւ բնակության հասցեն, քանի որ Մայիսյան Ապստամբության փողոց Գյումրիում չկա արդեն 30 տարի:




Լրահոս