ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի շրջանակներում իրականացվող
մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։
Արդեն 5-րդ անգամ անցկացվող այս նախաձեռնությունը հնարավորություն է
տալիս հայաստանյան նորաստեղծ ստարտափներին իրենց գաղափարներն ու ծրագրերը
ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հռչակ վայելող
ընկերությունների ներկայացուցիչներին։
HIVE 5-րդ սամիթին մասնակցելու, հաջողության բանաձևով կիսվելու, իրենց
հեղինակավոր գնահատականը նրանց գործունեությանը տալու համար Սիլիկոնյան
հովտից Հայաստան են ժամանել Սիլիկոնյան հովտի 20 հայտնի ընկերությունների
ներկայացուցիչներ։
Հաղթող ընկերության անունը հայտարարելու պատիվը տրվել է նախարար Հակոբ
Արշակյանին։
Նախարարը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է Հայաստանում բիզնես
սկսելու, իրենց մասնաճյուղերը բացելու մասին նախաձեռնություններին։
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության և Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարության կողմից կան հստակ գործառույթներ՝
աջակցելու ոչ միայն տեղական, այլև Սփյուռքի և այլ երկրների տեխնոլոգիական
ոլորտի այն կազմակերպություններին, որոնք իրենց մասնաճյուղերն են բացում
Հայաստանում։
Նախարարը շեշտել է նաև որակյալ կրթության անհրաժեշտությունը։ Նա նշել է,
որ կրթական, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով համալսարաններում
թրեյնինգներ կանկացնեն ոլորտի լավագույն մասնագետները, որպեսզի ուսանողները
ավարտելուց հետո արդեն սկսեն աշխատել։
Հակոբ Արշակյանը խոսել է նաև բիզնես հմտությունների ձեռքբերման և
զարգացման մասին։Նա նշել է, որ բիզնեսի կազմակերպման և կառավարման
հմտությունները լավ զարգացած չեն Հայաստանում։ Բայց սովորելով և Սփյուռքի
ներուժը ներգրավելով այդ գործընթացում՝ կարող ենք զարգացնել այդ
հմտությունները նույնպես։
Նախարարն իր ելույթն ավարտել է՝ հայտարարելով այն ստարտափի անունը, որը
խստապահանջ ժյուրիին կարողացել է վստահեցնել, որ պետք է հենց իր
ընկերության համար ներդրում կատարի։
«HIVE Ventures Tech 2019» սամիթի հաղթող է ճանաչվել «Wire Stock» ստարտափ
ընկերությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն