ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձնամաքրման աշխատանքների համար կպահանջվի շուրջ 30, իսկ սանմաքրման համար՝ 17 միավոր տեխնիկա. քաղաքապետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղբը Երեւանի փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի:

Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Կեսգիշերն անց, երբ հանդարտվում է մեքենաների ու հետիոտնի անցուդարձը, իրենց աշխատանքն են սկսում քաղաքի մաքրուհիները: Մինչեւ լուսաբաց ձգվող աշխատանքն ունի իր բարդությունները: Պողոտաներ, փողոցներ ու բակեր. անելիքը շատ է, երբեմն նաեւ՝ ոչ անվտանգ:

Թեեւ քաղաքի մաքրությամբ զբաղվող աշխատակիցները կրում են լուսաանդրադարձիչ հատուկ համազգեստ, երբեմն լինում են վրաերթի դեպքեր: Այս հարցում անչափ կարեւոր է վարորդների զգոնությունը:

2019թ. օգոստոսի վերջից Երեւանում աղբահանության եւ սանիտարական, ինչպես նաեւ ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նախորդ ամիսներից սկսած՝ քաղաքի մաքրության գործընթացը տապալած մասնավոր օպերատորի ձախողումների հետեւանքով քաղաքի արտաքին տեսքը, մեղմ ասած, անմխիթար դարձավ: Ստեղծված իրավիճակն ու «Սանիթեքի» վարքագիծը պատճառ դարձան, որ քայլեր ձեռնարկվեն նաեւ այդ ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարումն ու ընդհանրապես, դրանց կնքման օրինականությունը ստուգելու ուղղությամբ: Արդյունքը երկար սպասել չտվեց:

«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նորաստեղծ հիմնարկի աշխատակազմից հսկայական ջանք ու կենտրոնացում պահանջվեց՝ նվազ ռեսուրսներով, արտակարգ պայմաններում քաղաքը աղբից մաքրելու գործը հունի մեջ գցելու համար:

«Մեծ քանակությամբ աղբի գեներացված կույտեր կային, որոնք շատ դժվարությամբ մեր բանվորների ուժերով հանեցինք: Բավականին սեղմ ժամկետում կարողացանք այս ճգնաժամից դուրս գալ»,- նշել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Համայնքային հիմնարկում այս պահին տեխնիկայի եւ աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը մեր փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: Ձնամաքրման աշխատանքների կազմակերպման համար էլ կպահանջվի շուրջ 30, իսկ սանմաքրման համար՝ 17 միավոր տեխնիկա:

Նկարահանումների ընթացքում հանդիպեցինք նաեւ այսպիսի տեսարանի. մի կողմից աշխատակիցները մաքրում են քաղաքը, մյուս կողմից՝ քաղաքացին ավտոմեքենայից դուրս է նետում աղբը:

«Մինչեւ այս վիճակը չհաղթահարենք, տուգանքներ չկիրառենք, մեր քաղաքի մաքրությունը լիարժեք չենք տեսնի»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Երեւանը մաքուր պահելու եւ բարելավված քաղաքային միջավայր ձեւավորելու հարցում անչափ կարեւոր է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքը մայրաքաղաքի հանդեպ: Ամեն անգամ մեքենայի լուսամուտից աղբը նետելիս հիշեք, որ հարյուրավոր աշխատակիցներ անում են ամեն ինչ, որ արդեն առավոտյան Երեւանը մաքուր դիմավորի ձեզ:

Մայրաքաղաքի աղբահանության և սանմաքրման մասին

Մայրաքաղաքի աղբահանության և սանմաքրման մասին

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Montag, 7. Oktober 2019




Լրահոս