Տուրիստականները` ընդդեմ կառավարության հիմնադրած ընկերության. նախկին իշխանության մենաշնորհի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 3 տարի է, ինչ Հայաստանի պետական կառավարման մարմինները ավիատոմսերը գնում են հատուկ այդ նպատակով ստեղծված govtravel.am ինտերնետային կայքի միջոցով:

Նշենք, որ դեռեւս 2016 թվականի սեպտեմբերի 22-ին Կարեն Կարապետյանի կառավարության թիվ 982-Ն որոշմամբ ստեղծվեց ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուրը` էլեկտրոնային միասնական հարթակը` www.govtravel.am կայքը: govtravel.am ինտերնետային կայքի, այսպես կոչված, տերը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն է (ԷԿԵՆԳ): Նշված ընկերության հիմնադիրն ու սեփականատերը ՀՀ կառավարությունն է:

Այս որոշման նախագիծը ներկայացնելիս Դավիթ Հարությունյանը (2016 թվականին նա ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր) հավաստիացրել էր, թե, իբր, նոր համակարգի միջոցով հնարավոր կլինի պետական կառավարման համակարգի պաշտոնյաների համար ավիատոմսերն ավելի էժան գնել, քան մինչ այդ էր, սակայն պատկերը հակառակն է: Բանն այն է, որ govtravel.am-ից ավիատոմս գնելու պայմանների մեջ հստակ նշված է, որ բոլոր ավիատոմսերի ամրագրումների ինքնարժեքին գումարվում է գործակալի կոմիսիոն վճար` 5 տոկոս:

Ավելին, պետական մարմինների աշխատակիցները մասնավոր զրույցներում պնդում են, որ ավիատոմսերի ձեռքբերման հարթակը ոչ միայն անհարմար է, այլեւ բավականին թանկ են, քան առաջարկում են համանման ուղղության ավիատոմսեր տուրիստական ընկերությունները, ավիափողադրողները:

Պարզվում է`ԷԿԵՆԳ-ը լուրջ խնդիրներ է առաջացրել տուրիստական ընկերությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած տուրընկերությունները նշեցին, որ իրենք արդեն 3 տարի է` չեն կարողանում մասնակցել պետական գնումներին:

Օրինակ` «Պեգաս Թրավել Քլաբ» ընկերության տնօրեն Ռուզան Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, արձագանքեց. «3 տարի տուրիստական ընկերութունները զրկվել են ավիատոմսերի ձեռքբերման գնումների ընթացակարգին մասնակցելուց, իսկ պետությունը` հնարավոր էժան ավիատոմսեր ձեռք բերելուց: Ոլորտի զարգացման եւ արդար մրցակցային պայմաններ ապահովելու համար առաջարկում եմ վերանայել իրավական ակտի խոչընդոտող դրույթը կամ ուժը կորցրած ճանաչել: Խնդրի առնչությամբ բազմաթիվ տուրիստական ընկերություներ պատրաստ են մասնակցել քննարկումների եւ ներկայացնել առաջարկներ»:

Մեր զրուցակցի խոսքով` Կարեն Կարապետյանի կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու փոխարեն մեկ որոշմամբ մենաշնորհ է ստեղծել: «Տարիներ շարունակ ժամանակ առ ժամանակ մասնակցել ենք պետական գնումներին, որովհետեւ ոչ մի պետական մարմին առանց մրցույթի ավիատոմսեր չէր գնում: Իսկ հաղթող ճանաչվում էր այն ընկերությունը, որը տրամադրում էր ամենացածր արժեքը:

Իսկ այս դեպքում հնարավորությունները քիչ են ու սահմանափակ: Իրականում պետության վրա էժան չեն նստում ավիատոմսերը: Խմբերի դեպքում իրենք չեն կարողանում սպասարկել. երաժշտական գործիքների ժամանակ խնդիրներ են առաջանում:

Պետական մարմիններում աշխատողները, որոնք այդ գնումներով են զբաղվում, վախենում են բարձրաձայնել այս խնդրի մասին: Օրինակ, հարցումը գալիս է, ընդունենք` ես տվել եմ 274 հազար դրամ, ԷԿԵՆԳ-ը 350 հազար դրամ գին է տալիս, պատկերացրեք, 30 հոգանոց խմբի դեպքում մեծ գումար է ստացվում: 3 տարի մենք զրկված ենք պետական այդ համակարգից օգտվելուց: Ամբողջ մի ոլորտի թեեւրը կտրեցին»,- նկատեց Ռուզան Հակոբյանը:

Ի դեպ, ընկերության տնօրենն այս խնդրի շուրջ դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: Ընդ որում, «Պեգաս Թրավել Քլաբ»-ի տնօրեն Ռուզան Հակոբյանը մինչ Էկոնոմիկայի նախարարություն դիմելը նամակ է ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից մերժում է ստացել:

Հանձնաժողովից խորհուրդ են տվել դիմել կառավարություն: Սակայն այսքանով տնօրենը չի սահմանափակվել եւ դիմել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Դարձյալ անարձագանք: Տնօրենը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ պատկան կառույցներն առաջիկայում քննարկում կկազմակերպեն, որին կկարողանան մասնակցել նաեւ տուրիստական ընկերությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հետաքրքրվեց ընկերության խնդրանքը մերժելու պատճառների մասին: Պարզվում է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրություն: Հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ ընկերությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, կտեղեկացնեն արդյունքների մասին: Դե ինչ, մենք եւս կսպասենք արդյունքներին:

Չէ՞ որ նախկին կառավարությունն ընդամենը մեկ որոշմամբ տարեկան մի քանի միլիարդ դրամի մենաշնորհ էր ստեղծել. պետական կառավարման մարմինների պաշտոնյաների եւ աշխատակիցների գործուղումների ավիատոմսերի համար տարեկան ծախսվում է մի քանի միլիարդ դրամ:

Նախկինում այդ գումարը բաշխվում էր Հայաստանում գործող մոտ մեկ տասնյակ ավիաընկերությունների միջեւ, որոնցից ոմանք մասնագիտացել էին հատկապես պետական կառույցներին ավիատոմսեր մատակարարելու գործում: Բնականաբար, այդ գնումները բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում, որոնք հաղթահարելու անվան տակ էլ նոր համակարգը ներդրվեց: Սակայն իրականությունն այն է, որ մենաշնորհը ստեղծելով` կոռուպցիոն ռիսկը ոչ թե վերացվեց, այլ պարզապես «հստակեցվեց»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս