ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհողություններ աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենից՝ հանուն Հայաստանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում կայացավ ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019 Yerevan) պաշտոնական բացման համերգը։ Համերգին ելույթ ունեցան WCIT սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ տրանս երաժշտության առաջատար DJ եւ պրոդյուսեր, հանրահայտ Արմին վան Բյուրենը։

Նվագախումբը ներկայացրեց 15 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա ցուցադրվեցին երկրները խորհրդանշող պրոյեկցիոն տեսարաններ: Համերգի վիզուալիզացիան համալրվեց 3D անիմացիաներով, աննախադեպ լուսային, ձայնային եւ վիզուալ էֆեկտներով:

«Մեցցո Պրոդաքշնի» տնօրեն Անի Սաղոյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ Արմին վան Բյուրենը նախատեսել էր այդ օրը մասնակցել մեկ այլ մասշտաբային միջոցառման, սակայն գրաֆիկում փոփոխություններ է կատարել Հայաստան գալու համար. «Դիջեյին հրավիրելու առաջարկը «Մեցցո»-ն է արել, եւ այն ընդունվել է ընդհանուր խորհրդի կողմից: Այն էմոցիաները, որ գերիշխում էին Հանրապետության հրապարակում, իհարկե, սպասելի էին: Ի հեճուկս այն մտավախությունների, որ դիջեյի ու դասական երաժշտության լսարանները կարող էին չմեկտեղվել, միեւնույնն է, երկուսի լսարանի համար էլ համերգն ընկալելի էր, երկուսի սիրահարներն էլ իրենց համար բացահայտեցին նորը»:

Երգահան, երաժիշտ Գիսանե Պալյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Հանրապետության հրապարակի համերգն աննախադեպ իրադարձություն էր եւ կազմակերպված էր ամենաբարձր մակարդակով. «Կազմակերպիչներին կարելի է միայն գովեստի խոսքեր ասել: Համերգն, իսկապես, համապատասխանում էր միջազգային ստանդարտներին թե՛ բեմադրության, թե՛ լուսային եւ ձայնային շոուի առումներով: Այնքան մեծ հպարտություն ապրեցինք բոլորս… Հուսով եմ՝ այսուհետ միայն այս մակարդակի միջոցառումներ կներկայացնենք հանրությանը»:

«Մեր շատ սիրելի արհեստական բանականության ստեղծագործության մեջ հոգի չկար: Համենայնդեպս, առայժմ…»,-նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը: Երգիչ, երգահան Վահան Արծրունին այն կարծիքին է, որ այս պարագայում հոգի պետք չէ որոնել. «Այդտեղ հոգի փնտրել պետք չէ: Գործ ունեինք տեխնոլոգիական հնարքի հետ, որը շատ հետաքրքիր էր: Ես նույնկերպ վերաբերվում եմ շախմատային որոշ խաղերի, օրինակ, երբ Կասպարովը խաղում է համակարգչի հետ»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց երգահանը:

Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն էլ ներկա է եղել համերգին եւ բավական տպավորված է. «Շատ լավ համերգ էր, ամեն բան շատ տեղին էր, իսկապես լավ աշխատանք էր տարված: Միայն մի բանի համար եմ ափսոսում, որ տեխնիկան, ցավոք, մերը չէր: Ես` որպես տեխնիկայի դիստրիբյուտոր ընկերության ներկայացուցիչ, պատրաստ եմ հնարավորինս էժան գնով համապատասխան տեխնիկան բերել մեր պետության համար, պատրաստել մասնագետներ եւ նմանատիպ շոուներ ներկայացնել մեր ժողովրդին: Ուզում եմ այդ առաջարկն անել մեր կառավարությանը: Արժե դրա մասին մտածել»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Պետրոսյանը:
Հավելենք, որ ամերիկյան ամենահայտնի ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կմասնակցի WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության եւ արվեստի վրա» թեմայով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս