Հարգելի կանայք, Ձեր մեջ խոսում է նախանձը՝ գեղեցիկ և հարուստ կնոջ հանդեպ. Ջուսը՝ Քարդաշյանին քննադատողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան շատ մեծ PR է Հայաստանի համար: Նրան հետեւում են միլիոնավոր մարդիկ, որոնք իմանում են Հայաստանի մասին, որոնողական համակարգերում փնտրում են մեր երկրի անունը, դրա արդյունքում զարգանում է զբոսաշրջությունը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Ջուսը:

Իսկ բոլոր այն տղամարդկանց եւ կանանց, որոնք օնլայն տիրույթում վատաբանում են Քարդաշյանին եւ անվանում նրան «պոռնոաստղ, որն իրավունք չուներ մտնելու Էջմիածին» (Քիմ եւ Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին), Ջուսը պատասխանեց. «Հարգելի՛ կանայք, Ձեր մեջ խոսում է նախանձը հայտնի, գեղեցիկ եւ հարուստ կնոջ հանդեպ, իսկ դուք` տղամարդիկ, զարմանալի է, որ կարող եք կնոջը փնովել, ամոթ է ուղղակի»:

Ջուսը կարծիք հայտնեց, որ Քարդաշյանը Հայաստանի համար այցեքարտ է, եւ այդ հանգամանքից պետք է կարողանալ օգտվել. «Հատկապես այն, որ Քարդաշյանը պատրաստվում է ներդրումներ անել մեր երկրում, արդեն մեծ բան է»,-նկատեց նա:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը` որպես հատուկ զեկուցող, ելույթ է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։

«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը` որպես սոցցանցերում ամենաշատ հետեւորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Քարդաշյանը մտածում է, թե ինչպես նպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ «Երկու շաբաթից գնում եմ Հայաստան։ Մտածում եմ` ինչպես օգնեմ առեւտրային ոլորտը զարգացնելու եւ հայերի համար նոր աշխատեղեր բացելու, ինչպես նաեւ @skims արտադրանքի առաջխաղացման հարցում»,– Twitter–ում գրել է նա։

Skims ներքնազգեստի ապրանքանիշը Քիմը գործարկել է վերջերս։ Ներկայացնելով ապրանքանիշի փիլիսոփայությունը` նա նշել է, որ նպատակ ունի որակյալ ներքնազգեստը հասանելի դարձնել սոցիալական բոլոր շերտերի համար։
Պատասխան թվիթներում Քիմին շնորհակալություն են հայտնել Հայաստանն աշխարհում հանրահռչակելու համար։

Աննա Բաբաջանյան




Լրահոս